Նորություններ
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում
14.02.2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներից մեկը՝ ռադիոյոդոթերապիան (բուժում ռադիոակտիվ յոդով):


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան


Հայաստանում տարեկան գրանցվում է 8500 քաղցկեղի նոր դեպք, որոնց 45-50 տոկոսը բարձիթողի դեպքեր են և դիմում են բժշկի արդեն երրորդ, չորրորդ փուլերում: Վերջին ժամանակաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության աճ:


Էնդոկրին համակարգի ուռուցքներն ընդհանուր ուռուցքաբանության մեջ կազմում են 0,6-5 տոկոս: Եվ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է, մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտավորապես 250-300 հիվանդ, ովքեր տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղով: Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից է վիրաբուժությունը, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդների գերակշիռ մասի համար ռադիոյոդոթերապիան պարտադիր է:

 


Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումը իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր  հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:
Մեծ ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեզ հաջողվեց ստեղծել ճառագայթային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող հատուկ տարածքներ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնաշենքում,  որտեղ մեր պացիենտները վահանաձև գեղձի վիրահատական բուժումից հետո կստանան ռադիոյոդոթերապիա:


Այդ նպատակով կիրառվող ռադիոակտիվ յոդ պարունակող պատիչները կներկրվեն Լեհաստանից և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կպահպանվեն հատուկ պայմաններում: Հիվանդները բուժման ընթացքում կգտնվեն ճառագայթային անվտանգության հատուկ պահանջներով կառուցված և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցված հիվանդասենյակներում:

 


Բուժման գործընթացի լիարժեք ապահովման համար Կենտրոնը ձեռք է բերել նաև հատուկ սարք՝ որը թույլ է տալիս նախապես գնահատել վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և ըստ այդմ ավելի ճշգրիտ հաշվարկել տվյալ հիվանդին անհրաժեշտ յոդի չափաքանակը: Մեկուսացված սենյակներում 3-5 օր անցկացնելուց հետո կատարվում է պացիենտի օրգանիզմում ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում, ըստ որի որոշվում են դուրս գրման ժամկետները:


Ռուսաստանում և Վրաստանում ռադիոակտիվ յոդով բուժման արժեքը կազմում է 2000 ԱՄՆ դոլար, զգալի են նաև ճանապարհային և մնացյալ ծախսերը: Ըստ մեր հաշվարկների, բուժման կուրսն ՈՒԱԿ-ում կկազմի շուրջ 500.000 ՀՀ դրամ:


Կարծում եմ, որ սա անչափ կարևոր և կենսական ձեռքբերում է. վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում մեր հայրենակիցները արդեն կարող են ստանալ անհրաժեշտ բուժման բոլոր փուլերը ՈՒԱԿ-ում՝ անհամեմատ ավելի մատչելի պայմաններով և առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության:

 


 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր