Նորություններ
Պրոֆ. Ա. Հ. Տանանյան և Թ. Շ. Սաղաթելյան. Ոլորտի մասնագետները՝ Հայաստանում ճառագայթային բուժման մասին
Պրոֆ. Ա. Հ. Տանանյան և Թ. Շ. Սաղաթելյան. Ոլորտի մասնագետները՝ Հայաստանում ճառագայթային բուժման մասին
27.06.2018

Կարելի է լսել կարծիքներ, որ ՀՀ–ում չկան ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի որակյալ մասնագետներ․․․ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

Ա. Տանանյան. Թույլ տվեք չհամաձայնել նման խոսակցությունների հետ։ Բաժանմունքում աշխատող թե՛ ճառագայթային ուռուցքաբանները, թե՛ բժշկական ֆիզիկոսները, թե՛ բուժակ-տեխնիկները պատշաճ մասնագիտացում են անցել, այդ թվում վերապատրաստվելով արտերկրի առաջատար կլինիկաներում, ոլորտի հեղինակավոր փորձագետների ղեկավարությամբ։ Ավելորդ է ասել, որ նրանք լիարժեքորեն տիրապետում են բոլոր առկա սարք-սարքավորումներին։ Ամենամյա վերապատրաստումները, մասնակցությունները միջազգային գիտաժողովներին և տարբեր գիտա-կրթական միջոցառումներին ապահովում են մասնագետների շարունակական բժշկական կրթությունը։

 

Ցանկացած տեխնիկական նորամուծության դեպքում, բոլոր ներգրավված մասնագետները անցնում են համապատասխան ուսուցում տվյալ սարքավորման շահագործումը լիարժեք ապահովելու համար։ Օրինակ, Varian Clinac iX նորագույն համալիրի շահագործման համար բոլոր մասնագետները անցել են համապատասխան վերապատրաստումներ, այդ թվում Վարիան ընկերության գլխավոր ուսումնական կենտրոնում (Շվեյցարիա), ստանալով համապատասխան հավաստագրեր։

 

Ա. ՏանանյանԿենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների բարձր մասնագիտական որակների մասին է վկայում նաև այն, որ ոլորտը կանոնակարգող ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Ատոմային էներգիայի Միջազգային Գործակալության (МАГАТЭ) կողմից մեզ վստահվել է ԱՊՀ որոշ երկրներից բժիշկների 3-ամսյա մասնագիտական վերապատրաստում ապահովելու առաքելություն։ Միաժամանակ, բաժանմունքը միակ բազան է Հայաստանում, որը կարող է պատրաստել ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետներ։ Հետևաբար, գոնե մասնագիտական որակների առումով մտահոգությունները տեղին չեն։

2. Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում ճառագայթային բուժման առումով:

Թ. Սաղաթելյան. Այսօր ՈՒԱԿ-ի ճառագայթային բաժանմունքը միակն է Հայաստանում, որը կարող է ապահովել ժամանակակից, միջազգային պահանջներին համահունչ ռադիոթերապևտիկ օգնություն։ Ճառագայթային ուռուցքաբանությունը բժշկության այն ճյուղերից է, որը առավելագույնս կախված է ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումներից։ Չնայած բազմաթիվ և բազմանիստ խոչընդոտներին, որոնք առանձին զրույցի թեմա կարող են ծառայել, վերջին մի քանի տարիների ընթացքում այն Հայաստանում էական զարգացում է ապրել։ Վերջին 4 տարիների ընթացքում բաժանմունքը հագեցվել է ժամանակակից բուժական սարքավորումներով: Ներկայումս տարեկան մեր բաժանմունքում ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1200-1300 հիվանդներ և մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում այս թիվը պետք է աճի։

3. Ինչպիսի՞ն է ՈՒԱԿ–ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը։

Թ. Սաղաթելյան.Թ. Սաղաթելյան. Երբեմն հնչում են անհիմն հայտարարություններ մեր կենտրոնում «հնագույն» խորհրդային դարաշրջանի սարքավորումներով բուժման մասին, ուստի հատուկ ցանկանում եմ շեշտել, որ հեռահար ճառագայթային բուժման հին խորհրդային և ռուսական արտադրության բոլոր սարքերը վաղուց հանված են շահագործումից և ապամոնտաժված են։ Ներկայումս ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում տեղակայված են եվրոպական և ամերիկյան արտադրության հեռահար ճառագայթային բուժման 3 համալիրներ։ «Ամենահինը» 2006թ․ չեխական արտադրության «TERABALT» կոբալտային բուժասարքն է, որը լիովին արդիականացվել է 2014 թվականին։ Կոբալտային բուժասարքերը ավելի էժան են, ոչ պահանջկոտ տեխնիկական սպասարկման և շահագործման աշխատատարության տեսանկյունից։ Կոբալտային բուժասարքը հատկապես հարմար է պարզունակ, մեծ ճշգրտություն չպահանջող բուժական մոտեցումների դեպքում։ Սարքը ունի մեծ թողունակություն և հուսալիություն, ու շահագործման 12 տարիների ընթացքում կիրառվել է ավելի քան 6000 ուռուցքային հիվանդների բուժման համար։ Երկրորդ սարքը՝ շվեդական արտադրության ELEКTA Compact էլեկտրոնների գծային արագացուցիչը շահագործման է հանձնվել 2014թվականին, լինելով իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում։ Սարքը ունի համեմատաբար սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ և թույլ է տալիս անցկացնել ճառագայթային բուժում տարբեր տեղակայման ուռուցքների ժամանակ։ Սակայն որոշ կլինիկական իրավիճակներում սարքի ֆունկցիոնալ ունակությունները թույլ չեն տալիս կիրառել ճառագայթային բուժման բարձր ճշգրտության, բարդ ժամանակակից մոտեցումներ։ Եվ, վերջապես, 2018-ի մայիսից IRA Medical Group հայ-իրանական ընկերության հետ համատեղ շահագործման է հանձնվել Varian Clinac iX ամերիկյան արտադրության նորագույն բուժասարքը, որը կարող է ապահովել հեռահար ճառագայթային բուժման էապես նոր որակ և բարձր ճշգրտություն։ Սարքը թույլ է տալիս անցկացնել ճառագայթային բուժում տարբեր էներգիայի ֆոտոնային փնջերով, ինչպես նաև էլեկտրոնային փնջերով։ Այս սարքի շնորհիվ մենք կարող ենք կիրառել ճառագայթային բուժման առավել բարդ և ճշգրիտ մոտեցումներ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում։ Արդեն իսկ Clinac-ով բուժում են ստացել շուրջ 20 պացիենտներ՝ գլխուղեղի, թոքերի, կրծքագեղձի, գլխի և պարանոցի, կոնքի օրգանների և այլ տեղակայման ուռուցքներով։

4.Այդ դեպքում, ինչու՞ են բազմաթիվ հիվանդներ ճառագայթային բուժման համար ստիպված մեկնում արտերկիր։

Թ. Սաղաթելյան. Հիմնական պատճառներից մեկը թերևս անբավարար տեղեկացվածությունն է։ Նույնիսկ ուռուցքաբանության ոլորտում գործող բժիշկներից շատերը պատշաճ տեղեկացված չեն:

 

Սկզբնաղբյուր‘ 1in.am

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր