Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող բժշկական հաստատության։ Կենտրոնում ներդրվում են նորագույն մեթոդներ, ընդլայնվում են բուժման հնարավորությունները, իսկ մասնագետները մշտապես վերապատրաստվում են՝ համաշխարհային զարգացումներին համընթաց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը ներկայացրել է անցած տարվա արդյունքները, ոլորտի խնդիրները և առաջիկա ծրագրերը՝ հատուկ ընդգծելով վաղ դիմելիության կարևորությունը։
ՈւԱԿ տնօրենի խոսքով՝ անցած տարին կենտրոնի համար եղել է բավականին ծանրաբեռնված էր, բայց նաև բովանդակալից։
«Առաջընթաց ունեցանք թե՛ աշխատանքային գործունեության, թե՛ կադրային և թե՛ նյութատեխնիկական հագեցվածության առումներով։ Զարգացում նկատվեց ինչպես գործնական, այնպես էլ գիտական ոլորտներում»,– նշում է նա։
Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժմամբ զբաղվող խոշորագույն հաստատությունն է։ Այն համալրված է բուժման բոլոր հիմնական եղանակներով՝ վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային։ Բացի այդ, կենտրոնը տրամադրում է նաև ախտորոշիչ, օժանդակ և պալիատիվ ծառայություններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել լիարժեք և համապարփակ բուժում։
ՈՒԱԿ-ի կարևորագույն առավելություններից է մուլտիդիսցիպլինար մոտեցումը․ յուրաքանչյուր պացիենտի բուժման գործընթացում ներգրավվում են տարբեր մասնագետներ, և բուժման բոլոր փուլերը կազմակերպվում են բազմամասնագիտական թիմի համատեղ աշխատանքի միջոցով։ Սա թույլ է տալիս ապահովել առավել արդյունավետ և անհատականացված բուժում։
Խոսելով կենտրոնի առաքելության մասին՝ տնօրենը ընդգծում է, որ այն մնացել է անփոփոխ՝ ապահովել ուռուցքային հիվանդություններով պացիենտների բուժումը բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, ոլորտում մշտապես տեղի ունեցող զարգացումները պահանջում են շարունակական կատարելագործում։
«Ամեն տարի մենք ձգտում ենք առաջընթացի։ Ուռուցքաբանությունը արագ զարգացող ոլորտ է, և մեր նպատակն է մշտապես լինել այդ փոփոխությունների հետ համընթաց»,– նշում է Կարեն Ծառուկյանը։
Կենտրոնը նաև կարևորում է վաղ դիմելիությունը՝ որպես արդյունավետ բուժման առանցքային գործոններից մեկը, և շարունակում է իր գործունեությունը ոչ միայն բուժման, այլև իրազեկման և կանխարգելման ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ:











