Նորություններ
Հոգեբանական անկյուն․ Ինչու՞ են մարդիկ այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը
Հոգեբանական անկյուն․ Ինչու՞ են մարդիկ այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը
03.08.2020

Շարունակում ենք հարցազրույցների շարքը «Հոգեբանական անկյուն» խորագրով։ Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Աննա Բաղդասրայանը։ Այսօրվա քննարկման թեման է․ ի՞նչու են պացիենտներն այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը, և բուժման ո՞ր տեսակներն են ավելի շատ հոգեբանական խնդիրներ առաջացնում։ Ի՞նչ դեր ունի այս ամենում ընտանիքի սոցիալական վիճակը։


Ինչու՞ են պացիենտներն ու իրենց հարազատներն այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը։


Որքան էլ որ մարդն իր կյանքի ընթացքում լսած լինի տվյալ հիվանդության մասին, միևնույն է, նա երբեք պատրաստ չէ ընդունել, որ դա պատահել է իր հետ։ Անգամ երբ մարդը լաբորատոր-գործիքային հետազոտությունների պատասխանի է սպասում, ակնկալում և հույս է փափագում լսել տվյալ ախտորոշման հերքման մասին։


Քաղցկեղի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի հիմքում այն փաստն է, որ մեր հասարակության մեջ հիվանդության նկատմամբ առկա են որոշակի նախապաշարմունքներ և համոզմունքներ։ Այն է տվյալ հիվանդությունն անբուժելի է և անգամ կարող է բերել մահվան։ Սյսինքն, այն ընկալվում է որպես դատավճիռ, անկախ այն բանից, թե ինչ տիպի ուռուցք է, զարգացման որ փուլում է, բուժման ենթակա է, թե ՝ ոչ, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել մարդու մոտ բացասական հույզերի և ծանր հոգեկան ապրումների առաջացմանը։


Ուստի, եթե տեսնում եք, որ տվյալ ախտորոշմամբ Ձեր հարազատն ինքնամփոփ կամ ագրեսիվ է դարձել, տխուր է կամ ընկճված, հարկավոր է խոսել նրա հետ։ Կարևոր է փորձել հասկանալ,  թե ինչու է մարդն այդ վիճակում, միևնույն ժամանակ գիտակցելով, որ նմանատիպ վարքագիծը, ապրումներն ու հույզերը տվյալ ընթացքի համար համարվում են նորմալ և համապատասխան։ Սակայն, եթե խնդիրը շարունակվում է, և մարդը չի կարողանում ինքնուրույն հաղթահարել բացասական հուզական վիճակը, ապա անհրաժեշտություն է առաջանում դիմել հոգեբանի։


Ուռուցքային հիվանդությունն ինքնին հոգեսոցիալական խնդիր է և առաջնահերթ՝ ընտանեկան։ Սա նշանակում է, որ պացիենտի ընտանիքի անդամները չեն կարող տվյալ խնդրից անմասն մնալ, քանի որ հենց նրանց մասնակցությունն ու աջակցությունը հիվանդության հաղթահարման հարցում կարող է էական դեր և նշանակություն ունենալ։ Պացիենտը և իր ընտանիքի անդամները անցնում են մի ուղի, որի ժամանակ հնարավոր են բացասական հույզեր և ապրումներ (ինչպիսին են վախը, տագնապը, զայրույթը, տխրությունը, հիասթափությունը և այլն),  ինչպես նաև՝ ընտանիքում որոշ դերերի փոփոխություն, քանզի հիվանդության խնդիրը ընտանիքում դառնում է համընդհանուր։

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի մարդը (տվյալ ախտորոշմամբ) իրեն միայնակ չզգա։ Չնայած պահեր կլինեն, որ նա կցանկանա մեկուսանալ և իրեն կթվա, որ մարդիկ չեն ցանկանում կամ չեն կարող հասկանալ իր հուզական վիճակը։ Ըստ այդմ բուժման բոլոր փուլերում մտերիմների աջակցությունը չափազանց կարևոր է։ Միասին կիսված բարկությունը ավելի հեշտ է տանելը, քան չկիսվելու պարագայում, և անհաջողությունները միասին կիսելն ավելի դժվար է, քան ուրախությունը։ Նման դեպքերում հարազատների հետ հարաբերություններում դժվարություններն անխուսափելի են, բայց դա նորմալ է։ Կարևոր է հնարավորինս պահպանել կյանքի նախկին ապրելաոճը՝ պահպանելով շփման և հետաքրքրությունների շրջանակը։


Բուժման որ տեսակն են հոգեբանորեն ամենածանրը տանում պացիենտները և ինչո՞ւ դրա պատճառները ֆիզիկակա՞ն են, թե՝  հոգեբանական։


Նախ և առաջ նշեմ, որ արևոր է այն, թե երբ, ինչպես և ումից է պացիենտն իմացել իր ախտորոշման մասին։ Իհարկե, ամեն մարդ յուրովի է արձագանքում այդ լուրին։


Ինչ վերաբերում է բուժման տեսակներին, ապա սկսենք վիրահատական միջամտությունից։ Եթե բուժումը սկսվում է վիրահատական միջամտությամբ, ապա եթե դա օրգանապահպան վիրահատություն է, կամ եթե ներքին օրգանների հետ է կապված և արտաքնապես տեսանելի չէ, մարդը դա հոգեբանորեն շատ ավելի հեշտ է տանում, քան, եթե, օրինակ, դա կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի պարագայում ամբողջական հեռացում է ենթադրում, կամ եթե ստորին կամ վերին վերջույթների ամպուտացիայի մասին է խոսք գնում։


Իհարկե, կարևոր է, թե պացիենտը ինչպիսի հետվիրահատական վերականգնողական ընթացք կանցնի՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն։ Կարևոր է հոգեբանի խորհրդատվությունը թե՛ մինչև վիրահատությունը, թե՛ վիրահատությունից հետո։


Բուժման մյուս տեսակն է քիմիաթերապիան՝ հակաուռուցքային դեղամիջոցների կիրառմամբ բուժումը, որն ուղղված է ուռուցքային բջիջների ոչնչացմանը։


Պացիենտը պետք է իմանա և հասկանա , թե  ինչո՞ւ է նրան ցուցվել քիմիաթերապիա, և ո՞րն է տվյալ բուժման նպատակը։ Այս փուլում շատ կարևոր է բժշկի դերը, քանզի հենց նա պետք է կարողանա մանրամասն բացատրել, թե քիմիաթերապիան ինչ է և ինչ նպատակ ունի։ Բնականաբար, պետք է բացատրել, թե տվյալ բուժման ընթացքում ինչպիսի կողմնակի ազդեցություններ, բարդություններ կարող են լինել ողջ բուժման ընթացքում, որպեսզի պացիենտի համար անակնկալներ չլինեն։

Կան այնպիսի քիմիաթերապևտիկ դեղեր, որոնք նպաստում են մազաթափության առաջացմանը, ուստի, շատ են դեպքերը (մանավանդ կանանց շրջանում), երբ բուժման տվյալ փուլը շատ սթրեսային է լինում։ Քանզի դա կապված է արտաքին տեսքի ու կանացիության հետ։


Դրա համար շատ կարևոր է, որ պացիենտը հասկանա, ինչու համար է ստանում տվյալ բուժումը և իհարկե հիշի, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և ամբողջական քիմիաթերապևտիկ բուժումն ավարտելուց հետո մազերը նորից կաճեն։ Իսկ բուժման ընթացքում նա կարող է գեղեցիկ գլխաշորեր կամ կեղծամ կրել։ Կան կանայք, ովքեր նախապես են գնում դրանք, ուրիշները մազերն են աստիճանաբար կարճացնում, որպեսզի քիչ-քիչ ընտելանան նոր տեսքին։ Բնականաբար, երբ մազերը թափվում են, հենց այդ ժամանակ են բացասական  հույզերն ինտենսիվ դառնում, և որոշակի ժամանակ (ինչը անհատական է տարբեր մարդկանց մոտ) հետո արդեն քիչ-քիչ տեղի է ունենում նոր արտաքին տեսքին հարմարման պրոցեսը։


Քաղցկեղով պացիենտի ֆինանսական ապահովվածությունը որքանո՞վ է ազդում հոգեբանական վիճակի վրա։


Ինչ խոսք, յուրաքանչյուր դեպք անհատական է, և այո մեր օրերում, ցավոք սրտի, ֆինանսական գործոնը կարող է զգալի դեր խաղալ բուժման որոշ տեսակների հարցում։ Ճիշտ է, վերջին ժամանակներս իրավիճակն էականորեն փոխվել է, քանի որ պետությունը բուժման որոշակի տեսակների ծախսերն ամբողջությամբ իր վրա է վերցրել, սակայն կան դժվարամատչելի հետազոտություններ կամ քիմիաթերապևտիկ շատ թանկ դեղեր, որոնց արժեքն առայժմ պետությունը չի փոխհատուցում։


Եթե պացիենտը մեծահասակ է, ունի երեխաներ, որոնք աշխատում են ու ի վիճակի են հոգալ այդ ծախսերը, ապա նա հոգեբանորեն ավելի հանգիստ է իրեն զգում, ու առաջին պլան է դուրս գալիս հիվանդության հաղթահարման գործոնը։ Բայց շատ են դեպքերը, ցավոք սրտի, երբ առկա է ֆինանսական խնդիրը, և գերակշռում է ոչ թե հիվանդությունը հաղթահարելու, այլ բուժման ծախսերը հոգալու գործոնը։ Այդ պահը ավելի ծանր է ապրվում, քան բուն ախտորոշման հարցը։ Նման դեպքերում խորհրդատվության ընթացքում պացիենտի հետ վերլուծվում են տվյալ խնդիրը լուծելու հնարավոր քայլերը կամ տարբերակները, ինչը իր հերթին մեղմացնում է տվյալ պահին պացիենտի մոտ առկա բացասական հուզական վիճակը։ Այսինքն, ցույց է տրվում , որ կան հարցը լուծելու որոշակի հնարավոր ելքեր։



ՀԳ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստացիոնար պացիենտների համար հոգեբանի խորհրդատվությունն իրականացվում է անվճար, ամբուլատոր՝ վճարովի հիմունքներով։



 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր