Նորություններ
Էնդոսկոպիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունները ուռուցքաբանության մեջ
Էնդոսկոպիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունները ուռուցքաբանության մեջ
22.07.2015

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Էնդոսկոպիայի և ՈՒՁՀ բաժանմունքի վարիչ Լիլիա Առուստամյանի հետ զրուցեցինք բժշկության այս ոլորտում էնդոսկոպիայի և ուլտրաձայնային հետազոտությունների արդիականության, անձնակազմի, աշխատանքային պայմանների, իրենց կողմից կատարվող աշխատանքների մասին:    

 
–   Տիկին Առուստամյան, ներկայացրեք, խնդրե՛մ, որքանով է արդիական էնդոսկոպիայի և ուլտրաձայնային հետազոտությունների կիրառումը ժամանակակից ուռուցքաբանության մեջ, այն դեպքում, որ վերջին ժամանակներս առաջարկվում են նորագույն ախտորոշիչ այլ հետազոտություններ:


–   Էնդոսկոպիկ հետազոտությունը խոռոչավոր օրգանների ուռուցքների վաղ հայտնաբերման առաջատար եղանակն է, որի առավելություններից կարելի է նշել ինֆորմատիվությունը, անվտանգությունը, հետազոտության պարզությունը և համեմատաբար՝ մատչելիությունը: Այդ ամենը հնարավորություն է տալիս ուռուցքների հայտնաբերման և հիվանդության հսկողության նպատակով այն լայնածավալ կիրառել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:


Ուռուցքաբանության մեջ էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է ընձեռում լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից են՝ խոռոչավոր օրգանների (շնչառական ուղիներ, աղեստամոքսային և միզասեռական համակարգ) լորձաթաղանթի նախաքաղցքեղային վիճակների նկատմամբ հետազոտությունը և ժամանակին հայտնաբերումը, բժիշկների մշտական հսկողության կարիք ունեցող հիվանդների առանձնացումը, քաղցկեղի փոքր և «թաքնված» ձևերի հայտնաբերումը, բարորակ և չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշումը, ուռուցքի տեղային տարածվածության աստիճանը, բուժման արդյունավետությունը: Սնհրաժեշտության դեպքում հետազոտության ժամանակ կատարվում է բիոփսիա:


Էնդոսկոպիան ուռուցքաբանության բնագավառում արդիական եղել է, կա և կլինի: Էնդոսկոպիկ հետազոտությունը սկսվել է կիրառվել դեռևս 18-րդ դարի վերջերից և իր զարգացման ճանապարհին, նոր մեթոդների կիրառումով և գործիքների կատարելագործումով, անցել է մի քանի հաջորդական փուլերով: Այժմ էնդոսկոպիան թևակոխում է թվային տեխնոլոգիաների դարաշրջան:

 

Էնդոսկոպիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունները ուռուցքաբանության մեջԹվային էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ֆիքսել և պահպանել ինչպես տեսապատկերը, այնպես էլ տեսագրությունը: Օպտիկական ազդանշանը էլեկտրական իմպուլսի փոխվելու շնորհիվ հնարավորություն է ընձեռում մի քանի մասնագետների միաժամանակ մասնակցել էնդոսկոպիկ հետազոտության ընթացքին, մեծացնել տեսապատկերը  և պահել այն համակարգչային տվյալների բազայում: Այս ամենին զուգահեռ, զարգանում են բուժական էնդոսկոպիան և էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը:


Ինչ վերաբերում է սոնոգրաֆիային, այդ հետազոտությունը վերջին երեք-չորս տասնամյակում բժշկության մեջ կտրուկ շրջադարձ կատարեց: Այն մարդու օրգանիզմի վրա իր ազդեցությամբ անվտանգ է և, միևնույն ժամանակ, ունի բարձր ինֆորմատիվություն: Այլ ախտորոշիչ մեթոդների համեմատությամբ նա ունի մեծ առավելություն: Սոնոգրաֆիայի անցավ և անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն բազմիցս, առանց հետազոտության ժամանակի և քանակի սահմանափակման, ինչը հիվանդության ընթացքը դինամիկայում հսկելու հնարավորություն է տալիս:


Սոնոգրաֆիկ հետազոտությամբ հնարավոր է մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի լյարդը, լեղապարկը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, ավշային հանգույցները, փափուկ հյուսվածքները, արյունատար անոթները, սիրտը և այլն: Ուլտրաձայնի հսկողության տակ կատարվում է նաև ախտորոշիչ բիոփսիա, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ախտորոշել և ժամանակին կազմակերպել բուժումը:


–   Ի՞նչ ճանապարհ է անցել Էնդոսկոպիայի և սոնոգրաֆիայի բաժանմունքը, ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարում, ինչպիսի՞ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք սպասարկում հիվանդներին:


–   Բաժանմունքը գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից: Բաժանմունքը, լինելով Երևանի պետական բժշկական համալսարանի ուսուցողական բազա, հանդիսացել է ուլտրաձայնային հետազոտության և էնդոսկոպիայի մի շարք մասնագետների կրթության դարբնոցը: Բաժանմունքում ներկայում աշխատում են հինգ բարձր որակավորման բժիշկներ:


Էնդոսկոպիկ եղանակով կատարվում են շնչափողի, բրոնխների, քիթ-ըմպանի, կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու, հաստ աղու, արգանդի վզիկի հետազոտություններ: Սոնոգրաֆիկ ախտորոշման ծավալն իր  մեջ ընդգրկում է որովայնի, միզասեռական համակարգի, կրծքագեղձի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, ավշային հանգույցների, սրտի, ինչպես նաև վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտությունը: Հետազոտությունների ներկայացված ծավալն իրականացվում է ճապոնական և եվրոպական արտադրության սարքավորումներով:


–   Տիկին Առուստամյան, ի՞նչ խոսքերով կցանկանայիք եզրափակել մեր զրույցը: Ի՞նչ ցանկություններ ունեք:


–   Մեր պացիենտներին ցանկանում եմ առողջություն և հորդորում ուշադիր վերաբերվել իրենց առողջությանը: Հիշեցնում եմ, որ պետք չէ խուսափել ուռուցքաբանության կենտրոն դիմելուց: Մասնագիտորեն զննման արդյունքում հիվանդությունը կարող է ժխտվել, իսկ նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերումը` հիվանդի առողջության գրավականն է:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր