Նորություններ
Մաստէկտոմիայից հետո
Մաստէկտոմիայից հետո
13.05.2019

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ, ավելի լավ, իմաստավորված, ավելի վառ, քան մինչև հիվանդությունը: Վիրահատության հետ կապված բոլոր դժվարությունները ժամանակավոր են»:


Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել նաև ուշ շրջանում՝ ուռուցքի բուժման հիմնական փուլերի ավարտից հետո: Եթե հիվանդը ցանկանում է վերականգնել և հիմնական հիվանդության կողմից հակացուցումներ չկան, չկան նաև ուղեկցող հիվանդություններ, ապա դա լիովին անվտանգ է: Նախքան այդ, վիրահատությունից հետո հարկ է մի քիչ չարչարվել: Հիվանդի խնդիրն է վերականգնել վերին վերջույթի ֆունկցիան և բարելավել ինքնազգացողությունը: Նրա ամենալավ օգնականն այս հարցում հատուկ մարմնամարզությունն է, իսկ հետվիրահատական վերքի լավացումից հետո կարելի է նաև լողով զբաղվել: 

Բուժման գործընթացի ժամանակ կինը պետք է տեղեկացված լինի հնարավոր բարդությունների և կանխարգելման այն մեթոդների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել բարդություններից:


Հետվիրահատական շրջան

Վիրահատության հաջորդ օրը հնարավոր է ակտիվ տեղաշարժվել և ինքնասպասարկվել: Վիրահատված կողմում ձեռքի շարժումների ընդլայնումը տեղի է ունենում 3-14 օրվա ընթացքում:


Ի՞նչ է սերոման

Կրծքագեղձի հեռացման ժամանակ, հատկապես եթե այն ուղեկցվում է լիմֆոդիսեկցիայով (շրջանային ավշային հանգույցների հեռացմամբ), բավականին մեծ վերքային մակերես է առաջանում: Եվ, չնայած այն արտաքինից ծածկված է մաշկային լաթերով, անխուսափելիորեն տեղի է ունենում վերքային հեղուկի արտազատում, որի հիմնական մասը կազմում է ավիշը: Մաստէկտոմիայից հետո ավշի արտազատումը օրինաչափ երևույթ է: Այն տեղի է ունենում 100% դեպքերում:


Նիհար կանանց մոտ տեղի է ունենում ավշի նվազագույն արտազատում, իսկ գեր կանանց մոտ համեմատաբար առատ է: Դրենաժները (պլաստիկե խողովակները) տեղադրվում են վիրահատության ժամանակ՝ ավշի արտահոսքն ապահովելու նպատակով: Սովորաբար այն հեռացնում են 7-10-րդ օրը: Եթե դրենաժի հեռացումից որոշ ժամանակ անց հետվիրահատական վերքի շրջանում՝ մաշկի տակ, կրկին տեղի է ունենում ավշի կուտակում, դա կոչվում է սերոմա: Որքան մեծ է վերքային մակերեսը և գեր է հիվանդը, այնքան սերոմայի առաջացման հավանականությունը մեծ է:  Սերոման որևէ  վտանգ չի ներկայացնում: Մեծ չափի սերոմաները դրսևորվում են այտուցվածությամբ, անհարմարավետության զգացումով, երբեմն` ցավով, կարմրածությամբ, բորբոքման միացման դեպքում` նաև մարմնի ջերմության բարձրացմամբ: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդը հետազոտվում է, ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում է սերոման և իրականացվում է պունկցիա, այսինքն, ներարկիչի օգնությամբ հեռացվում է ավելորդ հեղուկը: Երբեմն կարիք է լինում մի քանի պունկցիայի: Եթե ժամանակին դա չիրականացվի, տեղի կունենա սերոմայի թարախակալում, որի պարագայում հարկ է հակաբիոտիկներ նշանակել, դրենավորել բորբոքման շրջանը, ինչը երկարացնում է բուժման տևողությունը:


Ի՞նչ է լիմֆոստազը

Մաստէկտոմիայից և բուժումից հետո վիրահատության կողմում կարող է ձեռքի այտուց զարգանալ՝ լիմֆոստազ: Լիմֆոստազն առաջանում է հյուսվածքներում ավշի արտահոսքի խանգարման պատճառով առաջացած ավշային կանգի հետևանքով: Երբ ճառագայթման կամ վիրահատության ընթացքում անութային շրջանի ավշային հանգույցների և անոթների վնասման կամ հեռացման հետևանքով դանդաղում կամ խանգարվում է ավշի նորմալ շրջանառությունը, զարգանում է այտուց: Բոլորի մոտ չէ, որ առաջանում լիմֆոստազ (դեպքերի մինչև 15%-ը), սակայն այդպիսի բարդության հնարավորության մասին հիվանդը պետք է իմանա, որպեսզի ժամանակին հոգա` խուսափելու զարգացող բարդություններից: Դա շատ կարևոր է, քանի որ այտուց կարող է զարգանալ վիրահատությունից հետո մի քանի տարիների ընթացքում: Այտուցի առաջացման դեպքում պահանջվում է անհետաձգելի և որակավորված բուժում:


Մեր մասնագետներից կարող եք ստանալ շրջանառության խթանման համար բոլոր անհրաժեշտ խորհուրդները, ներառյալ` էլաստիկ բազկակապի կիրառումը, հատուկ վարժությունների, մերսման, բինտավորման իրականացումը:


Լիմֆոստազի պատճառներ կարող են լինել.

 

  • ավշային ուղիների հատումը կամ ֆիբրոզը,
  • ավշային անոթների վարակային ախտահարումը (մասնավորապես` կարմիր քամու ժամանակ),
  • ավշային ուղիների և հանգույցների պաշարումն` ուռուցքով:


Լիմֆոստազը կարող է զարգանալ վիրահատությունից մի քանի ամիս անց:


Դրանից խուսափելու համար, կինը պետք է իմանա, որ այտուց կարող է զարգանալ հետևյալ գործոնների ազդեցությամբ.

 

  • ջերմություն (շոգեբաղնիք, արև և այլն),
  • ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • վարակներ:


Մեր խորհուրդները

  • Անպայման մշակել ձեռքը: Վիրահատությունից հետո բուժող բժիշկը կասի, թե երբ սկսել մարմնամարզությունը (որպես կանոն՝ 7-10-րդ օրը): Վարժությունների անտեսումը կարող է բերել ուսահոդում շարժունակության ծավալի զգալի նվազման և, որպես հետևանք, աշխատունակության իջեցման:
  • Կանոնավոր կատարել ձեռքի մերսումներ. բարձրացնել ձեռքը, պատին հենվելով՝ թեթև շփել այն (դաստակից մինչև անութային շրջան):
  • Խուսափել վնասվածքներից (քերծվածք, կոշտուկ և այլն), խնամել եղունգները:
  • Հնարավորին խուսափել հիվանդ ձեռքի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից (սոլյարիում, արև):
  • Վիրահատության կողմում ձեռքի ներարկումներն անթույլատրելի են:
  • Մեկ տարվա ընթացքում խորհուրդ է տրվում վիրահատության կողմում սահմանափակել ձեռքի ծանրաբեռնվածությունը մինչև 1 կգ, իսկ հաջորդող 4 տարիների ընթացքում` մինչև 2 կգ, ապա՝ 3 կգ-ից ոչ ավելի: Պայուսակը պետք է կրել առողջ կողմի ուսին:
  • Անհրաժեշտ է խուսափել ձեռքերը կախ կամ թեքված դիրքում իրականացվող ցանկացած աշխատանքից: Այդպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են ձեռքի ավշային անոթներում ավշի կանգը կանխարգելելու համար:
  • Խորհուրդ է տրվում ափսեները լվանալիս, տնամերձ հողամասում աշխատելիս կամ լվացքի ժամանակ կիրառել պաշտպանական ձեռնոցներ՝ հատկապես ուժեղ ազդող լվացող նյութեր կիրառելիս:
  • Կարեք մատնոցով:
  • Մեղուների և մոծակների խայթոցից պաշտպանվելու համար օգտագործեք համապատասխան պաշտպանիչ միջոցներ:
  • Վիրահատված կողմում չի կարելի չափել զարկերակային ճնշումը:
  • Ձեռքը չպետք է ճնշման ենթարկել. հագուստի թևքերը շատ նեղ պետք է չլինեն, բացառել վերնաշապիկների վրա ձիգ թևնոցների առկայությունը: Ժամացույցը, ապարանջանը, տարբեր տեսակի օղերը ձեռքի վրա պետք է ազատ լինեն՝ առանց ձեռքը գրկելու:
  • Ամռանն արևից պաշտպանվելու համար կրեք երկարաթև վերնաշապիկներ և գլխարկ: Կերակուր պատրաստելիս խուսափեք այրվածքներից:
  • Լոգանք ընդունելիս և ամաններ լվանալիս շատ տաք ջուր մի օգտագործեք: Գերադասելի է լոգանքը փոխարինել ցնցուղով:
  • Պաշտպանեք ձեռքը այրվածքներից, կտրվածքներից, ճաքերից և քերծվածքներից: Դա շատ կարևոր է կարմիր քամու կանխարգելման համար, որը կարող է բերել ձեռքի այտուցի առաջացման:
  • Վնասվածքի դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ հոսող ջրով, կրկնակի մշակել այն հակասեպտիկ լուծույթով (70 տոկոսանոց սպիրտ, յոդ):
  • Աշխատանքից հետո պրոթեզով կրծկալը պետք է հանել, թողնել, որ մարմինը հանգստանա, հագնել ազատ, գերադասելի է բամբակյա հագուստ:
  • Տրանսպորտում, հասարակական վայրերում առողջ ձեռքով պաշտպանեք վիրահատության շրջանը:


Վարժություններ մաստէկտոմիայից հետո

Վերականգնման շրջանում ընդհանուր ինքնազգացողության բարելավման, ձեռքի շարժունակության վերականգնման և ճիշտ կեցվածքի պահպանման համար խորհուրդ է տրվում բուժական մարմնամարզություն: Ձեռքի ֆունկցիայի վերականգնման համար արդյունավետ են պարապմունքները լողավազանում:


Մարմնամարզությամբ պետք է զբաղվել և կեցվածքին հետևել դեռևս ստացիոնարում՝ բժշկի թույլտվությունից հետո: Այդպես ձեռքի վերականգնումն ավելի արագ տեղի կունենա:


Ինչպես կատարել վարժությունները

 

  • Պետք է զբաղվել կանոնավոր:
  • Օրվա կարգացուցակում ժամանակ հատկացնել վարժությունների համար և այդ մասին տեղեկացնել ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ոչ մի դեպքում չընդհատվեն այդ վարժությունները:
  • Ծանրաբեռնվածությունն ավելացնել աստիճանաբար: Սկսել վարժությունների քանակի ավելացմամբ, սակայն ոչինչ պետք չէ կտրուկ անել, այլ` աստիճանաբար:
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր