Նորություններ
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ)
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ)
12.03.2019

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է «Պապանիկոլաուի քսուկ» կամ «Պապ-թեստ»:


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երիտասարդ կենսաբան Գեորգիոս Պապանիկոլաուն դուր չեկավ իր ապագա աներոջը՝ գնդապետ Անդրոգենիին:  Առաջին հերթին, գնդապետի դուստրը՝ Անդրոմաքեն, սիրահարված էր այդ Գեորգիոսին և ցանկանում էր ծանոթությունից անմիջապես հետո նրա հետ շուտափույթ ամուսնանալ՝առանց հոր կարծիքը հարցնելու: Երկրորդ հերթին, Պապանիկոլաուն բժշկի որդի էր և Աթենքում ավարտել էր բժշկական ֆակուլտետը, սակայն բժիշկ չէր ուզում դառնալ: Նա գնաց Գերմանիա, Վայսմանի մոտ սովորեց ինչ-որ գենետիկա .և այդ ուղղությամբ ատենախոսություն պաշտպանեց: Հունաստանում գենետիկան չէր կարող ընտանիք կերակրել: Ի վերջո, այն պարզապես անհավասար ամուսնություն էր: Գնդապետը զինված ուժերի բարձրագույն ղեկավարման անդամ էր, իսկ անգործ կենսաբանն Էբվեյ կղզուց չէր կարող նրա դստեր համար զույգ լինել:


Թեև գնդապետը ոչ օրհնել էր ամուսնությունը, ոչ էլ օժիտ էր տվել, այնուամենայնիվ դստերն անհրաժեշտ էր ապահովել, և ցանկալի էր դա անել այնպես, որ վերջինս հազվադեպ տեսակցեր ամուսնու հետ: Օգտագործելով իր կապերը հունական պալատում՝ Անդրոգենին փեսային տեղավորում է Մոնակոյի իշխան Ալբեր I-ի արշավախմբում՝ որպես ֆիզիոլոգ:  Տարօրինակ իշխանը օվկիանոսագետ էր, տարվա մեջ 10 ամիս նա ծովում էր իր գիտահետազոտական զբոսանավով, Պապանիկոլաուն էլ նրա հետ էր՝ առանց կնոջ:  .


Սակայն Գեորգիոսի համար «Իրոնդել-II»  զբոսանավով արշավները դարձան նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը: Նա ուսումնասիրում էր Կանարյան կղզիների մոտակայքում ծովի բնակիչների գենետիկան, իսկ գործատու Ալբեր I-ը նրան ամեն ինչում վստահում էր: Վերջինս մեծ դժկամությամբ բաց թողեց Գեորգիոսին, ով ստիպված էր պատերազմ գնալ: 

 

Դա առաջին Բալկանյան պատերազմն էր, երբ Հունաստանը, Բուլղարիան, Սերբիան և Չեռնոգորիան պայմանավորվեցին թուրքերին վտարել Եվրոպայից և Թուրքիայի ողջ եվրոպական տիրապետությունը բաժանել միմյանց մեջ: Պապանիկոլաուն որպես բժիշկ մտավ զինվորական նավ: Հույն նավաստիներն այդ պատերազմում վտարեցին թուրքական նավատորմը Էգեյան ծովից և պատրաստվում էին ռմբակոծել Ստամբուլը, երբ դաշնակիցների միջև տարաձայնություններ սկսվեցին: Օրինակ, հույները վերցրել էին Սալոնիկը և այդ կարևորագույն արդյունաբերական քաղաքը միացրել էին իրենց թագավորությանը, իսկ բուլղարացիները փորձել էին կազմակերպել Սալոնիկի հանձնումը նրանց, որպեսզի հետո վերցնեն իրենց: Ամեն ինչ տանում էր Բուլղարիայի հետ պատերազմի:   Հավատքի եղբայրներ բուլղարացիների հետ Պապանիկոլաուն բացարձակապես չէր ուզում պատերազմել: Նավատորմում ամերիկացի կամավորների մեջ նա ընկերներ ուներ, ովքեր Հունաստանի նախկին քաղաքացիներ էին, արտգաղթել էին ԱՄՆ, իսկ հիմա եկել էին հայրենիքին օգնության: Նրանք նույնպես բուլղարացիների հետ չէին պատրաստվում պատերազմել և հեռանում էին՝ կոչ անելով Պապանիկոլաուին գնալ իրենց հետ: Եվ ահա, 1913 թվականին՝ խաղաղության հաստատումից հետո, Գեորգիոսը գնաց Նյու-Յորք՝ իր հետ վերցնելով կնոջը:

 



Նորաթուխ գաղթականներ Գեորգիոս Պապանիկոլաուն(1883-1962) և նրա կինը՝ Անդրոմաքեն, 1913 թվականին  նավից Նյու-Յորք իջան՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի քանի դոլար:


