Պացիենտների համարՀիվանդություններ
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն Ձեր առողջության, հանուն Ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն Ձեր առողջության, հանուն Ձեր ընտանիքի)
08.10.2015

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ, կան ուռուցքների` բուսական թուրմերով, այրելու, քերելու եղանակով բուժման վերաբերյալ տեղեկություններ:

Ավելի ուշ (460-372 թ.թ. մ.թ.ա.) Հիպոկրատի և նրա աշակերտների կողմից այս հիվանդությունը նկարագրվել է ‚Երկաթների մասինե, ‚Պրոդիագնոստիկաե և այլ գրքերում: Քաղցկեղն այն ժամանակ համարվում էր անբուժելի հիվանդություն, սակայն կարևորում էին հիվանդության սկզբնական փուլը բաց չթողնելու պահը, իսկ զարգացած ուռուցքի դեպքում խորհուրդ էր տրվում շիկացած երկաթով այրել ոչ միայն ուռուցքը, այլև հարակից հյուսվածքները` մեծ մակերեսով (Ավիցեննա):

Ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում՝ վիրաբուժության, ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի զարգացման շնորհիվ, իսկ վերջին կես դարի ընթացքում այն բուռն զարգացում է ապրել: Չարորակ ուռուցքը համարվում է ախտաբանական գոյացություն, որն առաջանում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում, բնորոշվում է կառուցվածքի բազմաձևությամբ, հարմարվողականությամբ, անսահմանափակ ու անզսպելի աճով: Ներկայումս ուռուցքների առաջացման եզակի տեսություն չկա: Գոյություն ունեցողներից ոչ մեկը չի կորցրել իր նշանակությունը, սակայն առավել ճանաչում է ստացել բազմապատճառայնության տեսությունը, որն ընդունում է հիվանդության զարգացման գործում քաղցկեղածին նյութերի, սնման պայմանների, ուռուցքային վիրուսների դերը, գենետիկական (ծագումնաբանական, ժառանգական) գործոնների ազդեցությունը և այլն: Ընդ որում, համարվում է, որ չարորակ ուռուցքների գրեթե 90%-ն առաջանում է արտաքին քաղցկեղածին գործոնների ազդեցությամբ: Հնարավոր է, որ դրանք լինեն ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական ծագման:

Չարորակ ուռուցքները կարող են սկիզբ առնել մարդկային օրգանիզմի ցանկացած բջջից` հյուսվածքային բջջի ժառանգական նյութում արտաբջջային գործոնների ազդեցության ներքո տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունների չարորակացման և դրանց բուռն բազմացման պատճառով:

Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն Ձեր առողջության, հանուն Ձեր ընտանիքի)Էպիթելային հյուսվածքից առաջացած ուռուցքները կոչվում են քաղցկեղ, իսկ մեզենխիմալ (արյունային, ոսկրային, շարակցական և հարթ մկանային) հյուսվածքներից ծագածները` սարկոմա: Դրանց ընդհանուր նմանությունն այն է, որ աճելով սեփական բջիջների բազմացման հաշվին` ներաճում են հարևան օրգաններում, հյուսվածքներում ու ավշային և արյունատար հունով տարածվում դեպի հեռավոր օրգաններ:

Չարորակ ուռուցքներն իրենց զարգացման և տարածման ընթացքում անցնում են ուռուցքային սաղմի ձևավորումից մինչև տարածուն փուլերը: Վերջինս բերում է օրգանիզմի մահվան:

Ուռուցքաբանության մեջ չարորակ ուռուցքների կլինիկական բնութագրման և հաշվառման նպատակով ընդունված է դրանց ստորաբաժանել ըստ փուլերի:

Ուռուցքի ցանկացած տեղակայման դասակարգման համար ելակետ է համարվում 3 չափանիշ` առաջնային ուռուցքի չափսերը, տարածումը հարևան օրգաններում, տեղային ավշային ու հեռավոր (ավշային և արյունային) մետաստազների առկայությունը:

Չարորակ ուռուցքների ախտորոշման ժամանակ դրվում է 2 հիմնական խնդիր`

  • ուռուցքային պրոցեսի հայտնաբերում և նրա տեղակայման որոշում,
  • տեղային և հեռավոր ավշային ու արյունային ճանապարհով տարածված մետաստազների հայտնաբերում:


Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն Ձեր առողջության, հանուն Ձեր ընտանիքի)Հիվանդների անամնեզը (հիվանդության պատմություն) և գանգատների վերլուծությունը մի շարք դեպքերում հնարավորություն են տալիս ենթադրելու որոշակի օրգաններում կամ համակարգերում ուռուցքային պրոցեսի առկայության մասին:

Ամեն դեպքում կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը, քանի որ միայն այդպիսով կարելի է հասնել հիվանդի կայուն արմատական ապաքինմանը: Չարորակ ուռուցք կասկածելիս կամ հայտնաբերելիս ախտորոշման ճշգրտման նպատակով հիվանդները պետք է ենթարկվեն բազմակողմանի և խորը հետազոտման մասնագիտացված ուռուցքաբանական հիմնարկներում` ժամանակակից ախտորոշիչ եղանակներով ու մեթոդներով` էնդոսկոպիկ (ներդիտում), ռենտգենաբանական, ռադիոլոգիական, ինչպես նաև կենդանի հյուսվածքների (բիոպտատ), ներհյուսվածքային, ներխոռոչային հեղուկների (պունկտատ) ու քսուքների հյուսվածաբանական և բջջաբանական պարտադիր հետազոտմամբ:

Ճշգրտված ախտորոշումը չափազանց կարևոր և պարտադիր է համարվում, քանի որ այն հետագա բուժական միջոցառումներում ուղեցույց է կլինիցիստի համար` համարժեք բուժման ընտրության, վիրահատական միջամտության տեսակի, բնույթի և ծավալի որոշման, քիմիական և/կամ ճառագայթային բուժման իրականացման, նախավիրահատական և հետվիրահատական շրջանում բուժման որոշակի եղանակներ կիրառելու նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի ախտորոշվել է չարորակ ուռուցքով հիվանդության 10 մլն և մահվան 6 մլն դեպք: Նախնական տվյալներով` 2020-ին առաջնային հիվանդների թիվը կհասնի 20, մահացածներինը` 12 մլն-ի: Հիվանդների ընդհանուր թվում թոքի քաղցկեղը կկազմի 12,3%, կրծքագեղձինը` 10,4% և հաստ աղիքինը` 9%: 2010թ. կանխատեսվում է աշխարհում տղամարդկանց թոքերի, իսկ կանանց` կրծքագեղձի, ինչպես նաև հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների աճ:

Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)Չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճի բարձր տեմպեր են գրանցվում նաև Հայաստանում: Նշենք, որ 1995-ից այդ ցուցանիշի միջին տարեկան աճը կազմել է 3,2%: 2007թ. վերջում հանրապետությունում հաշվառված էր 28439 հիվանդ: Հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվով (երկու սեռը միասին) կազմել է 224: Այդ տարի գրանցվել է 7294 նոր հիվանդ. առավել հաճախ ախտահարվել են մարսողական համակարգի օրգանները` 26,3%, շնչափողը, բրոնխները, թոքերը (17%), կրծքագեղձը (13,9%), միզային համակարգը (10,4%), կանացի սեռական օրգանները (8,5%), ստամոքսը (8,5%) և այլ օրգաններ (15,4%):

Հիվանդացության աճի հետ մեկտեղ հանրապետությունում դիտվում է նաև քաղցկեղի բարձիթողի դեպքերի ավելացում` 2008թ. ուշ դիմած (III-IV փուլերում) հիվանդները կազմել են 56,2, իսկ 2007-ին` 59,8%: Բնականաբար, սա նվազեցնում է բուժման արդյունավետությունը:

Չարորակ ուռուցքների բուժման ժամանակ կիրառվում է 3 հիմնական եղանակ` վիրահատական, ճառագայթային և դեղորայքային: Ներկայումս մշակված են դրանց ինքնուրույն և/կամ զուգակցված ու համալիր կիրառման ցուցումներն ու հակացուցումները, որոնց ճիշտ ու ժամանակին ձեռնարկումը հնարավորություն է տալիս հասնելու բուժման առավելագույն արդյունքների, հաճախ` լրիվ ապաքինման: Ճառագայթային բուժումը իրականացվում է տարբեր տեսակի իոնացնող ճառագայթների կիրառմամբ` հեռահար, ներխոռոչային, կոնտակտային եղանակներով: Կան նաև մեծ թվով (100-ից ավելի) հակաուռուցքային դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս դեպքերի մեծ մասի ժամանակ՝ հասնելու զգալի արդյունքների:

Տարբեր օրգանների քաղցկեղային ախտահարման դեպքում վիրահատական բուժումը ցայսօր համարվում է արմատական բուժման միակ եղանակը` տարածված ուռուցքների դեպքում, որի հնարավորությունները, սակայն, սահմանափակ են:

Ուռուցքաբանության արդի նվաճումները վկայում են, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն չէ, քանի որ հիվանդների մեծամասնությունը ժամանակին ու ճիշտ բուժվելիս ապաքինվում է:

 

Հեղինակ. Հայրապետ ԳԱԼՍՏՅԱՆ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. բ.գ.դ., պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009

Աղբյուր. med-practic.com

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր