Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները
ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման արշավի շրջանակում։
Նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ պայմաններում գտնվող կանանց համար առողջապահական հավասար հնարավորությունների ապահովումն է։
Մամոգրաֆիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել հնարավոր փոփոխություններ, ինչը չափազանց կարևոր է հիվանդության կանխարգելման և հաջող բուժման համար։
Նման ծրագրերը վկայում են, որ պետական առողջապահական քաղաքականությունը ձգտում է առավել ընդգրկուն դառնալ՝ հասանելի դարձնելով կանխարգելիչ և ախտորոշիչ ծառայությունները բոլոր խմբերի համար։
Այս նախաձեռնությունը ոչ միայն կարևոր քայլ էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ուղղությամբ, այլ նաև մարդասիրական մոտեցման դրսևորում՝ ընդգծելով, որ առողջությունն իրավունքի ամենաառաջին ձևերից մեկն է։
Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Վաղ հայտնաբերման և կանոնավոր հետազոտությունների շնորհիվ հնարավոր է փրկել բազմաթիվ կյանքեր։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է իրազեկման և կանխարգելման արշավը: