Նորություններ
Թոքի քաղցկեղ․ Ի՞նչ պետք է իմանալ այդ հիվանդության մասին
Թոքի քաղցկեղ․ Ի՞նչ պետք է իմանալ այդ հիվանդության մասին
29.12.2020

 

Թոքի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն առաջանում է թոքային հյուսվածքի և բրոնխների գեղձերից և լորձաթաղանթից։

Թոքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության World Cancer Report -2012 զեկույցի տվյալներով՝ 2012 թվականին աշխարհում գրանցվել է թոքի քաղցկեղի 1,82 միլիոն նոր դեպք, և այդ հիվանդությունից մահվան՝ 1,56 միլիոն դեպք, ինչը կազմել է քաղցկեղից ընդհանուր մահացության 20 տոկոսը։ Տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղը ուռուցքային հիվանդություններից մահացության առաջատար պատճառն է, իսկ կանանց մոտ երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։



Դեպքերի մեծ մասում թոքի քաղցկեղը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ ուռուցքի ամբողջական վիրահատական հեռացումն արդեն անհնար է, և թերապևտիկ հնարավորությունները սահմանափակվում են քիմիաճառագայթային բուժմամբ։ Իսկ նման դեպքերում հիվանդության կանխատեսումները այդքան էլ լավը չեն՝ հնգամյա ապրելիությունը չի գերազանցում 17,7 տոկոսը։ Այդ իսկ պատճառով ուռուցքաբանության կարևորագույն խնդիրներից է թոքի քաղցկեղի սկրինինգը և ժամանակին ախտորոշումը, ինչպես նայև առաջնային կանխարգելումը, և առաջին հերթին պայքարը ծխելու դեմ, որն այդ հիվանդության ռիսկի գլխավոր գործոնն է։


 

 


Թոքի քաղցկեղի ռիսկի գործոններն են․


  • Ծխելը: Որոշ հետազոտությունների համաձայն, հիվանդության դեպքերի 90 տոկոսը ասոցացվում է ծխելու հետ, ինչն իր հերթին պայմանավորված է ծխախոտային ծխի մեջ քաղցկեղածին նյութերի բարձր պարունակությամբ։ Ըստ վիճակագրության՝ ծխելու պատճառով առաջացած թոքի քաղցկեղից տարեկան մահանում է 1,5 միլիոն մարդ, և ընթացիկ միտումների պահպանման դեպքում 2020-2030թթ այդ թիվը կհասնի տարեկան 2 միլիոնի։
  • Ռադիոակտիվ ռադիումի տրոհման արդյունքում առաջացող ռադոնի մուտագեն ազդեցություն;
  • Այլ հիվանդությունների բուժման համար կիրառվող ճառագայթային թերապիա;
  • Շրջակա միջավայրում (ասբեստ, մկնդեղ, նիկել, իոնացնող ճառագայթում և այլն) պարունակվող թունանյութերի քաղցկեղածին ազդեցություն;
  • Թոքային ֆիբրոզ;
  • ՄԻԱՎ վարակ;
  • Ժառանգականություն;
  • Սննդամթերքի ջերմային մշակման համար կիրառվող սննդայուղերի քաղցկեղածին ազդեցություն։
 



Թոքի քաղցկեղի կլինիկական արտահայտությունները


Որպես կանոն կլինիկական պատկերն առաջանում է հիվանդության ուշ փուլերում՝ առաջնային ուռուցքի տարածման, մետաստազների, ինչպես նաև պարանեոպլաստիկ համախտանիշների առաջացման հետևանքով։


Հիվանդության ամենատարածված ախտանիշներն են․


  • Տևական կամ հետզհետե ուժգնացող հազ;
  • Արյունով կամ ժանգի գույնի խորխով հազ;
  • Ցավ կրծքավանդակում, որն ուժեղանում է խորը շնչելուց, հազալուց կամ ծիծաղելուց
  • Խռպոտություն;
  • Քաշի կորուստ, ախորժակի բացակայություն;
  • Հևոց;
  • Հոգնածություն, թուլություն;
  • Շնչական ուղիների կրկնվող վարակներ (բրոնխիտ, պնևմոնիա)։
  • Մետաստատիկ թոքի քաղցկեղի դեպքում, մետաստատիկ պրոցեսի տեղակայումից կախված կարող են լինել ցավեր ոսկրերում, գլխացավ, վերջույթների թմրածություն, գլխապտույտ, մաշկի և աչքի դեղնուկ, ավշահանգույցների մեծացում։
  • Արյան հոսք հորմոնանման նյութերի ներթափանցման պատճառով զարգանում են պարանեոպլաստիկ համախտանիշներ, որոնք կարող են թոքի քաղկցեկի առաջին ախտանշանները լինել՝ հիպերկալցիեմիա, Կուշինգի համախտանիշ, արյան տարբեր փոփոխություններ, հիպերտրոֆիկ օստեոարթրոպատիա, պոլիմիոզիտներ, դերմատոմիոզիտներ և այլն։
 



Ախտորոշում


  • Թոքի քաղցկեղի կասկածի դեպքում առաջին հերթին կատարվում է պացիենտի մանրակրկիտ կլինիկական զննում։ Հիվանդության բացահայտ ախտանիշները կարող են վկայել զարգացող հիվանդության մասին։
  • Հիմնական ախտորոշիչ միջոցառումներն են ռադիոգրաֆիկ հետազոտական մեթոդները, առաջին հերթին, կրծքավանդակի կոնտրաստով համակարգչային շերտագրումը, որը թույլ է տալիս որոշել ուռուցքի տեղակայումը և պլանավորել թիրախային բիոպսիան։ Սակայն ՀՇ միջոցով շատ հաճախ չի հաջողվում նույնականացնել մետաստազները, այդ թվում՝ միջնորմի ավշահանգույցներում ։
  • Այդ դեպքերում նախապատվությունը տրվում է պոզիտրոնա-էմիսիոնային շերտագրությանը (ՊԵՏ), որը թույլ է տալիս նույնականացնել ինչպես առաջնային ուռուցքը, այնպես էլ մետաստազները, ինչպես նաև գնահատել բուժման միջանկյալ արդյունավետությունը։ Նպատակահարմար է նաև ՊԵՏ/ՀՇ համակցված հետազոտությունը։
  • Բրոնխոսկոպիա։ Շնչափողի և բրոնխների վիզուալ հետազոտման մեթոդ, որի ժամանակ կատարվում է նաև բիոպսիա։ 

 



Բուժում


Թոքի քաղցկեղի բուժման մարտավարությունը հիմնականում կախված է ուռուցքի տեսակից և զարգացածության աստիճանից։ Բացի այդ, բուժման ընտրության ժամանակ հաշվի են առնում պացիենտի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները և թոքերի ֆունկցիոնալ վիճակը։


Թոքի քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական բուժում, սիստեմային բուժում կամ քիմիաթերապիա և թիրախային կամ կենսաբանական բուժում, ինչպես նաև ճառագայթային բուժում։ Բուժման մեթոդի ընտրությունը կախված է վերը շարադրած պայմաններից, յուրաքանչյուր մեթոդը կարելի է կիրառել առանձին կամ համադրելով բուժման այլ մեթոդների հետ։


 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր