ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է պետական սքրինինգային ծրագրի շրջանակում և հասանելի է անվճար՝ 45–68 տարեկան կանանց համար։

Ծրագրի նպատակն է ապահովել հիվանդության վաղ փուլում հայտնաբերումը և բարձրացնել բուժման արդյունավետությունը՝ նվազեցնելով առաջադեմ փուլերում ախտորոշման դեպքերը։

Ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը

Սքրինինգը նախատեսված է այն կանանց համար, ովքեր չունեն ախտանշաններ կամ գանգատներ, սակայն պատկանում են ռիսկային տարիքային խմբին։
Հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել հիվանդությունը դեռևս նախնական փուլում, երբ բուժման հաջողության հավանականությունը ամենաբարձրն է

Ովքե՞ր կարող են մասնակցել

Սքրինինգային ծրագրին կարող են մասնակցել ՀՀ 45–68 տարեկան քաղաքացիներ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերից որևէ մեկում՝

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված կամ սոցիալապես անապահով ճանաչված անձինք,
  • հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի),
  • զինծառայողներ, փրկարարներ և նրանց ընտանիքների անդամներ,
  • փախստականներ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
  • թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության դեպքերից տուժած անձինք,
  • սոցիալական փաթեթի շահառուներ,
  • ժամանակավոր օթևանների և սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուներ,
  • օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ։

Ծրագրի շրջանակը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը և ապահովում է հավասար հասանելիություն այն կանանց համար, ովքեր վերը նշված խմբերում են ընդրկված։ Շահառու կանանց շրջանակը հետագայում ընդլայնվելու է։ 

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգենյան հետազոտություն է, որն իրականացվում է ժամանակակից սարքավորումների միջոցով։
Հետազոտության գործընթացը․

  • Տևում է մոտ 10–15 րոպե,
  • Կրծքագեղձը տեղադրվում է երկու թիթեղների միջև՝ պատկերի ստացման համար,
  • Թեթև սեղմումը թույլ է տալիս ստանալ հյուսվածքների մանրամասն պատկեր։

Հետազոտությունը կարող է առաջացնել կարճատև անհարմարություն։ Մամոգրաֆիկ նկարները գնահատում են երկու անկախ ճառագայթաբաններ՝ ապահովելով առավել հուսալի արդյունք

Ի՞նչ քայլերով անցնել հետազոտությունը

  • Դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ անցնելու կրծքագեղձի զննում և հերթագրվելու մամոգրաֆիկ հետազոտության համար։
  • Ստանալ տեղեկատվական նյութեր՝ ինքնազննման տեխնիկայի վերաբերյալ։
  • Անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, որի պատասխանը տրամադրվում է 5–7 օրում։
  • Արդյունքները ստանալ ընտանեկան բժշկի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։

Եթե անհրաժեշտ է, իրականացվում են նաև լրացուցիչ անվճար հետազոտություններ՝ կրկնակի մամոգրաֆիա, սոնոգրաֆիկ հետազոտություն, կասկածելի գոյացության բիոպսիա, հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական քննություն։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության առաջատար կենտրոնն է իր բազմամյա փորձով, որտեղ 2021 թվականից սկսած է իրականացվել ծրագիրը։ Կենտրոնում մատուցվում են ոչ միայն մամոգրաֆիկ հետազոտություններ, այլև անհրաժեշտության դեպքում կատարվում են լրացուցիչ ախտորոշիչ և բուժական միջամտություններ՝

  • ուռուցքաբանի խորհրդատվություն,
  • թվային մամոգրաֆիա տոմոսինթեզով,
  • կրծքագեղձերի և ավշահանգույցների սոնոգրաֆիկ հետազոտություն,
  • բիոպսիա և հյուսվածաբանական քննություն, 
  • իմունոհիստոքիմիական ուսումնասիրություն։
    Բոլոր նշված ծառայությունները սքրինինգային ծրագրի շրջանակում մատուցվում են ԱՆՎՃԱՐ, առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ապահովում է մասնագիտական բարձր որակ, ժամանակակից սարքավորումներով հագեցած միջավայր և փորձառու մասնագետների թիմ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման ամբողջական շղթան։

Ծրագրի արդյունքները

2022–2024 թթ․ պետական ծրագրի շրջանակում իրականացվել են հազարավոր հետազոտություններ և բուժումներ։ Տարեցտարի աճում է կանանց ընդգրկվածությունը, հատկապես մարզերում։ Բուժման դեպքերի շուրջ 52%-ը գրանցվել է Երևանում, իսկ 48%-ը՝ մարզերում, ինչը վկայում է ծառայության հավասար հասանելիության մասին։

Ծրագրի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր կին անցնի կանխարգելիչ հետազոտություն ժամանակին՝ կանխելով հիվանդության զարգացումը և բարձրացնելով բուժման հաջողությունը։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×