Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը։
Մեթոդն առայժմ կլինիկական փորձարկում չի անցել, սակայն հետազոտողներն ասում են, որ այն հսկայական պոտենցիալ ունի։ Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Nature Immunology ամսագրում։
Հետազոտության նպատակը իմունային համակարգի՝ քաղցկեղի դեմ պայքարի «անսովոր» եղանակների փնտրտուքն էր։
Գիտնականները հայտնաբերեցին իմունային ռեակցիայի համար պատասխանատու բջջի՝ Т-լիմֆոցիտի հատուկ տեսակ։ Այդ բջիջը կարող է դիմակայել տարբեր տիպի վտանգներին։
«Շանս կա, որ դա կարող է բուժել բոլոր պացիենտներին։ Առաջ ոչ ոք չեր մտածում, որ նման բան հնարավոր է», - BBC-ի հետ զրույցում ասել է հետազոտող Հենրի Սիուելը։
Ինչպե՞ս է դա աշխատում․
Т -լիմֆոցիտների մակերեսի վրա կան քիմիական ընկալիչներ, որոնց օգնությամբ նրանք որոշում են օրգանիզմի համար վտանգավոր անտիգեները։
Գիտնականների թիմին հաջողվել է գտնել Т -լիմֆոցիտները քաղցկեղային բջիջների լայն սպեկտրի դեմ մարտի մղելու եղանակը։ Մեթոդը փորձարկվել է թոքի, արյան, աղու, կրծքագեղձի, ոսկրի, շագանակագեղձի, ձվարանների և արգանդի պարանոցի քաղցկեղների բջիջների վրա։
Լիմֆոցիտը ոչնչացնում էր քաղցկեղային բջիջները, և չէր վնասում առողջները։
Կոնկրետ ինչպես է Т -լիմֆոցիտը տարբերում քաղցկեղային բջիջները առողջներից, դեռ հասկանալի չէ։ Նրա ընկալիչը գործակցում է MR1 կոչվող մոլեկուլի հետ, որը առկա է մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջջի մակերեսին։
Համարվում է, որ քաղցկեղային բջիջները «օգտագործում են» MR1-ը իմունային համակարգից թաքնվելու համար։ Սակայն, այս հետազության ընթացքում հայտնաբերած Т -լիմֆոցիտը, ինչպես կարծում են գիտնականները, կարող է MR1-ից ազդակ ստանալ այն մասին, որ բջջի նյութափոխանակությունը խախտված է, և այն ուռուցքային բջիջ է։
«Մենք առաջինն ենք նկարագրել Т-բջիջը, որը քաղցկեղային բջիջներում գտնում է MR1 մոլեկուլը։ Մինչ այդ դա ոչ ոք չէր արել», - ասում է հետազոտող Հարի Դոլթոնը։
Սա այս ոլորտում առաջին հետազոտությունը չէ։ Իմունային համակարգը քաղցկեղի դեմ «լարելու» փորձերը բավականին վաղուց են արվում։
Դրանցից ամենահայտնին CAR-T-ն է։ Լեյկեմիայի (արյան քաղցկեղի) դեմ այս միջոցը վերածրագրավորում է իմունային համակարգը այդ տիպի քաղցկեղի դեմ պայքարելու համար։
Եվս մեկ անգամ նշենք, որ այս եղենակը առայժմ կլինիկական փորձարկում չի անցել, և գիտական փորձից մինչև դեղամիջոց ճանապարհը դեռ տարիներ կտևի։