Նորություններ
«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը
«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը
25.03.2020

Քաղցկեղով հիվանդ տղամարդը նամակ-ուղերձով դիմել է մեզ։ Ստորև ներկայացնում ենք այն։

 

Ես Գագոն եմ, վաթսունականներին, ավելի կոնկրետ 1961 թվականի մայիսի 6-ին ծնված, ութսունականներին «պոլիտեխնիկ» ավարտած։ Այդ ժամանակ շատ մոդայիկ բուհ էր, ավելի շուտ, ինստիտուտ էր։ Հայ մարդ եմ։

 

Սովետական Հայաստանում իմ կարիերան շատ հաջողված էր։ 1991 թվականին, երբ Սովետմիությունը փլուզվեց, ես արդեն հասցրել էի միջին մեծության գործարանի գլխավոր ինժեներ դառնալ։

 

Հետո...Հետո պատերազմ սկսվեց, որին, ինչ մեղքս թաքցնեմ, անմիջականորեն վախեցա մասնակցել, բայց թիկունքից շատ եմ օգնել։ Այնուհետև, 1996-ին, գնացի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նորից հաջողություններս սկսվեցին և դարձա հաջողակ բիզնեսմեն, և մինչև 2017 թվականը անցավ մեկ ակնթարթի պես։ Հա, մոռացա ասել, ունեմ 3 երխա, բոլորն էլ հաջողակ մարդիկ են, ուսում ստացել են Եվրոպական լավագույն բուհերում։

 

2017 թվականն էր...ի՞նչ եղավ։ Երկու տարի էր արդեն ես և կինս վերադարձել էինք Հայաստան։ Մի փոքր բիզնես էի դրել զբաղմունքի համար, Մոսկվայում իմ ստեղծած մեծ կայսրությունը թողել էի երեխաներիս, ու, կարելի է ասել, ապրում էի կայացած, ինքնաբավ մարդու կյանքով, մեկ էլ հանկարծ որոշեցի ծխելը թողնել։ Ես, մեծն Գագոս, որ կյանքում բազմաթիվ անգամներ ապացուցել էի մեծ կամքի ուժ ունենալը, բայց չէի կարողացել թարգել ծխելը․․․ Մեկ էլ հանկարծ ինքնստինքյան ստացվեց։ Դե, ստացվեց, ստացվեց։ Ես ուրախացա, բոլոր հարազատներս զարմացան, նույնիսկ թոռնիկներս ինձ նվերներ ուղարկեցին Մոսկվայից այդ կապակցությամբ, ու նորից շարունակեցինք ապրել մեր կյանքով։
Անցավ ևս երկու ամիս, մոտս սկսվեց թույլ արտահայտված, բայց դանդաղ շատացող հազ։ Մեկ ամիս ընդդիմանալուց հետո կինս ինձ տարավ բժշկի, դեկտեմբերի 20-նն էր։ Բժիշկը կրծքավանդակի ռենտգեն անելուց հետո ինձ ասաց․ «Դուրս եկեք, դուրսը սպասեք»։ Մի քանի րոպեից կինս դուրս եկավ այլայլված դեմքով, և ես ամեն ինչ հասկացա...

 

Այնուհետև, բազմաթիվ այլ հետազոտություններ, Գերմանիայում բիոպսիայի արդյունքում պարզվեց՝ թոքի քաղցկեղ, 3 փուլ։ Իհարկե, սկզբում ընտանիքս ուզում էր ինձանից թաքցնել, բայց վերջում ասեցի, որ ամեն ինչ հասկացել եմ և ճիշտը ինձ նորմալ պրոցեսների մեջ ըդգրկելն է։
Ախտորոշմանը հետևեց երկար ու տանջալից բուժման պրոցեսը՝ քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթային թերապիա։ Այդ ընթացքում, եթե առողջությունս ներում էր, անընդհատ կարդում էի իմ հիվանդության մասին․ ինտերնետով և նայև գրքերով, Մոսկվայից գնել էի, ու այնքան էի կարդացել, ոչ միայն իմ հիվանդության, այլ նաև այլ տեղակայման ուռուցքների մասին (քաչալը միշտ իրանից քաչալա ման գալիս), որ համարյա ուռուցքաբան էի դարձել։ Եվ ի՞նչ։ Եվ այն, որ այդ ամբողջ գրականության տվյաներով իմ՝ 5 տարի ապրելու հավանականությունը 50 %- ից քիչ է, սկսած հայտնաբերման պահից։

 

Հիմա 2020 թվականն է, անցել է 3 տարի, մեծ հավանականությամբ 2 տարվա ընթացքում ես կմահանամ, մանավանդ որ ոսկրերում որոշակի խնդիրներ են առաջացել։ Ու այս ամենը գիտակցելով, ես մինչև մարտի 1-ը, այսինքն, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդի հայտնաբերման առաջին դեպքը, ինձ համարում էի համարյա մահացած մարդ, որովհետև, եթե անցածս կյանքի 59 տարիները մի ակնթարթ էին, լավագույն դեպքում մնացած 2 տարին կարելի է համարել ոչինչ։

 

Բայց, արի ու տես, որ ամեն ինչ համեմատության մեջ է, և երկու տարին շատ մեծ ժամանակ է մարդու կյանքում:  Երբ իմացա, որ ամեն պահ կարող եմ վարակվել կորոնավիրուսով (Գերմանացի բժիշկս հեռախոսով ասաց, որ դա իմ դեպքում 99%-ով կլինի մահացու), հասկացա, թե ինչքան մեծ ժամանակ է 2 տարին, ու, ինչքան էլ որ տարորինակ լինի, հիմա շատ երջանիկ եմ, որովհետև դեռ ունեմ երկու տարի, ու դա նկատել են բոլոր հարազատներս իմ առօրյա գործողություններում։

 

5 րոպեում մարդիկ բանկ են կողոպտում, 5 րոպեում մարդու ուղեղը մահանում է, 5 րոպեում նոր մարդու սկիզբ է դրվում (իհարկե, սա մի քիչ գռեհիկ օրինակ է, բայց ես իմ հումորի զգացումը չեմ կորցնում), իսկ 2 տարին 210240 հատ հինգ րոպե է, այնպես որ, շնորհակալություն քեզ կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը։

 

Հ.Գ. Գնացեք և վայելեք Ձեր միլիոնավոր 5 րոպեները։

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Վլադիմիր Պոզներ 06.06.2020

Այնպիսի տպավորություն էր, որ ես մխրճվեցի աղյուսե պատի մեջ։ Այսինքն, այնպիսի ուժգնության հարված էր, որ դժվար էր պատկերացնել

«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Հաճախ տրվող հարցեր