Պացիենտների համարՀիվանդություններ
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂ
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂ
13.10.2015

Թոքի քաղցկեղը տղամարդկանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին հորիզոնականը և տարեցտարի արձանագրվում է հիվանդացության ցուցանիշների աճ, ընդ որում աճում է նաև հիվանդացությունը համեմատաբար երիտասարդ չծխող կանանց մոտ: Թոքի քաղցկեղի առաջացման առավել նշանակալի ռիսկի գործոններն են հանդիսանում քիմիական քաղցկեղածին նյութերի հետ առընչվող վնասակար մասնագիտությունները,  ծխախոտի ակտիվ կամ պասիվ օգտագործումը: ՀՀ-ում հիվանդների մոտ 87%-ը հանդիսանում են ակտիվ ծխողներ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով  1997թ.-ին  թոքի քաղցկեղով հիվանդացությունը 100 000  բնակչի թվով կազմել է  71.1 տղամարդկանց և 7.7 կանանց շրջանում:


Հայաստանի Հանրապետությունում թոքի չարորակ նորագոյացություններով հիվանդացության հարաբերական ցուցանիշը 2000-2009թթ.-ին կազմել է 17.6: Այդ հիվանդների 3-ամյա ապրելիությունը  2010-2013թթ.  կազմել է 8.2%: ՀՀ-ում թոքի չարորակ ուռուցքը 99.0% դեպքերում հանդիպում է 40-ից բարձր անձանց մոտ:


Թոքի քաղցկեղով հիվանդների բուժումը կլինիկական ուռուցքաբանության առավել բարդ խնդիրներից մեկն է: Բուժման արդյունքների բարելավումը պայմանավորված է ուռուցքի վաղ հայտնաբերմամբ:


Ախտորոշումը իրականացվում է՝  կրծքավանդակի ռենտգենյան քննությամբ, համակարգչային տոմոգրաֆիա և բրոնխոսկոպիայով: Եթե բրոնխոսկոպիայի օգնությամբ նյութ չի ստացվում հյուսվածքաբանական քննության համար, ապա կատարվում է կրծքավանդակի պունկցիա՝ կոմպյուտերային հսկողության պայմաններում: Ըստ կլինիկական նշանների մետասթազների հայտնաբերման նպատակով կատարվում է ՝ ոսկրերի սցինտիգրաֆիա, որովայնի խոռոչի օրգաների սոնոգրաֆիա կամ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ՄՌՏ՝ վիրահատելիությունը որոշելու համար: Վերջին տարիներին շատ ակտուալ է որոշ ուռուցքային մարկերների որոշումը SCC ; NSE  և  CEA, որոնք սակայն վերջնական որոշիչ դեր չեն խաղում:


Տարբերում ենք թոքի քաղցկեղի երկու մեծ խմբեր` թոքի մանրբջջային քաղցկեղ,  որն աչքի է ընկնում իր բարձր զգայնությամբ քիմիաթերապիայի հանդեպ և կազմում է թոքի քաղցկեղի 15-20%-ը և թոքի ոչ մանրբջջային քաղցկեղ (ԹՈՄՔ), որը  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կազմում է թոքի քաղցկեղի 80-85%-ը :


ԹՈՄՔ իր հերթին ստորաբաժանվում է երեք կարևորագույն խմբերի`ադենոկարցինոմա, տափակբջջային քաղցկեղ, խոշոր բջջային քաղցկեղ:


Բուժման հիմնական մեթոդը հանդիսանում է վիրահատական միջամտությունը, սակայն արմատական վիրահատություն կատարվում է միայն 10-25% դեպքերում: Ճառագայթային թերապիա սովորաբար անց է կացվում առանց մետասթազավորման հիվանդների մոտ, որոնց վիրահատական միջամտություն ցուցված չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԹՈՄՔ հիվանդների առավել քան կեսը հիվանդության ախտորոշման պահին արդեն վիրահատության ենթակա չեն, պայմանավորված ուռուցքի տեղային տարածումով կամ մետասթազների առկայությամբ, ակնհայտ է դառնում քաղցկեղի այս տեսակի համար քիմիաթերապիայի մեթոդների արդիականությունը:


Հայտնի է նաև թոքի այսպես կոչված մանրբջջային քաղցկեղը, որը հանդիպում է մոտ 15% դեպքերում: Թոքի քաղցկեղի այս տեսակը ամենաագրեսիվն է և շատ արագ մետասազավորում է այլ օրգաններ, օրինակ՝ գլխուղեղ, լյարդ, ոսկրեր:


Թոքի քաղցկեղը կարող է արտահայտվել արյունոտ խորխով, ցավով կրծքավանդակում, հազով, ախորժակի կորստով, քաշի կորստով, հևոցով, ջերմաստիճանի բարձրացումով, ձայնի փոփոխությամբ, ընդհանուր թուլությամբ և այլն: Թոքի մարբջջային քաղցկեղի վիրահատական բուժումը հնարավոր է շատ սահմանափակ դեպքերում: Հաճախ քաղցկեղի այս տեսակը հայտնաբերելիս միաժամանակ հայտնաբերվում են արդեն մետաստազներ հեռակա օրգաններում և հետևաբար ապրելիությունը շատ ցածր է: Գրագետ և ժամանակակից քիմիա-ճառագայթային բուժումը կարող է երկարացնել հիվանդի կյանքը 6-12 ամիս:


Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ ճանապարն է հրաժարվել ակտիվ և պասիվ ծխելուց:





Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր