Նորություններ
Ինչպիսի՞ տեսք ունեն «կասկածելի» խալերը
Ինչպիսի՞ տեսք ունեն «կասկածելի» խալերը
29.04.2020

Խալեր, բծեր, նևուսներ, սրանք բոլորը մաշկի բարորակ գոյացությունների անվանումն են, որոնք կարող են լինել բնածին կամ առաջանալ մարդու կյանքի ընթացքում: Խալերը կարող են տեղակայվել ամենուրեք, նույնիսկ լորձաթաղանթների վրա՝ ունենալով տարբեր ձև և գույն:  Խալերը ոչ մի կերպ չեն ազդում առողջության վրա և բուժում չեն պահանջում: Բացառություն կարող են կազմել շատ մեծ նևուսները, որոնք մարդուն որոշակի անհարմարություն են պատճառում կամ էսթետիկ տեսակետից տհաճ են են: Այս դեպքերում խորհուրդ է տրվում դրանք հեռացնել: Խալերի վտանգավորությունը կայանում է վերջիններիս չարորականացման հնարավորության մեջ: 


Ո՞ր խալերն են վտանգավոր


Ոչ բոլոր նևուսներն են հակված չարորականացման: Բժշկության մեջ խալերը դասակարգում են մելանոմավտանգավոր և մելանոմաանվտանգ: Առաջին խմբին դասվում են նևուսների հինգ տարատեսակ:


Շատ վտանգավոր է համարվում գիգանտ խալը, որը 50% դեպքերում վերածվում է չարորակ ուռուցքի:  Այն հսկայական բլրակապատ գոյացություն է, որը կարող է գրավել մարմնի զգալի մասը, օրինակ` մեջքը կամ կուրծքը:  Տեսքով այն հիշեցնում է մոխրագույն կամ շագանակագույն գորտնուկ: Գիգանտ խալն աճում է ամբողջ կյանքի ընթացքում:


Սահմանային խալը հավասարաչափ մուգ է կամ սև, հարթ և չոր մակերեսով, մինչև 1 սմ տրամագծով ոչ մեծ չափերի: Այն չի աճում և չի փոխում գույնը, նրա վրա չի ազդում արևի ճառագայթումը: Որպես կանոն, սահմանային նևուսը տեղակայվում է ներբանների, ափերի վրա, ինտիմ շրջանում, 10% դեպքերում վերածվում է չարորակ գոյացության: 


Երկնագույն նևուսը ոչ մեծ (սովորաբար 1 սմ) կարծր, կլոր խալ է՝ երկնագույն, մոխրագույն կամ կապտասևավուն, մաշկից բարձրացած և լավ ուրվագծված:  Տեղակայվում է գլխի և պարանոցի վրա, դաստակներին, ոտնաթաթերին, հետույքին:  Որպես կանոն, այս խալերը եզակի են, այսինքն, մարդու մոտ առկա են եզակի թվով: Չարորականացումը բավական հազվադեպ է տեղի ունենում:


Օտա նևուսը բավականին խոշոր, բնածին, կապտաշագանակագույն կամ կապտամոխրագույն բիծ է, որը տեղակայվում է դեմքի, ականջախեցու, բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա՝ այտի շրջանում: Ունի անհարթ եզրեր և ներկված է անհամաչափ: Հաճախ բնածին է կամ առաջանում է առաջին քսան տարվա ընթացքում՝ հիմնականում մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ:  Հազվադեպ է վերածվում մելանոմայի: 

Դյուբրեի մելանոզը բաց շագանակագույնից մինչև սև, անկանոն ձևի, հստակ եզրագծված սահմաններով ոչ մեծ բիծ է: Բիծը ներկված է անհամաչափ և, երբեմն, հիշեցնում է շագանակագույն ֆոնին սև թանաքի հետք: Զարգանում է հիմնականում դեմքի վրա՝ հաճախ բաց մաշկով, արևային ճառագայթման ենթարկված, որպես կանոն, 50-55 տարեկանն անց կանանց մոտ: Աճում է դանդաղ, համարվում է նախաքաղցկեղային վիճակ և մելանոմայի վերածվում է, ըստ տարբեր տվյալների, 45-75% դեպքերում:


Ի՞նչն է նպաստում խալի վերածմանը` մելանոմայի

 

Խալերի չարորակացման ռիսկի գործոններն են.

 

  • ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը,
  • խալերի վնասումը,
  • ժառանգական նախատրամադրվածությունը:

Ինչը՞ պետք է զգոնացնի


Ցավոք, քչերն են ուշադրություն դարձնում սեփական խալերին, և, արդյունքում, մարդը դիմում է բժշկի, երբ անվտանգ բիծը վերացվել է չարորակ ուռուցքի: Խալերի վերափոխման վտանգավոր ախտանիշները ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է դրանք կանոնավոր զննել:  Ահա այն նշանները, որոնք պետք է զգոնացնեն և ստիպեն դիմել բժշկի:


Գույնի փոփոխություն: Եթե խալը փոխել է գույնը կամ նրա վրա առաջացել են կետեր, այլ երանգի գծեր, դա կարող է վկայել խալի վերափոխման մասին: 


Եզրագծերի փոփոխություն: Բծի ոչ հստակ, սվաղված սահմանները վտանգավոր նշաններ են:


Անհամաչափություն: Սովորաբար նևուսները համաչափ են՝ բացառությամբ բնածին բծերի: Բծի անհամաչափ դառնալու փաստը պետք է զգոնացնի:


Խալերի մեծացում: Նորմայում խալը կարող է մեծանալ դեռահասի սեռական հասունացման շրջանում: Եթե մեծահասակի մոտ նևուսը հանկարծակի զգալիորեն մեծացել է չափերով, պետք է դիմել ուռուցքաբան-մաշկաբանի: 


Այլ ախտաբանական փոփոխություններ: Ցանկացած առաջացած փոփոխություն՝ կեղևի, ճաքերի, թեփոտման, քորի, ծակծկոցի, արյունահոսության, բծի շուրջը կարմիր շրջագծի առաջացում և այլն, առիթ են դիմելու մասնագետին: 


Հիշեք, որ սեփական ախտաբանությունն ինքնուրույն ախտորոշել հնարավոր չէ: Առավել ևս, չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, այն կարող է առողջությանը շատ մեծ վնաս հասցնել: Մասնագետն արագ, անցավ և բարձր ճշգրտությամբ կորոշի, թե ինչ բնույթ ունի գոյացությունը և բուժում կնշանակի: 


Անհրաժեշտության դեպքում, կասկածելի խալը հեռացվում է, և իրականացվում է հյուսվածաբանական քննություն՝ խալի բնույթը պարզելու համար:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր