Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

ՈւԱԿ. ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթների կիրառումն է ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում:
 
Մի շարք դեպքերում, օրինակ, մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում, ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակով:
             
  Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք  


Տեխնիկական հագեցվածությունը  և գործունեությունը


Առավել հաճախ կիրառվում է, այսպես կոչված, հեռահար ճառագայթային բուժումը, որի դեպքում ճառագայթահարումը կատարվում է մարմնից որոշակի հեռավորության վրա գտնվող հատուկ սարքերի միջոցով:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ հասանելի են հեռահար ճառագայթային բուժման ժամանակակից մոտեցումները:

 

Բաժանմունքը հագեցված է հեռահար ճառագայթային բուժման ապահովման ժամանակակից սարքերով և լուծումներով.

 

 

 

 

 

   

Էլեկտրոնների գծային արագացուցիչ ELEKTA Compact (2013թ.): Շվեդական արտադրության արագացուցչային համալիրը թույլ է տալիս իրականացնել լիարժեք եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում (3D-CRT), որը ներկայում ուղեցուցային մոտեցում է չարորակ նորագոյացությունների մեծ մասի ճառագայթային բուժման գործընթացում: Արագացուցիչը հագեցված է բազմաթերթ կոլիմատոր կոչվող սարքով, որի շնորհիվ հնարավոր է ճառագայթման փնջերը հարմարեցնել ճառագայթվող ուռուցքների չափերին և ձևին` առավելագույն պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները:

       

 

 

    Կոբալտային գամմա-թերապևտիկ սարք TERABALT (2006թ.): Չեխական արտադրության այս սարքն աչքի է ընկնում մեծ հուսալիությամբ և բազմաթիվ իրավիճակներում կարող է արդյունավետ ու մատչելի տարբերակ լինել շատ ուռուցքային հիվանդությունների բուժման համար: Սարքn ամբողջովին արդիականացվել է 2014 թվականին` հագեցվելով գործունեության կառավարման թվային համակարգով:
       

 

 

   

Օրթովոլտային ռենտգեն թերապևտիկ սարք: Սարքը մեծ առավելություն ունի մակերեսայնորեն տեղակայված ախտաբանական գործընթացների ճառագայթման համար և լայնորեն կիրառվում է մաշկի նորագոյացությունների, մի շարք բարորակ և ոչ ուռուցքային գործընթացների բուժման համար:

 

Բաժանմունքում յուրաքանչյուր պացիենտի բուժումն իրականացվում է ըստ անհատական մշակված պլանի՝ միջազգային ուղեցույցերին համապատասխան:

 

  Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք  

 

Ճառագայթային բուժման նախապատրաստման և պլանավորման փուլի համար բաժանմունքը հագեցած է մի շարք ժամանակակից բարձր տեխնոլոգիական լուծումներով.


ՀՇ սիմուլյատոր (Siemens Somatom Emotion, 2014),

կոնվենցիոն սիմուլյատրո (Simulix, 2002),

Oncentra Masterplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (3-աչափ կոնֆորմալ ՌԹ),

Terraplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (2-2.5D-ՌԹ):

 

Բաժանմունքում տարեկան ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1300 ուռուցքաբանական հիվանդներ` տարբեր տեղակայման, այդ թվում` գլխուղեղի, գլխի և պարանոցի, կրծքագեղձի, կրծքավանդակի օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի, միզասեռական օրգանների, որովայնի խոռոչի օրգանների նորագոյացություններով, արյունաբանական հիվանդություններով: Ռադիոթերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ` համակցված կամ` որպես համալիր բուժման բաղադրիչ մաս:


Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կառույցների հետ` մշտապես ջանալով լավագույն միջազգային մոտեցումները ներդնել` ի նպաստ Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության զարգացմանը: ԱԷՄԳ հետ համագործակցության ծրագրերը թույլ են տվել զգալիորեն արդիականացնել բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կազմակերպել բժիշկների և բժշկական ֆիզիկոսների բազմակի վերապատրաստումներն` արտերկրում:


Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմն իր ճանաչումն է գտել նաև միջազգային հարթակում. վերջին տարիներին բաժանմունքին վստահվել է ԱԷՄԳ աջակցությամբ արտերկրյա մասնագետների 1-3 ամսյա մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՈՒԱԿ-ում, իսկ բաժնի բժիշկներից ներգրավվել են ԱԷՄԳ և այլ միջազգային կազմակերպությունների միջազգային ծրագրերում որպես փորձագետ-դասախոսներ:

 

Բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն ներգրավված են նաև տարբեր գիտական և գիտակրթական ծրագրերում, բազմիցս մասնակցել են տեղական և միջազգային գիտական և գիտա-գործնական միջոցառումների, անդամակցում են տարբեր հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունների (ESTRO, ESMO, ASCO և այլն): 

 

Վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում


2019 թվականի փետրվարին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում ներդրվեց ռադիոնուկլիդային բուժման եղանակ՝ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժում ռադիոակտիվ յոդով (I-131):

 

Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

 

Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր  հայրենակիցները, ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար, մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:

 

Այսօր միջազգային ներկա չափանիշներին համապատասխանող ռադիոյոդային բուժման համար բաժանմունքում առկա են բոլոր պայմանները՝ ժամանակակից սարքեր, հարմարավետ հիվանդասենյակներ, միջազգային նորագույն մոտեցումներ:

 

Բաժանմունքի վարիչ
Թաթուլ Շոպենի Սաղաթելյան,  բ.գ.թ,
Էլ. հասցե. tatul_sagh@yahoo.com, saghatelyan@armtelemed.org
Հեռախոս. +374 91 42 19 28

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

ՈՒԱԿ բարեփոխումներ. քիմիաթերապիայի բաժանմունք 16.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երկրորդ ռեպորտաժն անդրադառնում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի նորություններին, մասնավորապես, Հայաստանում և տարածաշրջանում եզակի Բացօթյա սրահին։

Հաճախ տրվող հարցեր