Պատմություն
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանի միակ բազմապրոֆիլ մասնագիտացված կենտրոնն է, որտեղ իրականացվում է տարաբնույթ նորագոյացությունների ախտորոշում և բուժում։ Այն հիմնադրվել է 1946 թվականին որպես Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ, իսկ արդեն 1985 թվականին վերանվանվել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի։
Վերջին տարիներին լիովին փոխվել է 40-ամյա շինության ներքին հարդարանքը, ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, ինչի շնորհիվ էլ ՈւԱԿ-ը ոչ միայն պահպանել է քաղցկեղի բուժման առաջատար բուժհաստատության դիրքերը, այլև պացիենտների համար դարձել է առավել հարմարավետ։ Ընդ որում՝ վերջերս ներդրված որոշ տեխնոլոգիաներ Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն։
ՈւԱԿ-ն ապահովում է ամբողջական շղթան՝ ուռուցքների նախնական ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների շարունակական հսկողություն և ամոքիչ (պալիատիվ) օգնություն։
Իրականացվում է՝
- խորհրդատվություն և հիվանդների հաշվառում,
- ախտորոշում,
- վիրահատական միջամտություն և բուժում,
- քիմիաթերապիա,
- ճառագայթային թերապիա:
Հանրապետության ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների 70-75 տոկոսը բուժում է ստանում ՈւԱԿ-ում։
Կենտրոնը տարեկան ընդունում է՝
- ավելի քան 30 000 պացիենտ,
այդ թվում՝
- 15 000-16 000 ամբուլատոր,
- 16 000-17 000 ստացիոնար:
Տարեկան կատարվում է՝
- 6 000 վիրահատություն:
Տարեկան սպասարկվում է՝
- 13000 քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտ,
- 1700 ճառագայթային թերապիայի կարիք ունեցող պացիենտ:
Պատմություն
Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1946 թվականին Խորհրդային միության Ժողկոմիսարների խորհրդի հրամանագրով։
Ինստիտուտի առաջին տնօրենը դոկտոր-պրոֆեսոր Վարֆոլոմեյ (Բարդուղեմիոս) Ֆանարջյանն էր։ Ինստիտուտը տեղակայված էր Թումանյան 8 հասցեում գտնվող եռահարկ շենքում։ Այն ուներ մեկ վիրահատարան և 100 ստացիոնար մահճակալ։ Հենց այս ինստիտուտում է դրվում ուռուցքաբանական տարբեր ուղղությունների հիմքը։ Ինստիտուտի հիմնադիրներն են դոկտոր-պրոֆեսոր Գեորգի Դանիելյանը (օնկովիրաբուժություն), դոկտոր Էմանուել Ղազարյանը (քիմիաթերապիա), Թամարա Մախմուրյանը (ռադիոգինեկոլոգիա), դոկտոր-պրոֆեսոր Գալինա Արզումանյանը (բջջաբանություն), Շաքե Փափազյանը (պաթոհիստոլոգիա), Հրանտ Գրիգորյանը (Ճառագայթային թերապիա), Հրաչ Սաղաթելյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Զարեհ Մովսեսյանը (ռենտգենաբանություն)։ Ինստիտուտն ուներ նաև էքսպերիմենտալ բաժին, որտեղ գիտական փորձեր էին արվում կենդանիների վրա։
1960-ականներին ինստիտուտին կից, Ալավերդյան 85 հասցեում կառուցված նոր 4 հարկանի շենքում բացվում է Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, որի գլխավոր բժիշկն էր դոկտոր-պրոֆեսոր Կարապետ Բազիկյանը։
Վ․Ա․ Ֆանարջյանի մահից հետո, 1977 թվականին Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտին շնորհվում է նրա անունը։ Տնօրեն է նշանակվում Լևոն Մկրտչյանը, որը պաշտոնավարում է մինչև 1999 թվականը։
1981 թվականին ինստիտուտը տեղափոխվում է Քանաքեռում կառուցված նոր շենքային համալիր, որտեղ և գործում է մինչ օրս։
Նոր համալիրում, որն ուներ 500 ստացիոնար մահճակալ, տարբեր տարիներին հիմնադրվում են նոր բաժանմունքներ՝ որովայնային, գլխի և պարանոցի, օնկոուրոլոգիական, օնկոգինեկոլոգիական, թորակալ, նեյրոօնկոլոգիական, ոսկրային ուռուցքաբանության, մանկական ուռուցքաբանության, ամբուլատոր և այլն, ընդլայնվում են ախտորոշիչ հնարավորությունները։
1985 թվականին Կառավարության որոշմամբ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվում է, դառնալով Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոն։
1999-2002թթ. Կենտրոնի տնօրենն էր դոկտոր-պրոֆեսոր Վալերի Բարսեղյանը։
2002 թվականից մինչև 2014 թվականը կենտրոնը ղեկավարում է ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը։
2004 թվականին տեղի է ունենում օպտիմալացում՝ Կ․ Բազիկյանի անվան Հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի և Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի միավորմամբ ստեղծվում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։
2014 – 2019թթ․ կենտրոնը ղեկավարում է դոկտոր-պրոֆեսոր Արմեն Տանանյանը, որի օրոք ներդրվում են նոր ուղղություններ՝ ինտերվենցիոն ռադիոլոգիա և բուժում յոդի ռադիոկտիվ իզոտոպով։
2019 թվականից մինչ օրս կենտրոնի տնօրենն է Նարեկ Մանուկյանը։
2021 թվականից սկսած Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում և անցակացնում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը։ Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։
Ազգային կենտրոնը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ։
Կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N962-Ա որոշմամբ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացվել է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնին։
Գիտակրթական գործունեություն
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս 40-ական թվականներից ունեցել է Գիտական խորհուրդ։ Ներկայումս Խորհրդի նախագահն է բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը, իսկ գիտական քարտուղարը՝ բ.գ.թ․ Աննա Թադևոսյանը։
Գիտական խորհուրդի հիմնական գործառույթներից են ՈւԱԿ-ի գիտական գործունեության ուղղությունները սահմանելը, կենտրոնում կատարվող կարևորագույն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին պարբերական հաշվետու-ներկայացումները, մենագրությունների, հոդվածների, ժողովածուների և այլ նյութերի հրատարակության երաշխավորումը և այլն։
Գիտական խորհրդի շրջանակում գործում է 2 ատենախոսական խորհուրդ՝ Ուռուցքաբանություն (ԺԴ.00.08) և Բժշկական ռադիոլոգիա (ԺԴ.00.11):
2017թ.-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում հիմնվել է բժշկական ամսագիր` «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագիր»։ Գիտական ամսագիրը հաստատված է ԲՈԿ-ի կողմից ու ընդգրկված թեկնածուական ատենախոսությունների ցանկում։ Ամսագրում հրապարակման նպատակով ընդունվում են հոդվածներ նվիրված ոչ միայն ուռուցքաբանությանը, այլ նաև կլինիկական բժշկության այլ բնագավառների։
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնների ուսումնական բազա։
08-10-2024
Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews
07-10-2024
Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով
05-10-2024
Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է