Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում
ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։
Պացիենտը ՈւԱԿ է դիմել միզարձակման դժվարությունների, մեզի մեջ արյան առկայության և գոտկային շրջանի ցավերի գանգատներով։
ԿՏ և ՄՌՏ հետազոտություններով հայտնաբերվել է միզապարկի և աջ միզածորանի ուռուցքային ախտահարում՝ հարակից հյուսվածքների ներգրավմամբ և երիկամներից մեզի արտահոսքի խանգարմամբ։
Պացիենտը ստացել է 4 կուրս քիմիաթերապիա՝ իմունոթերապիայի հետ համատեղ։ Դեղորայքային բուժումից հետո կատարված հետազոտությամբ արձանագրվել է հիվանդության դրական տեղաշարժ։
Այնուհետև ՈւԱԿ-ում կատարվել է լապարոսկոպիկ արմատական վիրահատություն, որի ընթացքում հեռացվել են միզապարկը, աջ միզածորանը և աջ երիկամը։
Հետվիրահատական հյուսվածաբանական հետազոտությամբ արձանագրվել է նախորդ բուժման ազդեցությունը ուռուցքի վրա, իսկ վիրահատական եզրերում ուռուցքային հյուսվածք չի հայտնաբերվել (R0)։
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ բարդ ուռուցքային հիվանդության դեպքում ժամանակին ախտորոշումը, ճիշտ ընտրված բուժման հաջորդականությունը և մասնագիտացված թիմի աշխատանքը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ բուժման արդյունքի համար։



