ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը առաջինը Հայաստանում ներդրել է միկրոալիքային աբլյացիայի մեթոդը․ 168.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրումը։ Կենտրոնի բժիշկները առաջին անգամ Հայաստանում սկսել են կիրառել փափուկ հյուսվածքների չարորակ գոյացությունների և մետաստազների բուժման գերժամանակակից, քիչ ինվազիվ մեթոդ՝ միկրոալիքային աբլյացիա:

Ինչպես պարզաբանեց ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանը, ամենից հաճախ այս մեթոդը կիրառվում է լյարդի քաղցկեղի դեպքում, բայց կարող է օգտագործվել ինչպես ոսկրերի, երիկամների, վահանագեղձի, շագանակագեղձի և այլ օրգանների քաղցկեղի բուժման համար, այնպես էլ պալիատիվ ցավազրկման նպատակով։ Միկրոալիքային աբլյացիան կատարվում է բաց, լապարասկոպիկ և միջմաշկային եղանակներով։

Բժշկի խոսքով՝ անշուշտ, ցանկացած չարորակ գոյացության ամենաարդյունավետ մեթոդը վիրաբուժական հեռացումն է, սակայն այն ոչ միշտ է հնարավոր՝ հիվանդության ուշ փուլերի, ուղեկցող հիվանդությունների կամ հիվանդի՝ թույլ լինելու պատճառով։ Մասնավորապես՝ լյարդում ուռուցքի դեպքերի մեծ տոկոսը ոչ վիրահատական է համարվում ուշ հայտնաբերման կամ ուղեկցող ցիրոզի պատճառով։ Այդպիսի հիվանդների համար բուժման հիմնական մեթոդներներն են աբլյացիան և քիմիաէմբոլիզացիան, որոնք շատ հաճախ կիրառվում են միասին։ Աբլյացիան կարելի է կիրառել բուժման և՛ որպես ինքնուրույն, և՛ լյարդի մասնահատման հետ զուգակցված մեթոդ։

Աբլյացիան նաև գերադասելի բուժման մեթոդ է լյարդի բազմակի փոքր ուռուցքների, ինչպես նաև լյարդում՝ այլ տեղակայման քաղցկեղների մետաստազների առկայության դեպքում: Այն գերադասելի է նաև այն դեպքերում, երբ ուռուցքները տեղակայված են մեծ անոթների մոտ:

Որպես երիկամի վաղ փուլի քաղցկեղի բուժման մեթոդ միջմաշկային միկրոալիքային աբլյացիայի արդյունքները համեմատելի են երիկամի լապարասկոպիկ մասնահատման արդյունքների հետ։ Միջմաշկային միկրոալիքային աբլյացիան կիրառվում է նաև թոքի՝ ոչ վիրահատական քաղցկեղի և մետաստազների բուժման համար։ Ոսկրերի քաղցկեղի բուժման նպատակով միկրոալիքային աբլյացիան կիրառվում է, եթե ճառագայթային բուժումն ինչ-ինչ պատճառներով անհնար է։

Այս մեթոդի ներազդման սկզբունքը նույնն է, ինչ մեզ հայտնի միկրոալիքային վառարաններում․ միկրոալիքային ճառագայթման ազդեցությամբ տեղի է ունենում քաղցկեղային հյուսվածքների տաքացում և մեռուկացում։

Այսպես՝ ուռուցքային օջախի մեջ մտցնում են միկրոալիքներ ճառագայթող էլեկտրոդ (անտենա)։ Այդ ալիքների ազդեցությամբ ջրի մոլեկուլները սկսում են արագ պտտվել՝ առաջացնելով քաղցկեղային հյուսվածքի հավասարաչափ տաքացում, ինչը բերում է դրա քայքայմանը։

Մինչև վերջերս աբլյացիայի հիմնական մեթոդ էր համարվում ռադիոհաճախային եղանակը։ Սակայն վերջին տարիներին միկրոալիքային աբլյացիան մի շարք առավելությունների շնորհիվ ավելի լայն կիրառում ստացավ։ Մասնավորապես՝ ՈւԱԿ-ի ձեռք բերած միկրոալիքային աբլյացիայի Solero համակարգը ճառագայթում է 2.45 գիգահերց տիրույթում և ապահովում է․

    հյուսվածների 150-200 աստիճանի տաքացում, 5-6 սմ չափերով նորագոյացության քայքայում , քայքայումը տեղի է ունենում շատ կարճ ժամանակամիջոցում՝ 3-5 րոպե:

Solero համակարգը մի շարք առավելություններ ունի նաև այլ միկրոալիքային համակարգերի հետ համեմատ։ Դա ամենաբարակ էլեկտրոդն է (2 մմ), գերհզոր գեներատորը (140 վատտ), սառեցման արդյունավետ համակարգը և պասիվ էլեկտրոդի անհրաժեշտության բացակայությունը, ինչի շնորհիվ այն համատեղելի է պեյսմեյկերների և այլ սարքերի հետ։

Արդեն ապացուցված է՝ միկրոալիքային աբլյացիայի մեթոդը

    անվտանգ է, հեշտ է կիրառման մեջ արդյունավետ է ուռուցքային հիվանդությունների բուժման համար։

Մահվան դեպքերի բացակայությունը, կիրառումից հետո առաջացած բարդությունների փոքր թիվը ապացուցում են այս մեթոդի առավելությունը՝ քաղցկեղի բուժման նմանատիպ ոչ ինվազիվ տեխնոլոգիաների հետ համեմատ։


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×