Պացիենտների համարՀիվանդություններ
Արգանդի քաղցկեղ
Արգանդի քաղցկեղ
09.10.2017

Ի՞նչ է արգանդի քաղցկեղը: Ընդհանուր տեղեկություններ հիվանդության մասին

Արգանդի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը զարգանում է արգանդի էպիթելիալ հյուսվածքներից և կարող է տարածվել այլ օրգաններ: Ներկայում արգանդի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 200-250 հազար կնոջ մոտ արգանդի քաղցկեղ է ախտորոշվում: Հիվանդությունն առավել հաճախ զարգանում է 55 տարեկանն անց կանանց մոտ, մինչև 40 տարեկան երիտասարդ կանանց մոտ հազվադեպ է արգանդի քաղցկեղ ախտորոշվում:

Արգանդի քաղցկեղ. պատճառները և զարգացման գործոնները

Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել արգանդի քաղցկեղի զարգացմանը: Այս հիվադության առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել:


Արգանդի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոններից առանձնացնում են հետևյալները.

 

  • Էնդոմետրիումի հյուսվածքների ակտիվ աճ: Էնդոմետրիումի հյուսվածքների հիպերպլազիան արգանդի մակերեսային բջիջների քանակի աճն է: Հիպերպլազիան քաղցկեղ չէ, սակայն որոշ պարագաներում հիպերպլազիան կարող է վերածվել չարորակ ուռուցքի: Ծանր և առատ դաշտանը հաճախ նման իրավիճակի նշան է:

  • Ճարպակալում:  Հայտնի է,  որ ավելորդ քաշով կանայք առավել հակված են արգանդի քաղցկեղի զարգացմանը:

  • Վերարտադրողական և դաշտանային անամնեզ: Արգանդի քաղցկեղը հաճախ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել, ում դաշտանն սկսվել է մինչև 12 տարեկանը կամ շարունակվել է 55 տարեկանից հետո:

  • Էսթրոգեններով երկարատև հորմոնային բուժում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երկարատև ընդունել են միայն էսթրոգեն (առանց պրոգեստերոնի)` որպես փոխարինող հորմոնային բուժում:

  • Տամօքսիֆենի երկարատև ընդունում, որը նշանակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ:

  • Փոքր կոնքի օրգանների ճառագայթային բուժում:

  • Ժառանգական  նախատրամադրվածություն: Արգանդի քաղցկեղով ընտանեկան պատմության առկայությունը մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը սերունդների և հարազատների մոտ:


Հիվանդության տեսակները: Արգանդի քաղցկեղի դասակարգումը

Տարբերում են արգանդի քաղցկեղի հետևյալ ձևաբանական տեսակները.

 

  • Ադենոկարցինոմա,
  • տափակբջջային քաղցկեղ,
  • տափակբջջային գեղձային քաղցկեղ,
  • լուսաբջջային ադենոկարցինոմա,
  • շճային քաղցկեղ,
  • լորձային քաղցկեղ,
  • չտարբերակված քաղցկեղ:


Արգանդի քաղցկեղի ախտանիշները: Ինչպե՞ս է դրսևորվում հիվանդությունը

Արգանդի քաղցկեղի առանձնահատկությունն այն է (ի տարբերություն այլ չարորակ հիվանդությունների), որ վերջինս, որպես կանոն, արդեն նկատելի է դառնում հիվանդության զարգացման շատ վաղ շրջանում: Դա հնարավորություն է տալիս ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել և լիովին ապաքինման հույս ունենալ: Ամենատարածված ախտանիշը հեշտոցային արյունահոսությունն է: Դաշտանադադարում գտնվող կանանց մոտ ցանկացած արյունահոսություն ախտաբանական է, և անհրաժեշտ է բժշկի դիմել: Նախադաշտանադադարում գտնվող կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ, եթե արյունահոսությունն առաջանում է դաշտանների միջակայքում: Հայտնի են հեշտոցային արյունահոսության այլ պատճառներ ևս, որոնք երբեմն բարորակ բնույթ են կրում, սակայն, ամեն դեպքում, պետք է բժշկի մոտ հետազոտվել:  Հիվանդության ուշ փուլերում կարող է նաև ցավ լինել:

Հիվանդի գործողություններն արգանդի քաղցկեղի դեպքում

Կասկածելի ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել: Ախտորոշման հաստատման դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժում սկսել: Պետք է կատարել բժշկի բոլոր նշանակումները, քանի որ արգանդի քաղցկեղը վաղ շրջանում կարելի է լիովին բուժել:


Արգանդի քաղցկեղի ախտորոշումը

Արգանդի քաղցկեղի ախտորոշումն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

 

  • գինեկոլոգիական հետազոտման ժամանակ վերցված քսուկի բջջաբանական հետազոտություն,
  • Արյան հետազոտություն (արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություններ, արյան մեջ օնկոմարկերների որոշում),
  • արգանդի ուլտրաձայնային հետազոտություն,
  • հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հիստերոսկոպի օգնությամբ,
  • ֆլուորեսցենտային ախտորոշում,
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
  • այլ ախտորոշիչ միջոցառումներ (բժշկի հայեցողությամբ):


Արգանդի քաղցկեղի բուժումը

Արգանդի քաղցկեղի բուժման նպատակը ո՛չ միայն ուռուցքի հեռացումն է, այլ նաև հիվանդության կրկնության կանխարգելումը: Այդ պատճառով արգանդի քաղցկեղի բուժման ժամանակ տարբեր բուժական միջոցառումներ են իրականացվում: Այդպիսի համալիր մոտեցումն առավել արդյունավետ է:


Արգանդի քաղցկեղի բուժման հիմնական եղանակները

 

  • Վիրահատական միջամտություն: Արգանդի քաղցկեղի վիրահատության ծավալը որոշվում է հիվանդության ծանրության աստիճանով, հաշվի է առնվում նաև ուռուցքի չափը, կառուցվածքը և աճի տեսակը: Քաղցկեղի առաջին փուլում իրականացվում է արգանդի և հավելումների (փողեր և ձվարաններ) հեռացում, երկրորդ փուլում իրականացվում է ընդլայնված հիստերէկտոմիա՝ արգանդի, ձվարանների, տեղային ավշային հանգույցների միաժամանակ հեռացում՝ կոնքի բջջանքի և հեշտոցի վերին երրորդի հետ միասին: Ուշ շրջանում վիրահատական միջամտությունը հաճախ կրում է պալիատիվ (ամոքիչ) բնույթ և ուղղված է արգանդի քաղցկեղի բարդությունների վերացմանը (օրինակ` արյունահոսության դադարեցմանը): Հիվանդության սկզբնական շրջանում հնարավոր է փոփոխված հյուսվածքների լապարոսկոպիկ մեթոդով հեռացում:  Այսպիսի վիրահատություններն իրականացվում են որովայնի ոչ մեծ անցքերի միջոցով: Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները տարբերվում են ոչ մեծ արյան կորստով և քիչ վնասումով:

  • Ճառագայթային բուժում:  Ճառագայթային բուժումն իրականացվում է արգանդի քաղցկեղի ցանկացած փուլում: Այս թերապևտիկ եղանակը կարելի է կիրառել ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ` վիրահատությունից հետո: Նախավիրահատական շրջանում ճառագայթային բուժումը կիրառվում է ուռուցքի չափերի փոքրացման նպատակով, որպեսզի վիրաբույժն ավելի հեշտությամբ վիրահատի: Վիրաբուժական միջամտությունից հետո ճառագայթային բուժումն իրականացվում է վիրահատությունից հետո մնացած չարորակ բջիջների ոչնչացման նպատակով: Սա անհրաժեշտ է իրականացնել, քանի որ մնացած չարորակ բջիջները կարող են նորից ուռուցքային աճ տալ: Այն դեպքերում, երբ վիրահատական բուժումն անհնար է, ճառագայթային բուժումը կարող է դիտարկվել որպես բուժման հիմնական տեսակ: 


Ներկայում արգանդի քաղցկեղի ժամանակ կիրառվում է ճառագայթային բուժման երկու տարատեսակ՝ արտաքին ճառագայթում և բրախիթերապիա: Արտաքին ճառագայթման դեպքում ճառագայթումն իրականացվում է մեծ սարքավորման միջոցով, որը ճառագայթերն ուղղում է դեպի թիրախային օրգան: Ճառագայթային բուժման յուրաքանչյուր միջոցառումը տևում է մի քանի րոպե: Ուռուցքի չափերով պայմանավորված՝ այն կարող են իրականացնել մի քանի շաբաթ՝ շաբաթական 5 օր: Բրախիթերապիան ներքին ճառագայթային բուժումն է: Տվյալ դեպքում ուռուցքի շրջանում պատվաստվում են ռադիոակտիվ պատիճներ, որոնք որոշ ժամանակի ընթացքում ճառագայթում են ուռուցքը: Բրախիթերապիայի կուրսից հետո պատիճը հեռացնում են: Բրախիթերապիայի առավելությունը քիչ կողմնակի ազդեցություններն են, մինչդեռ արտաքին ճառագայթումը հաճախ սրտխառնոց, փսխում, լուծ և միզարձակման խանգարումներ է առաջացնում:

 

  • Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվում են ցիտոստատիկ դեղեր, որոնք քայքայում են չարորակ ուռուցքի բջիջները: Հիվանդության կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիան կիրառվում է ուռուցքի վիրահատական հեռացումից հետո: Հիվանդության ծայրահեղ փուլերում քիմիաթերապիան իրականացվում է ճառագայթային բուժման հետ միասին:

  • Քիմիաթերապիան հիմնականում իրականացվում է ներերակային մեթոդով: Որպես կանոն, այն ցիկլերով է իրականացվում՝ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում: Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների սպեկտրը հիմնականում պայմանավորված է քիմիաթերապևտիկ դեղի տեսակով:

  • Հորմոնային բուժում: Ինքնուրույն տարբերակով հորմոնային բուժում ստանում են երիտասարդ կանայք, ովքեր ցանկանում են պահպանել պտղաբերությունը և իրականացնել վերարտադրողական ֆունկցիա, ընդ որում, միայն առաջին փուլում, քանի դեռ ուռուցքը դուրս չի եկել էնդոմետրիումի սահմաններից և կանացի սեռական հորմոնների (էսթրոգենի և պրոգեստերոնի) նկատմամբ պարունակում է ռեցեպտորներ: Այս բուժումն իրականացվում է միայն խոշոր ուռքուցքաբանական կենտրոններում:


Արգանդի քաղցկեղի բարդությունները

Արգանդի քաղցկեղը ծանր չարորակ հիվանդություն է: Եթե այն ժամանակին  չբուժվի, ապա կբարդանա մետաստազներով` ի վերջո հանգեցնելով մահվան:


Արգանդի քաղցկեղի կանխարգելումը

Արգանդի քաղցկեղի կանխարգելման հիմնական մեթոդներից մեկը հիպերէսթրոգեն վիճակի վերացումն է: Հաշվի առնելով այն փաստը, որ էսթրոգենների բարձր մակարդակը բերում է  էնդոմետրիումի գերաճի, արգանդի խոռոչի պատերի քերումից հետո անհրաժեշտ է պրոգեստերոններով համապատասխան հորմոնային բուժում իրականացնել:

Հիշե՛ք, վաղ ախտորոշումը հիվանդության հաջող բուժման գրավականն է: Այդ պատճառով կանոնավոր կանխարգելիչ զննումները հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում, երբ հնարավոր է ուռուցքը հեռացնել ամբողջությամբ՝ առանց առողջության համար լուրջ հետևանքների:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր