Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են իրենց չափերով և կլինիկական ընթացքով։ Վիրահատությունները իրականացվել են բաժանմունքի վարիչ Նարեկ Գինոյանի, բժիշկ-ուռուցքաբան Համլետ Մանուկյանի և կլինիկական օրդինատոր Մարիամ Բալասանյանի կողմից՝ ՈՒԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանի գլխավորությամբ։
Խոնդրոսարկոման հազվադեպ հանդիպող ոսկրային ուռուցք է, որը կարող է տարիներ շարունակ աճել առանց արտահայտված ախտանշանների։ Երբեմն այն հասնում է աննախադեպ չափերի՝ ընդգրկելով կոնքի և ազդրի լայն հատվածներ։ Այդպիսի դեպքեր են գրանցվել նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, երբ հիվանդների մոտ ուռուցքները հասել էին գրեթե 20 սանտիմետր տրամագծի՝ տեղաշարժելով հարակից օրգաններն ու անոթները։
Բժիշկների թիմը իրականացրել է ծավալուն վիրաբուժական միջամտություններ՝ պահպանելով օրգանների ֆունկցիան և վերականգնելով շարժունակությունը։ Մի դեպքով իրականացվել է կոնքի ոսկրերի եզրային մասնահատում և գոյացության ամբողջական հեռացում, մյուսում՝ ազդրի վերին հատվածի մասնահատում և կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ Երկու հիվանդներն էլ վիրահատությունից հետո վերականգնման կայուն ընթացք են ունեցել։
Այսպիսի ուռուցքները, մասնագետների խոսքով, բացառիկ են իրենց չափերով և կառուցվածքով․ դրանք հաճախ անցնում են չարորակացման, եթե երկար ժամանակ չեն հայտնաբերվում։ Բժիշկ-ուռուցքաբան Համլետ Մանուկյանը նշում է. «Վաղ փուլում նման գոյացությունները կարող են լինել բարորակ և փոքրածավալ, իսկ վիրահատությունը՝ շատ ավելի սահմանափակ և պակաս տրավմատիկ։ Հենց վաղ հայտնաբերման շնորհիվ է հնարավոր կանխել հիվանդության չարորակացումը և պահպանել կյանքի բարձր որակը»։
ՈՒԱԿ-ի մասնագետները շեշտում են՝ յուրաքանչյուր գոյացության առկայություն պետք է լինի բժշկական հետազոտության առիթ, իսկ կենտրոնում իրականացվող նման միջամտությունները վկայում են բարձր մասնագիտական պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության մասին․ այստեղ յուրաքանչյուր բարդ դեպք դիտարկվում է որպես հնարավորություն՝ փրկելու կյանք և վերականգնելու լիարժեք շարժունակություն։