Քանի որ Ամերիկայում ոչ ոք չէր կարող արտասանել մեր հերոսների ոչ անունը, ոչ էլ ազգանունը, Անդրոմաքեն դարձավ Մերի, իսկ Գեորգիոսը խնդրեց իրեն անվանել «բժիշկ Պապ»: Հունական դիպլոմով և առանց լեզվի իմացության նա բժիշկ չէր կարող աշխատել: Մի քանի ամիս կնոջ հետ հագուստի խանութում վաճառող աշխատեցին, իսկ երեկոները Գեորգիոսը ռեստորանում ջութակ էր նվագում:  Ապա զինակից ընկերները նրան տեղավորեցին ողջ Ամերիկայում միակ հունական «Ատլանտիս» պարբերականում՝ գիտական թղթակցի պաշտոնում: Պապանիկոլաուն  կապակցված գեների մասին հարցազրույց վերցրեց Թոմաս Հանտ Մորգանից: Տարբեր երկրների գիտնականները միմյանց ազգանուններով ճանաչում են: Եվ Մորգանը լրագրողին հարցրեց, թե արդյոք նա գենետիկայի մասին հոդվածներ գրող Պապանիկոլաուի ազգականը չէ: 


Լսելով, որ թղթակիցը հենց Պապանիկոլաուն է, Մորգանի միջնորդությամբ նա ընդունվեց Կոռնելյան համալսարանի կլինիկական հիվանդանոցի ախտաբանության լաբորատորիա:  Այնտեղ ղեկավարը հույն կենսաբանին հանձնարարեց ուսումնասիրել ալկոհոլի ազդեցությունը ծովախոզուկների վրա: Նրան թույլատրեցին մի քանի կենդանի վերցնել սեփական փորձարկումների համար: Քանի որ Գեորգիոսը քրոմոսոմներն էր ուսումնասիրում, նրան պետք էին այնպիսի ծովախոզուկներ, ում մոտ ձվազատում էր տեղի ունենում: Այլ լաբորատորիաներում 50 կենդանի էր սպանվում, որպեսզի վերցվեր միակ ձվազատող ծովախոզուկը: Այդպիսի ռեսուրսների մասին Պապանիկոլաուն նույնիսկ չէր էլ երազել: Նա իրեն չէր կարող նույնիսկ մեկ բաց թողում թույլ տալ: Նա մտածեց, որ հավանաբար ցիկլի տարբեր օրերին հեշտոցի և արգանդի էպիթելի բջիջների բաղադրությունը տարբեր կլինի: .Գեորգիոսը սկսեց ծովախոզուկների հեշտոցից քսուկ վերցնել՝ կիրառելով քիթ-կոկորդ-ականջաբանի գործիքը՝ քթային հայելին: Այդ զոնդով էպիթելից անջատելով ռեզերվային բջիջները (ըստ Պապանիկոլաուի «էքսֆոլյատիվ» բջիջները)՝ հնարավոր էր դրանք ուսումնասիրել մանրադիտակի տակ և հստակ որոշել ձվազատման օրը: Սակայն, քանի որ սա ծովախոզուկների մոտ աշխատում էր, կարելի էր նմանատիպ մանիպուլյացիա իրականացնել կանանց մոտ՝ էնդոկրին փոփոխություններին հետևելու համար: 


Ծովախոզուկների և մարդու սեռական օրգանների կառուցվածքը խիստ տարբերվում է: Կանանց արգանդի վզիկի և հեշտոցի մակերևույթից բջիջներ վերցնելու համար անհրաժեշտ էր այլ կառուցվածքի զոնդ՝ առանձնահատուկ խոզանակ: Այդպիսի զոնդ Պապանիկոլաուն մշակեց իր կնոջ՝Անդրոմաքեի, այսինքն Մերիի վրա: Նա դուրս եկավ խանութից և սկսեց օգնել ամուսնուն լաբորատորիայում, այլ լաբորանտներ նա չէր կարող ունենալ: 1923 թվականին քննության նոր անցավ և անվնաս եղանակը պատրաստ էր: 


Կլինիկայում հսկայական քանակությամբ անալիզներ վերցվեցին: Պապանիկոլաուն սովորական քսուկին ավելացնելով իր ֆլորան՝ հարյուրավոր կանանց նյութ ստացավ: Եվ այդ քսուկներից մեկում բացարձակապես պատահաբար քաղցկեղային բջիջներ հայտնաբերվեցին: Հիվանդը արգանդի վզիկի ուռուցքային ախտաբանության որևէ ախտանիշ չուներ: Ըստ երևույթին, քաղցկեղային բջիջները դեռևս նոր էին առաջացել էպիթելում, ուռուցքը դեռ հյուսվածքների մեջ չէր խորացել:  Այս փուլում  քաղցկեղը հնարավոր էր կանգնեցնել առանց վիրահատության:


Այն ժամանակներում արգանդի վզիկի քաղցկեղը հանդիսանում էր ամենատարածված չարորակ ուռուցքը ՝ հատկապես անապահով կանանց շրջանում: Նրանք շատ հազվադեպ էին հետազոտվում, իսկ եթե քաղցկեղ էր հայտնաբերվում, ապա այն սովորաբար լինում էր ոչ վիրահատելի շրջանում:


Պապանիկոլաուն զգում էր, որ հսկայական հաջողություն է իրեն սպասվում: Ուսումնասիրելով հարյուրավոր դեպքեր՝ նա զեկույց պատրաստեց պարզ և մատչելի քսուկի օգնությամբ կանանց սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման հնարավորության մասին: 1928 թվականի հունվարի 5-ի ելույթն ուղեկցվում էր լուսանկարահանումներով և աննախադեպ ծավալուն էր և եռանդուն: Սա հայտնագործության մասին պատմությունն էր:   Ցավոք նրա հեղինակը համարվում էր երկրորդ կարգի հետազոտող, և կոնֆերանսը նույնպես երկրորդ կարգի էր, այն նվիրված էր «մարդկային ռասայի բարելավման հարցերին»: Այստեղ էին  եկել «հրաշագործներ», ովքեր կիսվում էին առողջ կենսակերպի և եվգենիկայի մասին իրենց գիելիքներով: Պապանիկոլաուն նրանց մեջ սպիտակ ագռավ էր հիշեցնում:
Գինեկոլոգիայի լուսատուները նկատեցին նրա զեկույցը, սակայն նրանք հավատում էին միայն բիոպսիային, որը երաշխավորված հայտնաբերում է ուռուցքը:  Ոռուցքին հասունանալ թույլ չտալու միտքը նրանց վայրի էր թվում: Ցավոք, այդպես էր մտածում նաև Պապանիկոլաուի ղեկավարը, որը կարգադրեց ավարտել քսուկի հետ կապված բոլոր աշխատանքները և շարունակել զբաղվել ծովախոզուկներով:  Մեր հերոսը միայն արտաքնապես ենթարկվեց. նա շարունակում էր թաքուն քսուկներ վերցնել՝ կատարելագործելով պրեպարատների ներկման եղանակը: Պապանիկոլաուն պարզապես սպասում էր մինչև իր ղեկավարը թոշակի գնար: 1939 թվականին այն վերջապես տեղի ունեցավ:  Նոր ղեկավարը «հունական նախաձեռնության մեջ» առևտրային ներուժ տեսավ և քսուկների վրա աշխատանքի համար իսկական գինեկոլոգների թիմ տրամադրեց:  Նրանք Նյու-Յորքի բոլոր կանանց համոզեցին «Պապ թեստ» անել, պարզության համար այդպես էին կոչում Պապանիկոլաուի քսուկը: Հայտնաբերվեց, որ 95% դեպքերում այն հայտնաբերում  է վաղ ուռուցքային ախտաբանությունը: Դրա շնորհիվ արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը կտրուկ իջավ 70%-ով (XX դարի վերջին՝ 14 անգամ): Պապանիկոլաուն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ: 1957 թվականին ներդրողները պատրաստ էին նրան գումար տրամադրել՝ քաղցկեղի դեմ պայքարի ինստիտուտ ստեղծելու համար, որը պետք է նրա անունով կոչվեր:  


Այդ բոլոր տարիներին Պապանիկոլաուն երազում էր Հունաստանում ինստիտուտ հիմնել: Առաջին հերթին նա ուղևորվեց Աթենք հետախուզության և չճանաչեց իր հայրենիքը: Կադրերի հետ կապված խնդիրներ կային:  Հետպատերազմական Հունաստանում բնակվում էին մարդիկ, ովքեր աշխատելու բացարձակ ցանկություն չունեին և համաձայն էին աշխատել միայն ղեկավար պաշտոններում: Բացի այդ քաղաքական վիճակը Հունաստանում ծայրահեղ անկայուն էր: Ցանկացած պահին իշխանությունը կարող էին խլել կոմունիստները կամ զինվորական խունտան:  Առաջին հերթին ինստիտուտը կազգայնացնեին, ապա տնօրեն կնշանակեին գնդապետ Անդրոգենիի նման մեկին, այդ դեպքում ամեն ինչ կորած կլիներ:


Մյուս տարբերակը Փարիզն էր, սակայն այնտեղ էլ գիտաշխատողների որակը չէր բավարարում աշխատասեր Պապանիկոլաուին: Որոշ ափսոսանքով նա վերադարձավ Ամերիկա և իր ինստիտուտը հիմնեց Մայամիում:  Մինչև օրերս բարգավաճող այդ հաստատության բացումից մեկ ամիս հետո «բժիշկ Պապը» ինֆարկտից մահացավ: Նա չհասցրեց Նոբելյան մրցանակ ստանալ, որի համար նրան արդեն ներկայացրել էին:


Մինչև Պապ-թեստը արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով 100 հազ. կնոջից 14-ը մահանում էր, իսկ հիմա այդ թիվը մեկից քիչ է: Աշխարհում մի քանի հարյուր միլիոն մարդ կանոնավոր հանձնում է Պապանիկոլաուի քսուկը, և մի քանի տասնյակ հազար կին իրենց կյանքով պարտական են հույն գենետիկին, ով սկզբում պարզապես ցանկանում էր խնայել ծովախոզուկներին:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր