Պացիենտների համարՀիվանդություններ
Հոջկինի հիվանդություն (Հոջկինի լիմֆոմա, լիմֆոգրանուլեմատոզ)
Հոջկինի հիվանդություն (Հոջկինի լիմֆոմա, լիմֆոգրանուլեմատոզ)
10.11.2015

Հոջկինի լիմֆոման արյան սպիտակ գնդիկների մի տարատեսակից (լիմֆոցիտներից) ծագող ուռուցքային հիվանդություն է: Բացի Հոջկինի լիմֆոմայից գոյություն ունեն նաև այլ, այսպես կոչված, ոչհոջկինյան լիմֆոմաներ, որոնցից Հոջկինի հիվանդությունը տարբերակվում է իր կլինիկական, կազմաբանական պատկերների, բուժման մոտեցումների առանձնահատկություններով:


Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրել է  Թոմաս Հոջկինը 1832թ.՝ որպես “հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են ավշային հանգույցները և փայծաղը”: Նրանից 23 տարի անց Ս. Ուիլքսը, ներկայացնելով իր սեփական դիտարկումները, առաջին անգամ կիրառել է “Հոջկինի հիվանդություն” տերմինը: 19-րդ դարի վերջին Բերեզովսկին, Շտերնբերգը և Ռիդը նկարագրեցին հիվանդությանը բնորոշ հսկա, բազմակորիզ բջիջները (Բերեզովսկու-Շտերնբերգ-Ռիդի բջիջներ) և ավշահանգույցների ձևաբանական փոփոխությունները Հոջկինի լիմֆոմայի ժամանակ: 1904թ. գերմանացի ախտաբանների VII համաժողովի ընթացքում նոր հիվանդության համար առաջարկվեց «լիմֆոգրանուլեմատոզ» անվանումը: Սակայն 2001թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է «Հոջկինի լիմֆոմա» անվանումը, որն ներկայում խորհուրդ է տրվում կիրառել:

Աշխարհում տարեկան գրանցվում է Հոջկինի լիմֆոմայի շուրջ 160.000-200.000 դեպք, և այս թիվն ունի աճի միտում: Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են 15-35 տարեկանում: Հիվանդացության երկրորդ պիկը (թեպետ քիչ ավելի ցածր) լինում է 50-ից բարձր տարիքային խմբում:


Հոջկինի լիմֆոմայի զարգացման պատճառները դեռևս լիարժեք պարզաբանված չեն: Սակայն ապացուցված է, որ նրա ախտածագման մեջ որոշակի դեր կարող է ունենալ Էպշտեյն-Բարի վիրուսը՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչը: Այս վիրուսը մեծավ մասամբ հայտնաբերվում է Հոջկինի լիմֆոմայով հիվանդների մոտ, մյուս կողմից՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզով հիվանդացած անձանց մոտ շուրջ 3 անգամ ավելի բարձր է Հոջկինի լիմֆոմայով հիվանդանալու հավանականությունը:

Ըստ Հոջկինի լիմֆոմայի ժամանակակից դասակարգման, տարբերում են հիվանդության դասական  և լիմֆոիդ գերակշռումով հանգուցային ձևերը: Դասական ձևը իր հերթին ունի 4 տարբերակ՝  հանգուցային սկլերոզ (առավել հաճախ հանդիպող ձևը), լիմֆոցիտներով հարուստ, խառը բջջային և լիմֆոիդ հյուծում: Այս ձևերի տարբերակումը հնարավոր է միայն հյուվածաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությունների արդյունքում:

Դեպքերի մեծ մասում հիվանդության առաջին նշաններն են մարմնի վերին հատվածում (պարանոցի շրջանում, վերանրակային շրջաններում, անութափոսերում) ավշային հանգույցների մեծացումը, որոնք, ի դեպ, կարող են երկար ժամանակ ոչնչով չանհանգստացնել պացիենտին: Սովորաբար, այս ավշահանգույցներն ունեն պինդ-առաձգական կազմություն, ցավոտ չեն և չեն ձուլվում մաշկի հետ: Միաժամանակ, հաճախ ախտահարվում են միջնորմի (կրծքավանդակի ներսում) ավշահանգույցները, որոնք, ճնշելով շնչուղիների վրա, կարող են առաջացնել հազ, դժվարաշնչություն: Մարմնի ստորին հատվածի (ստոծանուց ցած տեղակայված) ավշահանգույցները, փայծաղը ևս կարող են ախտահարվել Հոջկինի լիմֆոմայի ժամանակ: Ավելի հազվադեպ, այս հիվանդության ժամանակ կարող են ախտահարվել նաև այլ օրգաններ՝ լյարդը, թոքերը, ոսկրերը և այլն: Հաճախ հիվանդությունը կարող է ուղեկցվել օրգանիզմի ինքնաթունավորման նշաններով՝ մարմնի ջերմության չբացատրվող բարձրացմամբ՝ մինչև 39o, արտահայտված (գերազանցապես՝ գիշերային) քրտնարտադրությամբ, մարմնի քաշի զգալի կորստով: Հաճախ լինում է նաև մաշկային քոր: Հիվանդության հետագա առաջընթացը կարող է ուղեկցվել նաև այլ ախտանշանների զարգացմամբ:

Հիվանդության ախտորոշումը, որպես կանոն, կատարվում է կլինիկական, ճառագայթաբանական, հյուսվածաբանական, իմունահիստոքիմիական, լաբորատոր տվյալների համադրմամբ:

 Հոջկինի լիմֆոմայի բուժման հիմնական եղանակներն են՝ բազմաբաղադրիչ քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը: Բուժումը, սովորաբար, անց է կացվում համաձայն միջազգային ուղեցույցերի և յուրաքանչյուր պացիենտի համար այն «անհատականացվում է»՝ հաշվի առնելով հիվանդության կազմաբանական տարբերակը, տարածվածությունը, հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունները:


Հարկ է նշել, որ հիվանդության վաղ, ճշգրիտ ախտորոշման և պատշաճ բուժման դեպքում ապաքինման շանսերը խիստ բարձր են: Հետևաբար, Հոջկինի լիմֆոմայի ախտորոշումը և բուժումը պետք է կատարվեն մասնագիտացված արյունաբանական և ուռուցքաբանական կլինիկաներում, որոնք օժտված են այդ հիվանդության ախտորոշման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:


Վերջին տասնամյակների ընթացքում ուռուցքային հիվանդությունների դեղորայքային և ճառագայթային բուժման ոլորտում առկա լուրջ առաջընթացի շնորհիվ էապես բարելավվել են Հոջկինի լիմֆոմայի բուժման արդյունքները: Օրինակ, եթե 1940-ական թվականներին պացիենտների 5-ամյա ապրելիությունը չէր գերազանցում 5%-ը, ապա ներկայում, պատշաճ բուժման դեպքում, Հոջկինի լիմֆոմայով հիվանդների շուրջ 60%-ն ապրում են 20 և ավելի տարի:
   

Երբեմն, բուժումից որոշ ժամանակ անց հիվանդությունը կարող է կրկնվել, հետևաբար, բոլոր հիվանդները բուժումից հետո պարտադիր պետք է լինեն մասնագետների դինամիկ հսկողության տակ և պարբերաբար անցնեն որոշ ախտորոշիչ հետազոտություններ՝ հիվանդության կրկնությունը վաղ հայտնաբերելու նպատակով: Հոջկինի լիմֆոմայի կրկնությունների, հիվանդության ռեֆրակտեր (բուժմանը վատ ենթարկվող) ձևերի դեպքում ևս ժամանակակից բժշկության զինանոցը բավականին հարուստ է. կարող է կատարվել բարձր-դոզաներով (high-dose) քիմիաթերապիա՝ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր