Պացիենտների համարՀիվանդություններ
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը
27.10.2016

Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած այդ փաստին, մեծամասամբ, դրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ` որոշ մարդկանց մոտ քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, զարգանում է քաղցկեղ: Այնուամենայնիվ, ռիսկի գործոնների մասին տեղեկացվածությունը կօգնի` առողջ կենսակերպ վարելով, նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (ԹՈՄՔ) հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են անցյալում, թեև չծխողների մոտ նույնպես կարող է ԹՈՄՔ զարգանալ: Ուստի կարևորվում է ԹՈՄՔ-ի ռիսկի գործոնների, նախանշանների և ախտանիշների մասին տեղեկացվածությունը:

 Ստորև ներկայացվում է ԹՈՄՔ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները.

  • Ծխախոտը և ծխելը: Վտանգը, որ ծխելը կբերի քաղցկեղի առաջացման, առավել մեծ է շատ և/կամ երկարատև ծխող անձանց մոտ: Ծխախոտի, սիգարի կամ չիբուխի ծխի պարբերաբար ազդեցությունը նույնպես կարող է մեծացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե անգամ չեն ծխում: Այս ռիսկի գործոնը հայտնի է որպես «շրջապատող կամ երկրորդային ծխախոտի ծուխ»:

  • Մարիխուանա ծխելը կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ևս կարող է մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

  • Ասբեստ: Սրանք թելանման բյուրեղներ են, որոնք հայտնաբերվում են տարբեր տեսակի քարերի մեջ և հաճախ կիրառվում են շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ: Ասբեստի թելիկների առկայության պարագայում ներշնչած օդը կարող է թոքերի բորբոքում առաջացնել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի և ասբեստի համատեղ ազդեցությունը խիստ վտանգավոր է: Այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են և, միաժամանակ, իրենց աշխատավայրում շփում ունեն ասբեստի հետ, ինչպես, օրինակ, նավաշինությունը, ասբեստի հանքարդյունաբերությունը, ասբեստով մեկուսացման աշխատանքները կամ ավտոմոբիլային վերանորոգումը, ԹՈՄՔ-ի զարգացման ռիսկը բավականին մեծ է: Ընդ որում, պաշտպանիչ շնչառական սարքավորումների կիրառումը նվազեցնում է այդ ռիսկը:

  • Ռադոն: Սա անտեսանելի, անհոտ գազ է, որի բնական աղբյուր են ապարները և գրունտները: Ռադոնի ազդեցությունը բերում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում` թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի բարձրացման: Սարքավորումների վաճառք իրականացնող խանութների մեծ մասն ունեն տներում ռադոնի մակարդակը որոշող սարքեր: Հարկ է նշել, որ նկուղների օդափոխությունը նվազեցնում է ռադոնի ազդեցությունը:

  • Այլ նյութեր: Աշխատավայրում կամ շրջապատում այլ նյութերի առկայությունը, ինչպիսիք են գազերը կամ քիմիական նյութերը, կարող են մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում կերակրի պատրաստման ժամանակ մարդիկ ենթարկվում են ածխի կամ փայտի ծխի ազդեցությանը, որը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, դիզելային վառելիքի կամ մետաղների զոդման ժամանակ առաջացած գոլորշիները նույնպես կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այլ գործոնների թվին են պատկանում նաև ճառագայթման, մկնդեղի, նիկելի և քրոմի ազդեցությունը:

  • Ժառանգականություն: Որոշ մարդիկ ունեն ժառանգական նախատրամադրվածություն թոքի քաղցկեղի նկատմամբ: Այն մարդիկ, ում ծնողները, եղբայրները կամ քույրերը հիվանդացել են թոքի քաղցկեղով, ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ:


Կանխարգելում


Տարբեր գործոններ բերում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտողները շարունակում են պարզել, թե որ գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Ներկայում չկա ապացուցված որևէ ուղի, որը լիարժեքորեն կկանխարգելի հիվանդությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:


Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր ճանապարհը ծխախոտի ծխից խուսափելն է: Մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, ունեն թոքի քաղցկեղի զարգացման ամենացածր ռիսկը, իսկ ծխողները` թողնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը, թեև այն կշարունակի ավելի բարձր մնալ չծխողներից:


Վիտամիններով կամ այլ դեղերով թոքի քաղցկեղի կանխարգելումն արդարացված չէ: Օրինակ, բետա-կարոտինը՝ վիտամին A-ի դեղանյութը, փորձարկվել է թոքի քաղցկեղի կանխարգելման համար: Պարզվել է. այն ո՛չ միայն չի նվազեցնում, այլև ծխողների մոտ զգալիորեն մեծացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

 

Հաստատված` Cancer.Net Editorial Board կողմից, 06/2016

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր