Նորություններ
Մասնագիտական այրման համախտանիշ
Մասնագիտական այրման համախտանիշ
16.12.2015

Մասնագիտական այրման համախտանիշը զարգանում է քրոնիկական սթրեսի ֆոնի վրա՝ բերելով աշխատող մարդու հուզական-էներգետիկ և անձնական ռեսուրսների սպառման: Մասնագիտական այրումն առաջանում է բացասական հույզերի ներքին կուտակման արդյունքում՝ առանց համապատասխան ՛՛լիցքաթափման՛՛ կամ նրանցից ՛՛ազատման՛՛:


1981թ. Է.Մորոուն (A. Morrow) վառ հուզական կերպար առաջարկեց, որն, իր կարծիքով, արտացոլում էր մասնագիտական այրման դիսթրեսի մեջ գտնվող աշխատողի ներքին վիճակը .՛՛Այրվող հոգեբանական հաղորդալարի հոտը՛՛:


Բժիշկ-ուռուցքաբաններն ու ուռուցքաբանական բաժանմունքի միջին բուժանձնակազմը խիստ հակված են այս համախտանիշին: Նման եզրակացության համար հիմք են հանդիսանում ինչպես ընդհանուր պատճառները, որոնք բնորոշ են բոլոր կատեգորիայի աշխատողների մոտ «մասնագիտական այրման» ի հայտ գալուն, այնպես էլ նրանց գործունեության բնույթով պայմանավորված առանձնահատկությունները:


Ընդհանուր պատճառներից են.


  • տարբեր մարդկանց հետ ինտենսիվ շփումը, այդ թվում բացասաբար տրամադրված;
  • աշխատանքը փոփոխվող պայմաններում, բախումն անկանխատեսելի հանգամանքներին;
  • կյանքի առանձնահատկությունները մեգապոլիսում, հասարակական վայրերում մեծաքանակ անծանոթ մարդկանց հետ ստիպողական շփման և հաղորդակցման պայմանները, սեփական առողջության բարելավման նպատակով հատուկ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակի և միջոցների բացակայությունը: 


Հատուկ պատճառներին  կարելի է դասել.

 

  • մասնագիտական բնույթի(կարիերայի աճ) և աշխատանքային պայմանների (անբավարար աշխատավարձ, աշխատավայրի վիճակը, հաջող և որակյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի բացակայությունը) հետ կապված խնդիրները;
  • որոշ դեպքերում հիվանդներին օգնություն ցուցաբերելու անհնարինությունը ;
  • ավելի բարձր մահացություն քան մյուս բաժանմունքների մեծամասնությունում;
  • հիվանդների և նրանց հարազատների ազդեցությունը, որոնք ձգտում են սեփական հոգեբանական խնդիրները լուծել բժշկի հետ շփման հաշվին;
  • վերջին ժամանակների միտումը՝ հիվանդի մահվան դեպքում նրա հարազատների իրավական պահանջներով, հայցերով, գանգատներով հանդես գալու սպառնալիքը:

 

Մասնագիտական այրումը քիչ է վերաբերում այն մարդկանց , ովքեր մասնագիտական սթրեսը հաղթահարելու հաջող փորձ ունեն և լարված իրավիճակներում կարողանում են կառուցողականորեն փոխվել: Բացի այդ, դրան առավել կայուն դիմակայում են բարձր ինքնագնահատական և սեփական հնարավորությունների և ունակությունների նկատմամբ ինքնավստահ անձիք: Մասնագիտական այրման նկատմամբ կայուն մարդկանց կարևոր տարբերակիչ գծերից է հանդիսանում իրենց մեջ դրական, լավատեսական արժեքների և վերաբերմունքի ստեղծման ու պահպանման ունակությունը՝ ինչպես սեփական անձի նկատմամբ, այնպես էլ այլ անձանց և կյանքի նկատմամբ առհասարակ:


Ըստ Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ն.Վ. Սամոուկինայի տվյալների՝ մասնագիտական այրման համախտանիշը կազմող ախտանիշները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ հոգեֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և վարքագծային:


Մասնագիտական այրման համախտանիշի հոգեֆիզիկական ախտանիշներից են.

 

  • մշտական, համառ հոգնածության զգացումը ոչ միայն երեկոյան ժամերին, այլ նաև առավոտյան՝ քնից անմիջապես հետո (քրոնիկական հոգնածության ախտանիշ);
  • հուզական և ֆիզիկական հյուծվածության զգացողությունը;
  • արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ ընկալունակության և արձագանքելու ունակության նվազումը (նորարարական գործոնների նկատմամբ հետաքրքրասիրության կամ վտանգավոր իրավիճակներում վախի բացակայություն);
  • ընդհանուր ասթենիզացիան (թուլություն, էներգիայի և ակտիվության նվազում, արյան բիոքիմիական և հորմոնալ ցուցանիշների վատթարացում);
  • հաճախակի առանց պատճառի գլխացավերը; աղեստամոքսային ուղու մշտական խանգարումները;
  • քաշի կտրուկ նվազումը կամ ավելացումը;
  • լրիվ կամ մասնակի անքնությունը (արագ քուն մտնելը և վաղ առավոտյան քնի բացակայությունը՝ սկսած ժամը 4-ից, կամ ընդհակառակը, երեկոյան դժվար քուն մտնելը՝մինչև 2-3 ժամ, և առավոտյան դժվար արթնանալը, երբ անհրաժեշտ է աշխատանքի գնալ);
  • մշտական արգելակված, քնկոտ վիճակը և ողջ օրվա ընթացքում քնելու ցանկությունը;
  • հուզական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը կամ շնչառության խանգարումը;
  • արտաքին և ներքին սենսոր զգացողության նկատելի նվազումը. տեսողության, լսողության, հոտառության և շոշափելիքի վատթարացում, ինչպես նաև ներքին և մարմնական զգացողությունների կորուստ:


Մասնագիտական այրման սոցիալ-հոգեբանական ախտանիշներին են պատկանում այնպիսի տհաճ զգացողություններն ու ռեակցիաները, ինչպիսիք են.


  • անտարբերությունը, տխրությունը, պասիվությունն ու դեպրեսիան (իջած հուզական տոնուսը, ընկճվածության զգացումը);
  • աննշան, փոքր միջադեպերի նկատմամբ արտահայտված դյուրագրգռությունը;
  • հաճախակի նյարդային ՛՛պոռթկումները՛՛ (բարկության չհիմանվորված բռնկումները կամ հաղորդակցումից հրաժարվելը, ինքնամփոփ դառնալը);
  • մշտապես բացասական հույզերի վերապրումը, որոնց համար արտաքին իրավիճակում պատճառներ չկան (մեղքի, նեղացվածության, կասկածամտության, ամոթի, կաշկանդվածության զգացումը);
  • չգիտակցված անհանգստության և բարձր տագնապի զգացումը (զգացողություն, որ ինչ-որ մի բան այնպես չէ, ինչպես պետք է լինի);
  • գերպատասխանատվության կամ մշտական վախի զգացումը, որ ՛՛ չի ստացվի՛՛ կամ տվյալ անձը ՛՛ չի կարողանա՛՛;
  • կյանքի և մասնագիտական հեռանկարների նկատմաբ ընդհանուր բացասական տրամադրվածությունը ( "Որքան ուզում ես փորձի, միևնույնն է չի ստացվի" տարբերակով):


Մասնագիտական այրման վարքագծային ախտանիշներին են  վերաբերում աշխատողի հետևյալ արարքներն ու վարքի ձևերը.

 

  • զգացողություն, որ աշխատանքը գնալով ծանրանում է , իսկ այն կատարելը՝  դժվարանում  ;
  • աշխատակիցը նկատելիորեն փոխում է իր օրվա աշխատանքային ռեժիմը (վաղ է գալիս աշխատանքի և գնում է ուշ, կամ ընդհակառակը, ուշ է գալիս աշխատանքի և շուտ գնում);
  • անկախ օբյեկտիվ անհրաժեշտությունից՝ աշխատակիցը մշտապես աշխատանքն իր հետ տուն է տանում, սակայն տանն այն ևս չի կատարում;
  • ղեկավարը հրաժարվում է որոշումներ կայացնելուց՝ ձևակերպելով տարբեր պատճառներ իրեն և մյուսներին բացատրություններ տալու համար;
  • թերարժեքության զգացում, իրավիճակի բարելավման նկատմամբ թերահավատություն, աշխատանքի նկատմամբ ոգևորության նվազում, արդյունքների նկատմամբ անտարբերություն;
  • կարևոր, առաջնահերթ խնդիրները հետաձգելը և մանր խնդիրներով երկար ժամանակ զբաղվելը, ինչպես նաև  ծառայողական պահանջներին չհամապատսխանող աշխատանքային ժամանակի  մեծ մասը քիչ գիտակցված կամ չգիտակցված ավտոմատ և տարրական գործողությունների վրա ծախսելը:

 

Եթե Դուք ձեր կամ ձեր գործընկերների մոտ նկատում եք այս ախտանիշները, անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ, որոնք կպաշտպանեն ձեր հոգեկանը համախտանիշի վնասակար ազդեցությունից: Առաջին հերթին Ձեզ հանգիստ է հարկավոր: Մտածեք այդ մասին ինքներդ և բացատրեք դա ձեր ղեկավարին. առանց այդ հնարավորության դուք չեք կարող լիարժեք կատարել ձեր աշխատանքը: Փորձեք գիտակցաբար վերաբերել «սահմանային» իրավիճակին. չէ որ դուք այդ ժամանակ հատում եք ձեր անձնական և մասնագիտական կյանքի միջև գոյություն ունեցող անտեսանելի սահմանը: Փորձեք գիտակցել այդ պահը աշխատանքի գնալիս և նորից վերադարձեք այդ մտքին տուն վերադառնալիս: Ասացեք ինքներդ ձեզ, որ աշխատանքը դա ձեր ողջ կյանքը չէ. այնտեղ դուք կատարում եք որոշակի պարտականություններ և լուծում եք կարևոր խնդիրներ, սակայն աշխատանքից տուն գնալիս դուք չպետք է ձեր հոգում կրեք խնդիրների ողջ բեռը:


Աշխատանքային օրվա ընթացքում աշխատունակության բարձրացման գործոններ կարող են հանդիսանալ.

 

  • սիրելիների, հիշարժան վայրերի լուսանկարները, գեղեցիկ բնանկարները, որոնք անհրաժեշտ է ոչ միայն պարզապես տեղադրել աշխատավայրում, այլ նաև երբեմն մի քանի վայրկյանով նայել դրանց, կարծես «տեղափոխվելով» առավել հարմարավետ և հաճելի միջավայր;
  • աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 2 անգամ 5-10 րոպեով մաքուր օդ դուրս գալու հնարավորությունը;
  • ցիտրուսային հոտը (այն կարող է լինել սաշե կամ այլ անուշաբույր, կամ պարզապես մանդարին, նարինջ կամ մեկ բաժակ հյութ, որը դուք չեք մոռացել ձեզ հետ աշխատավայր վերցնել);
  • «սպիտակ թերթի» հնարքը. նստեք, փակեք աչքերը և պատկերացրեք սպիտակ թերթ, որի վրա ոչինչ գրված չէ, փորձեք որքան կարող եք երկար ժամանակ այդ պատկերը մտապահել՝ առանց որևէ այլ բանի մասին մտածելու և որևէ այլ պատկեր պատկերացնելու;
  • խորը շնչառություն, որի ժամանակ ամեն հաջորդ ներշնչումից առաջ մի քանի վայրկյան պահեք շնչառական մկանների հերթական շարժումները  (լավ կլինի այդ ժամանակ «որովայնով» շնչել):


Այրման համախտանիշի կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունեն նաև հետևյալ եղանակները.


  • "time-out" կիրառում, որն անհրաժեշտ է հոգեկան և ֆիզիկական բարեկեցությունն ապահովելու համար (աշխատանքից հանգստանալ);

  • կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանում (այն ոչ միայն ապահովում է հետադարձ կապը, որը վկայում է, որ մարդը գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, այլ նաև բարձրացնում է երկարաժամկետ մոտիվացիան; կարճաժամկետ նպատակներին հասնելը հաջողություն է, որը բարձրացնում է ինքնակառավարման աստիճանը);

  • ինքնակառավարման հմտություններին և սովորույթներին տիրապետելը (թուլացումը, իդեոմոտոր ակտերը, նպատակների սահմանումը և ներքին դրական խոսքը նպաստում են այրման հանգեցնող սթրեսի մակարդակի իջեցմանը);

  • մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը (այրման համախտանիշի պաշտպանության եղանակներից  է հանդիսանում գործընկերների հետ  մասնագիտական տեղեկատվության փոխանակումը, որն առավել մեծ աշխարհի զգացողություն է տալիս քան այն, որ գոյություն ունի առանձին կոլեկտիվի ներսում. դրա համար գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ որակավորման բարձրացման կուրսեր, գիտաժողովներ և այլն);

  • ավելորդ մրցակցությունից խուսափելը (լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չէ խուսափել մրցակցությունից, սակայն չափից դուրս հաղթանակին ձգտելը  բերում է տագնապի առաջացման, որը մարդուն դարձնում է ագրեսիվ, ինչն էլ նպաստում է այրման համախտանիշի ծագմանը);

  • հուզական շփումը (երբ մարդ վերլուծում է սեփական զգացմունքները և կիսվում  նրանցով ընկերների հետ, այրման համախտանիշի հավանականությունը զգալիորեն նվազում է կամ էլ այնքան արտահայտված չի լինում), բացի այդ կարևոր է ունենալ ընկերներ նաև այլ մասնագիտական ոլորտներից, որպիսի հնարավոր լինի որոշ ժամանակով կտրվել աշխատանքից;

  • լավ ֆիզիկական վիճակի պահպանումը (չպետք է մոռանալ, որ մարմնի և բանականության միջև գոյություն ունի սերտ կապ. անկանոն սնունդը, սպիրտային խմիչքների, ծխախոտի չարաշահումը խորացնում են այրման համախտանիշի դրսևորումները):

 

Այս եղանակներն օգնում են հանել րոպեական լարվածությունը, ձեր աշխարհընկալման հոգեբանական ֆոնը բժիշկ-ուռուցքաբանի համար շատ դեպքերում պայմանավորված է կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայական վերաբերմունքով, նրա հասկացողությամբ, թե մարդ ինչ է կարող և ինչ չի կարող փոխել: Իհարկե յուրաքանչյուր իրավիճակ ունիկալ է, և սթրեսի, հոգնածության ընկալումը, սեփական անձից և աշխատանքից դժգոհությունները հիմնված են խնդիրների ունիկալ համալիրի վրա, որն առանձնահատուկ է յուրաքանչյուրի համար:

Սամոուկինա Ն.Վ. (Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանության ինստիտուտ) Մասնագիտական այրման համախտանիշ, «Մեդիցինսկայա գազետա» №43 – 8 հունիսի 2005 թ.

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր