Մասնագետների համարԸնդհանուր ուռուցքաբանություն
ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱՃԻ ԱԽՏԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ
ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱՃԻ ԱԽՏԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ
29.06.2020

 

 

 

 

«Ուռուցքը յուրօրինակ և սարսափելի կերպով քայքայում է մարդուն: Ծագելով սեփականից՝ նա անհայտ պատճառներով վերածվում է անկառավարելի, գիշատիչ, արագ բազմացող երևույթի: Ուռուցքը, չնայած 70-ամյա փորձարարական հետազոտություններին, մարդկային հիվանդություններից շարունակում է մնալ ամենահամառ, սարսափելի և միևնույն ժամանակ ամենաքիչ հասկանալի ախտը: Ո՞րն է այդպիսի կերպարանափոխման պատճառը»:

 

 

Պ.Ռաուս (Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1966թ.)

 


Բջիջների աճի և բազմացման տեղաշարժերը կարող են ունենալ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ ախտաբանական նշանակություն: Այդ տեղաշարժերը կարող են դրսևորվել բջիջների աճի և բազմացման անբավարարությամբ ու ավելցուկով: Բջիջների աճի ու բազմացման անբավարարությամբ բնութագրվող գործընթացները կոչվում են հիպոբիոտիկ և ունեն գերազանցապես ախտաբանական նշանակություն: Բջիջների և հյուսվածքների ավելցուկային աճով և բազմացումով բնութագրվող գործընթաց­ները կոչվում են հիպերբիոտիկ ու կարող են ունենալ երկակի նշանակություն:


Հիպոբիոտիկ գործընթացներից է ատրոֆիան: Օրգանի կամ հյուսվածքի թերսնուցման կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով նրանց ծավալի փոքրացման գործընթացը կոչվում է ատրոֆիա:


Հիպերբիոտիկ գործընթացներից են՝ հիպերտրոֆիան, հիպերպլազիան, ռեգեներացիան և ուռուցքային աճը:

Բջիջների չափերի մեծացմամբ պայմանավորված՝ օրգանի կամ հյուսվածքի ծավալի մեծացումը կոչվում է հիպերտրոֆիա: Իսկ եթե այն մեծանում է բջիջների քանակի մեծացման հաշվին, ապա գործընթացը կոչվում է հիպերպլազիա:


Օրգանների, հյուսվածքների և նրանց քայքայված կամ կորցրած առանձին բաղադրիչների վերականգնման գործընթացը կոչվում է ռեգեներացիա:


Հիպերբիոտիկ գործընթացներից է նաև ուռուցքային աճը: Ուռուցքային աճը բնու­թ­յան մեջ առկա ամենահանելուկային երևույթներից է: Այդ առումով արդիական է գերմանացի հայտնի ախտաբան Ռուդոլֆ Վիրխովի՝ ավելի քան 100 տարի առաջ ձևակերպած միտքը. «Երկրա­գնդի վրա չկա մարդ, որը կասի՝ ինչ է քաղցկեղը»:


Ուռուցքն այնքան հին է, որքան մարդկային պատմությունը: Նրա մասին առաջին համակարգված տեղեկությունը մեզ է հասել Հիպոկրատից, որը ոչ միայն փորձել է նկարագրել մարդու ուռուցքները, այլև դասակարգել է դրանք «ապաքինվողների» և «չապաքինվողների»: Հնարավոր է, որ նա նկատի է ունեցել բարորակ և չարորակ ուռուցքները: Նրանից հետո Ցելսը և Գալենը (մ.թ. I դար) ոչ միայն մանրամասն տեղեկություններ են թողել այդ երևույթի վերաբերյալ, այլև նկարագրել են կաթնագեղձի, արգանդի քաղցկեղների մետաստազները:  


Ուռուցքային հիվանդություններն ախտահարում են գործնականում կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին և նույնիսկ որոշ բույսերի: Այսինքն՝ուռուցքը ընդհանուր կենսա­բա­նա­կան երևույթ է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ուռուցքները գերազանցապես մարդկային հի­վան­դություններ են: Ամ­բողջ կենդանական աշխարհում ուռուցքներով առավելապես հիվանդանում են մարդիկ: Քանի որ մարդը սոցիալական էակ է, հետևաբար նրանց շրջանում ուռուցքների զարգացմանը կարող են նպաստել աշխատանքի և կենցաղի պայմանները, այսինքն՝ սոցիալական գործոնները: Դրա մասին անուղղակիորեն վկայում է հե­տև­յալ փաստը ընտանի կենդանիների չարորակ նորագոյացություններն ավելի հաճախադեպ են, քան նրանց վայրի ազգականների դեպքում:


Ուռուցքային հիվանդությունները լուրջ բժշկագիտական խնդիր են: Այս­պես՝ չարորակ ուռուցքները մարդու մահվան երկրորդ պատճառն են: Ներկայումս մոտավորապես յուրա­քանչ­յուր 4-րդ մարդը կյանքի ընթացքում անմիջականորեն բախվում է օնկոլոգիական ախտաբանությանը, իսկ 5-րդը՝ մահանում այդ պատճառից: Քաղցկեղն ախտահարում է բոլոր տարիքային խմբերի մարդ­կանց և այն ախտն է, որը 3-15 տարեկան երեխաների մահվան հիմնական պատ­ճառն է: Քանի որ քաղցկեղից մահացությունն աճում է, իսկ սիրտ-անոթային հիվանդություններից նվազում, ապա կանխատեսվում է, որ մի քանի տասնամյակ հետո քաղցկեղը կդառնա բնակչության մահվան հիմ­նա­կան պատճառը: Կյանքի ընթացքում քաղցկեղի ախտորոշման հավանականությունը տղամարդկանց շրջանում 42% է, կանանց շրջանում՝ 38% (ԱՄՆ, 2016թ.): Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 14 մլն նոր դեպք և մոտ 8,2 մլն մահ (2012թ.): Հաջորդ երկու տասնամյակում ակնկալվում է այս ցու­ցա­նիշ­ների մոտ 70%-անոց աճ: Քաղցկեղով պայմանավորված մահվան դեպքերի 1/3-ը պայմանավորված է 5 ռիսկի գործոններով՝ բարձր մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ), մրգերի և բանջարեղենի անբավարար ընդունում, ֆիզիկական քիչ ակտիվություն, ծխախոտի օգտագործում ու ալկոհոլի չարաշահում:


Քաղցկեղի կլինիկական բարձր «արժեքի» մասին են վկայում նաև աղյուսակ 10-1–ում ներկայաց­ված տվյալ­ները: Ի դեպ, ներկայացված են այն երկրի վիճակագրական տվյալները, որը պետական մակար­դա­կով վարում է լուրջ հակաուռուցքային քաղաքականություն՝ պայքարելով ուռուցքների զարգացման գրե­թե բոլոր ռիսկի գործոնների դեմ և խրախուսելով առողջ ապրելակերպը: Բայց ինչպես երևում է ներկայացված տվյալներից, կազմակերպված միջոցառումները քիչ արդյու­նա­վե­տ են:


Հարկ է նշել, որ բարձր մահացությունից զատ չարորակ նորագոյացությունները հիվանդների շրջանում առաջացնում են բարոյական և ֆիզիկական զգալի տառապանքներ:


Կարդալ հոդվածն ամբողջությամբ  


Հոդվածը տրամադրել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր