Նորություններ
Ահկ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում
Ահկ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում
18.02.2020

Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի զեկույցում։ Ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում այդ աճը կարող է հասնել 81%-ի։

 

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին բարձր եկամուտներ ունեցող երկրների 90%-ում քաղցկեղի համապարփակ բուժումը մատուցվել է հանրային առողջապահության համակարգի շրջանակում։ Ցածր եկամուտներով երկրներում այս ցուցանիշը 15% Է։

 

Զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մահվան պատճառը քաղցկեղն է, և քաղցկեղի բեռը շարունակում է աճել։ 2018 թվականին մոտ 9.6 մլն մարդ մահացել է քաղցկեղից (վերջին ամփոփված տվյալներն են)։ Մահացության աճը ավելի բարձր է աղքատ երկրներում, գրում է CNN-ը։

 

Այս անհավասարության պատճառներից մեկը քաղցկեղի ռիսկի գործոններին ենթակա մարդկանց հարաբերակցության տարբերությունն է։ Օրինակ, վարակներով պայմանավորված քաղցկեղների (ինչպիսին է մարդու պապիլոմավիրուսով հարուցված (ՄՊՎ) արգանդի վզիկի քաղցկեղը) մակարդակը ցածր եկամուտներով երկրներում ավելի բարձր է, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում։

 

Բացի այդ, Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն, ծխախոտի օգտագործումը կրճատվում է ԱՄՆ-ի պես զարգացած երկրում, բայց ոչ ցածր եկամուտներ ունեցող երկրներում։ Թոքի քաղցկեղը, որը կապված է ծխելու հետ, շարունակում է մնալ քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկը ողջ աշխարհում։

 

Քաղցկեղ ախտորոշման հաճախականության աճը կարելի է պայմանավորել նաև տարատեսակ սքրինինգային ծրագրերով և թեստերով, բայց հազիվ թե դա կարելի է հիմնական շարժիչ ուժ համարել, կարծում է բժիշկ Անդրե Իլբավին՝ ԱՀԿ կենտրոնակայանի Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի տեխնիկական կառավարիչը։


Քաղցկեղի վաղ ախտորոշումը հանրային առողջապահության առավել արդյունավետ մեթոդն է, անկախ երկրների եկամուտներից, ասվում է զեկույցում։ «Վաղ ախտորոշման դեպքում քաղցկեղը կարելի է ավելի արդյունավետ բուժել, ավելի քիչ թունավորմամբ, և ավելի քիչ ծախսերով», -ասել է Իլբավին։ «Քաղցկեղի վերահսկողությունը կարող է տնտեսապես արդյունավետ լինել», - հավելել է նա։

 

«Կարծիք կա, որ քաղցկեղը թանկ հիվանդություն է․․․ Բայց դա այդպես չպետք է լինի», - ասել է Իլբավին զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ։

 

Մինչև 2030 թվականը կարելի է 7 միլիոն կյանք փրկել, եթե կառավարությունները ցածր եկամուտներով երկրներում յուրաքանչյուր բնակչի համար ներդնեն մոտ $3, միջին եկամոտներով երկրներում՝ $4, իսկ բարձր եկամուտներով երկրներում՝ $8, ասվում է զեկույցում։

Ցածր եկամուտներով երկրներում մեծ խնդիր է նաև բժիշկների հասանելիությունը։ Զեկույցում առաջարկվող այլ ռազմավարությունները իրենց մեջ ներառում են քաղցկեղի առաջացման կանխարգելելի պատճառների վերացումը։


«Քաղցկեղը չպետք է մահավճիռ լինի։ Մենք հավատում ենք, որ կա ճանապարհային քարտեզ յուրաքանչյուր կառավարության համար, համաձայն որի քաղցկեղով հիվանդը կստանա լավագույն օգնությունը», - ասել է Իլբավին։


Սկզբնաղբյուր՝ CNN.com

 

 

Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր