Նորություններ
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն
19.03.2020

Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը։

 

Դեռ 100 տարի առաջ թոքի քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն էր։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Եվրոպայում այդ քաղցկեղով հիվանդացությունը տղամարդկանց մոտ աճեց վեց անգամ, կանանց մոտ՝ երեք։ Միտք առաջացավ, որ այդ երևույթը ինչ-որ կերպ կապված է ծխախոտի վաճառքների աճի հետ։

 

Ծխելը բթացնում է վախի և քաղցի զգացումը, ինչն էլ այն զինվորների համար հարմար սովորություն է դարձնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում հայտնվեց եվրոպացի երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը, և այն տղամարդիկ, որոնք վերադարձան, մնացին մոլի ծխող։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանայք ևս հայտնվեցին ռազմական գործողությունների գոտում, և նրանց կեսը ևս սկսեց ծխել։

 

Պատերազմի ավարտից անմիջապես հետո բրիտանական կառավարությունը հանձնարարեց ասթմայի մասնագետ Ռիչարդ Դոլին (1912-2005թթ․) ուսումնասիրել թոքային ախտաբանությամբ հիվանդների կենսակերպը։ Նրան օգնական նշանակեցին վիճակագիր Օսթին Հիլին (1897-1991թթ․).

 

Հինգ տարվա ընթացքում նրանք համեմատեցին 1018 լոնդոնաբնակի սովորություններն ու կյանքի հանգամանքները։ Նրանց 50%-ն ուներ թոքի քաղցկեղ, իսկ մնացած 50%-ը՝ այլ քրոնիկ հիվանդություններ։ 1950 թվականին գիտնականները հասկացան, որ խնդիրը ծխելն է։ Տպագրվեց Դոլի հոդվածը իր հանրահայտ եզրակացությամբ․ «Ուռուցքի զարգացման հավանականությունը համեմատական է ծխելու հաճախականությանը․ Այն մոտ 50%-ով բարձր է օրական 25 և ավելի սիգարետ ծխողների մոտ, քան չծխողների»։

 

Կասկածներ կային, որ միգուցե Լոնդոն քաղաքը ինչ-որ առաձնահատկություն ունի։ Անգամ ինքը Դոլը կարծում էր, որ ավելի մեղավոր է էկոլոգիական վատ իրավիճակը։ Բայց նույնիսկ էկոլոգիապես ամենամաքուր շրջաններում հաշվարկների արդյունքները նույնն էին։ Մինչև 1954 թվականը Դոլի խումբը մշակեց անգլիացի 20 հազար բժշկից ստացված տվյալները։ Նրանց եզրակացությունները հաստատեցին նաև ԱՄՆ և այլ երկրների հետազոտողները։

 

Դոլն այդ խնդրին նվիրեց կյանքի 50 տարին։ Նա հետևեց ծխողների մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքին՝ օրորոցից մինչև մահ, և հայտնաբերեց, որ միջինում ծխողները 10 տարի ավելի պակաս են ապրում, իսկ նրանց երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ՍՇՎ-ով, և ավելի հակված են հանկարծակի մանկական մահվան սինդրոմի։ Եղան նաև լավ նորություններ․ պարզվեց որ ծխելուց հրաժարվելը երբեք էլ ուշ չէ․ ծխախոտից հրաժարումը երկարացնում է նույնիսկ մեծահասակների կյանքը։  Իսկ ամբողջ երկրագնդի մասշտաբով ծխախոտը ավելի շատ մարդ է սպանում, քան բոլոր ավտովթարները, սպանություններն ու ինքնասպանությունները միասին վերցրած։

 

1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին Դոլին ասպետական տիտղոս շնորհեց, և նրան այլևս պետք էր կոչել «սըր»։ Բայց սըր Ռիչարդի համար ամենամեծ պարգևը եղավ ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան, որը 2005 թվականի փետրվարի 27-ից պարտադիր է բոլոր ստորագրած երկրների համար: Դոլը մահացավ 2005 թվականի հուլիսի 24-ին և հասցրեց տոնել այդ հաղթանակը։

Սկզբնաղբյուր՝  medportal.ru




Լուրեր, հայտարարություններ
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին 31.03.2020

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ...

Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը 26.03.2020

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Առողջապահության նախարարի հրամանով...

«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը 25.03.2020

Քաղցկեղով հիվանդ տղամարդը նամակ-ուղերձով դիմել է մեզ։ Ստորև ներկայացնում ենք այն։ Ես Գագոն եմ, վաթսունականներին, ավելի կոնկրետ 1961 թվականի մայիսի 6-ին ծնված, ութսունականներին «պոլիտեխնիկ» ավարտած։ Այդ ժամանակ․․․

Հաճախ տրվող հարցեր