Մասնագետների համարՕնկոգինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
12.03.2015

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ

 

Ներածություն

 

Վերջին տարիներին նկատվում է արգանդի մարմնի քաղցկեղով հիվանդացության զգալի աճ: Տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներում կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում արգանդի մարմնի (էնդոմետրիում) քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը [2]:

 

Թեև էնդոմետրիումի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է հետդաշտանադադարային կամ նախադաշտանադադարային տարիքի կանանց շրջանում, ներկայումս արձանագրվում է երիտասարդ տարիքի կանանց հիվանդացության ցուցանիշի կայուն աճ: 

 

Էնդոմետրիումի քաղցկեղը բնորոշվում է երկարատև գաղտնի ընթացքով` առանց կլինիկական նշանների դրսևորման: Հիվանդության կլինիկական նշանները (արյունահոսություններ) հաճախ ի հայտ են գալիս հիվանդության արդեն բարձիթողի վիճակներում [4]:

 

Վերջին ժամանակներս հաստատված է, որ արգանդի մարմնի քաղցկեղը զարգանում է այնպիսի նախաքաղցկեղային հիվանդությունների ֆոնի վրա, ինչպիսիք են ատիպիկ հիպերպլազիան, ադենոմատոզ պոլիպները և կիստոզ-գեղձային հիպերպլազիան դաշտանադադարի տարիքում (առավելապես կրկնվող կամ զարգացող նեյրոէնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա) [3,5]: Հետևաբար` հատուկ ուշադրության են արժանի նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման և համալիր բուժման հիմնախնդիրները: 

 

Գրականության տվյալների համաձայն` հիպերպլաստիկ փոփոխությունների չարորակացման հաճախականությունը որոշվում է հիվանդությունների պաթոմորֆոլոգիական առանձնահատկություններով, կրկնվելու հաճախականությամբ և կնոջ տարիքով: 

 

Եթե արգանդի մարմնի քաղցկեղի մահացության ցուցանիշի նվազեցման գործում որոշիչ դեր ունի էնդոմետրիումի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ու համալիր բուժման ճիշտ կազմակերպումը, ապա հիվանդացության ցուցանիշի նվազեցման մեջ առաջնային դեր է խաղում քաղցկեղի ռիսկի գործոնների զարգացման կանխումը, էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների հայտնաբերումն ու համալիր բուժումը (առաջնային և երկրորդային կանխարգելում):

 

Կասկածից վեր է, որ արգանդի մարմնի ախտաբանական վիճակների ախտորոշման վճռորոշ եղանակը պաթոմորֆոլոգիական հետազոտությունն է` ասպիրատի բջջաբանական և արգանդի խոռոչի քերուկի հյուսվածաբանական հետազոտությունները:

 

Էնդոմետրիումի վիճակի մասին առավելագույն տեղեկատվություն ստանալու համար միաժամանակ արդիական է սակավ ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների օպտիմալ համակցումը: Վերջիններիս շարքին առաջին հերթին է դասվում գերձայնային հետազոտությունը: 

 

Գերձայնային հետազոտության մատչելիությունը, ոչ ինվազիվ լինելը, բարձր տեղեկատվական արժեքը, ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը վկայում են մեթոդի լիարժեք առավելության մասին: 

 

Նյութն ու մեթոդները

 

Նպատակի իրականացման համար ՈՒԱԿ-ի համալիր ախտորոշման բաժանմունքում կատարվել է արգանդի մարմնի ախտաբանություն ունեցող 18-ից մինչև 70 տարեկան 130 կանանց ԳՁՀ, ովքեր գտնվում էին ինչպես հետդաշտանադադարի, այնպես էլ վերարտադրողական և նախադաշտանադադարի տարիքում:

 

Կատարվել է կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն` առաջնահերթ տրանսաբդոմինալ, լցված միզապարկով, այնուհետև, ոչ պարզ պատկերի դեպքում` տրանսվագինալ հետազոտություն: Ռեպրոդուկտիվ տարիքի կանանց հետազոտությունը հնարավորինս իրականացվել է դաշտանային ցիկլի վաղ պրոլիֆերատիվ շրջանում, երբ էնդոմետրիումը դեռ արտահայտված չէ: Ուսումնասիրվել են արգանդի միջային M-արձագանքի (առաջանում է արգանդի խոռոչի պատերից և էնդոմետրիումի կողմից) գերձայնային պատկերի հետևյալ առանձնահատկությունները`

 

  1. առաջահետին չափը, 
  2. եզրագծերի բնույթը, 
  3. ներքին կառուցվածքը,
  4. էխոգենությունը,
  5. հեղուկի և/կամ ներառուկների առկայությունը:

 

Արդյունքներ և քննարկում

 

Արգանդի մարմնի ախտահարման մասին առաջին հերթին վկայում է M-արձագանքի առաջահետին չափի մեծացումը հետդաշտանադադարի շրջանում, ինչպես նաև դաշտանային ցիկլի որոշակի օրերի ընթացքում: Ընդ որում` վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում նորմայում այն տատանվում է 10-ից մինչև 16 մմ-ի սահմաններում` կախված դաշտանային ցիկլի փուլից,հետդաշտանադադարի շրջանում` մինչև 4 մմ-ի սահմանում:

 

Էխոգրաֆիկ պատկերների հիման վրա կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների գերձայնային պատկերը բոլոր տարիքային խմբերում արտահայտված է պոլիմորֆիզմով: Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց էնդոմետրիումի հաստությունը բավական փոփոխական էր: Առավելագույն չափը (16 մմ և ավելի) նկատվում էր էնդոմետրիումի ատիպիկ գեղձային հիպերպլազիաների և քաղցկեղի դեպքում: Վերջինիս դեպքում M-արձագանքը մաքսիմալ էր:

 

Դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց էնդոմետրիումի առավելագույն չափը` 4 մմ և ավելի, նկատվում էր գեղձային - ֆիբրոզ պոլիպների և քաղցկեղի ժամանակ: 

 

Տրանսվագինալ հետազոտությունները ցույց տվեցին, որ էնդոմետրիումը գեղձային- կիստոզ հիպերպլազիաների ժամանակ ունի բարձր էխոգենություն և անհամասեռ սպունգանման կառուցվածք` բազմաթիվ մանր անէխոգեն ներառուկներով և ակուստիկ ուժեղացման էֆեկտով: Էնդոմետրիումի հաստությունը այս դեպքում տատանվում է միջինում 17,00,5մմ-ի սահմաններում: Պոլիպները վիզուալիզացվում են որպես համասեռ կառուցվածքով, հարթ և հստակ եզրագծերով, բարձր էխոգենությամբ օվալաձև կամ կլորավուն գոյացություններ: 

 

Որոշակի դժվարություն էր ներկայացնում պոլիպների և մանր սուբմուկոզ միոմաների տարբերակումը, որոնց պատկերները հաճախ միանման են: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն, օրինակ` գեղձային պոլիպների, միոմաների կառուցվածքում գերակշռում է ֆիբրոզ բաղադրիչը, ինչով պայմանավորված է դրանց էխոկառուցվածքը, որը անկախ չափերից անհամասեռ է` ի հաշիվ բազմաթիվ (կետաձև և գծաձև) էխոպոզիտիվ ներառուկների առկայության: Համապատասխանաբար` ընդհանուր ինտենսիվությունը (ցածր կամ միջին) միշտ ավելի բարձր է պոլիպի (էխոնեգատիվ օջախ) ինտենսիվությունից: Բացի այդ, սուբմուկոզ միոմատոզ հանգույցը սերտ կապված է միոմետրիումի մայրական հյուսվածքի հետ, հրում է էնդոմետրիումի բազալ շերտը դեպի խոռոչ (միոմատոզ հանգույցի ճնշումից արգանդի խոռոչի եզրագծերի դեֆորմացիա): Սակայն էնդոմետրիումի բազալ շերտից սկիզբ առնող պոլիպները երբևիցե չեն դեֆորմացնում լորձաթաղանթի արտաքին շերտը: 

 

Հիպերպլաստիկ պրոցեսների հայտնաբերման գործընթացում կարևոր դեր ունի նաև էնդոմետրիումի կառուցվածքային փոփոխությունների գնահատումը: Բացի M-արձագանքի առաջահետին չափի ցուցանիշից, առավել հաճախ նկատվում է էնդոմետրիումի կառուցվածքի անհամասեռություն, եզրագծերի անհարթություն, սակայն` հստակություն, ինչպես նաև խոռոչում պոլիպաձև գոյացությունների առկայություն: Ընդ որում` քաղցկեղի դեպքում եզրագծերը հստակ չեն, իսկ առավել բարձիթողի վիճակներում նկատվում է ինվազիա հարակից շերտեր (միոմետրիում, սերոզ թաղանթ): 

 

Մեր հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ ժամանակակից ուլտրաձայնային մեթոդների կիրառումը մեծացնում է էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ախտորոշման հնարավորությունը մինչև 89,2%, նպաստում է նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերմանը` հնարավորություն տալով ճիշտ կազմակերպել հետագա հսկողությունն ու բուժումը:

 

Գրականությւոն

 

  1. Бохман Я.В. Руководство по онкогинекологии. Л.: Медицина, 1989, 463 с.
  2. Давыдов М.И. Энциклопедия клинической онкологии, 2004, с.420-427; 2006, с.827-836.
  3. Харитонова Т.В. Рак тела матки. Онкогинекология, 2000, т.2, 2, с. 44-48.
  4. Хачкурузов С.Г. УЗИ в гинекологии. Симптоматика, диагностические трудности и ошибки. 2003, с.543-580.
  5. Чекалова М.А., Миронова Г.Т., Шолохов В.М., Карпов С.А. Возможности ультразвуковой диагностики в гинекологии. Ультразвуковая диагностика в акушерстве, гинекологии и педиатрии. 1993, N4, с. 107-116.

 

Հեղինակ. Ն.Գ. Կրյուչկյան ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան УДК - 616-006.6-0,85.277.4
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)  
 
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր