Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի Ընդհանուր վիրաբուժության և էնդոսկոպիայի ամբիոնի վարիչ, մեր հայրենակից Ռուբեն Ավանեսյանը։
Բժիշկ Ռուբեն Ավանեսյանը ՈՒԱԿ-ում համատեղ միջամտություններ է իրականացնում Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի և բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի հետ։ Այցի հիմնական նպատակը համագործակցությունն է, փոխօգնությունը, բարդ դեպքերի համատեղ խորհրդատվությունը և հայ մասնագետների որակավորման բարձրացումը։
Հատուկ ուշադրություն է դարձվում թիմային աշխատանքին այն դեպքերում, երբ հիվանդներն ունեն բազմապատկված պաթոլոգիաներ, որոնք բարդացնում են մարսողական ուղիների անցանելիությունը։ Այդպիսի վիրահատությունները կատարվում են համատեղ՝ կիրառելով մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդներին արագ վերականգնվել և դուրս գրվել բուժումից ընդամենը մեկ-երկու օր անց։
Բժշկի խոսքով, նման այցերը ոչ միայն նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը, այլև Հայաստանում նորագույն մեթոդների և մոտեցումների ներդրմանը։ «Մենք ՈՒԱԿ մասնագետներին համարում ենք գործընկերներ։ Նրանք բարձր որակավորում ունեն և մեր նպատակը շարունակել է՛լ ավելի զարգացնել նրանց գիտելիքներն ու հմտությունները», – ընդգծել է բժիշկը։
Այս այցը ևս մեկ քայլ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման և հիվանդներին առավել արդիական բուժօգնություն մատուցելու ուղղությամբ և այս համագործակցությունը վկայում է, որ ՈՒԱԿ-ը դառնում է միջազգային գործընկերային հարթակ, որտեղ համադրվում են փորձը, գիտելիքները և նորագույն բժշկական մոտեցումները՝ ի նպաստ հայաստանցի հիվանդների առողջության։