Նորություններ
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար
11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն են: Այնուամենայնիվ, «ըստ մեծության` երկրորդ թշնամուն» պետք է դեմքով ճանաչել, որպեսզի բժշկին ժամանակին դիմել ՝ օգնության համար:


Նոր ախտորոշված քաղցկեղների մեծ մասը կարելի է բուժել, ընդ որում, որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան վերջինիս հաղթահարման շանսերն ավելի մեծ են: Հարկ է հիշել, որ քաղցկեղի շատ տեսակներ սկզբնական շրջանում անախտանիշ են զարգանում, սակայն հիվանդությունը հատկապես վտանգավոր է դառնում, երբ արհամարհվում են հիվանդության դրսևորումները, քանի որ դրանք չեն ընկալվում որպես քաղցկեղը վկայող ախտանիշ: Այդ պատճառով որոշ ախտանիշների առաջացման կամ երկար պահպանման դեպքում անհրաժեշտ է դիմել ուռուցքաբանի խորհրդատվության` ուռուցքային հիվանդությունը բացառելու նպատակով:


Որո՞նք են քաղցկեղի գլխավոր ախտանիշներն ու նշանները

•    Մշտական հազ
Այն թոքերի, գլխի և պարանոցի քաղցկեղի նշան է: Եթե հազը տևում է ամսից ավելի կամ լորձի մեջ արյան բծեր կան, անհրաժեշտ է դիմել բժշկի:


•    Աղիների գործունեության խանգարում
Գանգատներից ցանկացածի դեպքում, որը տևում է մի քանի օր և հնարավոր չէ բացատրել սննդակարգի փոփոխություններով, հարկ է դիմել բժշկի, այդ թվում կղանքի ձևի փոփոխության, լուծի, փորկապության կամ մշտական կանչերի դեպքում:


•    Կղանքում` արյուն
Հիմնականում այս նշանը բացատրվում է թութքով, սակայն անհրաժեշտ է հետազոտվել՝ աղիների քաղցկեղը բացառելու համար:


•    Անբացատրելի սակավարյունություն (ցածր հեմոգլոբին և էրիթրոցիտներ)
Քաղցկեղի շատ տեսակներ կարող են սակավարյունություն առաջացնել, սակայն հաճախ այդպես դրսևորվում է աղիների և ստամոքսի քաղցկեղը, ուստի սակավարյունության պատճառների որոնման դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա:  


•    Կրծքում կարծրացումների առաջացում կամ պտուկից` արտադրություն
Կրծքում կարծրացումների մեծ մասը բարորակ է: Սակայն ցանկացած նորագոյացություն պետք է հետազոտվի:
Եթե պտուկից արտադրություն կա կամ վերջինիս գույնը արյուն է հիշեցնում, խորհուրդ է տրվում անպայման դիմել բժշկի:


•    Կարծրացումներ` ամորձիներում
Ամորձիներում անցավ կամ տհաճ ուռուցքը կարող է չարորակ լինել: Հարկ է դիմել բժշկի նաև այն դեպքում, երբ ամորձիներից մեկը փոխվել է չափերով:


•    Միզարձակման խանգարումներ
Հաճախացած միզարձակումը, քիչ քանակությամբ մեզը և միզապարկի ֆունկցիայի փոփոխությունը հաճախ միզատար ուղիների վարակի ախտանիշ են, սակայն  կարող են վկայել նաև քաղցկեղի մասին:
Հաճախացած միզարձակումը տղամարդկանց մոտ կարող է լինել շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշ:


•    Արյուն մեզի մեջ
Արյունամիզություն կարող է առաջանալ միզուղիների վարակի, երիկամներում` քարի, և այլ պատճառների հետևանքով: Սակայն մեզի մեջ արյան ցանկացած դրսևորում լուրջ հետազոտվելու պատճառ է: Որոշ մարդկանց մոտ այն միզապարկի կամ երիկամների քաղցկեղի ախտանիշ է:


•    Խռպոտություն
Ձայնի փոփոխությունը, որը շնչառական վարակի հետևանքով չի առաջացել կամ շարունակվում է ավելի քան երեք-չորս շաբաթ, կարող է լինել կոկորդի քաղցկեղի առաջին նշանը:


•    Ավշային հանգույցների մեծացում
Հիմնականում ավշային հանգույցները մեծանում են տարած հիվանդություններից հետո: Սակայն, եթե ավշային հանգույցը (կամ հանգույցների խումբը) մեծացած մնում են 3-4 շաբաթ և ավելի, անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել:


•    Գորտնուկի կամ խալի արտաքին տեսքի փոփոխություն
Գույնի, չափերի փոփոխությունը, անհավասար եզրերը, մաշկի թեփոտումը կամ արյան արտազատումը կարող են խոսել չարորակ գոյացության մասին: Խորհուրդ է տրվում դերմատոսկոպիայի իրականացում և օնկոդերմատոլոգի խորհրդատվություն: Այդպիսի գոյացությունները կոսմետոլոգիական կաբինետներում լազերով հեռացնել չի կարելի:


•    Կլման դժվարություններ
Դժվարացած կլման ակտը տարածված խնդիր է` հատկապես տարեցների մոտ, և ունի բազմաթիվ պատճառներ: Սակայն խորհուրդ է տրվում գաստրոսկոպիայի իրականացում՝ կերակրափողի քաղցկեղը բացառելու նպատակով:


•    Կանանց մոտ` արյունահոսություն կամ արտասովոր արտադրություն
Արյունահոսությունը (հատկապես դաշտանադադարի ժամանակ), սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրությունը, արտադրության ծավալի ավելացումն ու երկարատևությունը կարող գինեկոլոգիական լուրջ հիվանդությունների նշաններ լինել: Պահանջվում է գինեկոլոգի կամ օնկոգինեկոլոգի պարտադիր խորհրդատվություն:


•    Քաշի անսպասելի կորուստ, ուժեղացած գիշերային քրտնարտադրություն
Այս ախտանիշները կարող են լինել քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում:


•    Չապաքինվող խոցեր
Վերքերը, սովորաբար, արագ են լավանում: Եթե մաշկի մակերեսը չի ապաքինվում, հարկ է դիմել բժշկի: Բժիշկը պետք է գնահատի նաև բերանի խոռոչի չապաքինվող խոցերը և լնդերի, լեզվի կամ նշիկների վրա մշտական սպիտակ կամ կարմիր բծերը: 


•    Գլխացավեր
Ուժեղ գլխացավերը, որոնք չեն անցնում սովորական ցավազրկողների ընդունումից հետո և տարբերվում են սովորականից, կարող գլխուղեղի ուռուցքի նշան լինել: Նման ձևով կարող են դրսևորվել նաև անևրիզմաները: Անպայման դիմել բժշկի:


•    Մեջքի ցավեր, որովայնի փքվածություն և լուծ
Սրանք առօրյա կյանքի սովորական ախտանիշներ են, որոնք հաճախ կապված են սննդի ընդունման, մկանային կծկանքների կամ լարվածության հետ, սակայն դրանք կարող են դիտվել նաև ձվարանների քաղցկեղի, մարսողական համակարգի ուռուցքների ժամանակ:


Կարևո՛ր է


Քաղցկեղը, հաճախ, հատուկ ախտանիշներ չունի և «քողարկվում» է քրոնիկական հիվանդությունների դիմակի տակ: Հիվանդությունը վաղ հայտնաբերելու և այն հաղթահարելու առավելագույն շանսեր ստանալու համար, խորհուրդ է տրվում կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտություններ: Կլինիկական ուռուցքաբանը կարող է խորհուրդ տալ սքրինինգի անհատական պլան` հաշվի առնելով տարիքը, անձնական և ընտանեկան անամնեզը, ռիսկի գործոնները, բժիշկը խորհուրդ կտա, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել և որքան հաճախ: 
Քաղցկեղի դեմ պայքարի լավագույն տարբերակը կանխարգելումն է (ռիսկի գործոնների նվազումը կամ վերացումը, պապիլոմաների հեռացումը, քրոնիկական հիվանդությունների բուժումը) և վաղ հայտնաբերումը:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Հոկտեմբերի 21-ից 25-ը, 2019թ., անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 17.10.2019

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) հաստ աղու չարորակ նորագոյացությունների անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի

Թափուր աշխատատեղ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 16.10.2019

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի հյուսվածքաբանական լաբորատորիային անհրաժեշտ է երիտասարդ, միջին բժշկական (բուժքույրական) կրթությամբ, համակարգչի (MC Office), հայերենի...

Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ 15.10.2019

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն...

Հաճախ տրվող հարցեր