ՈՒԱԿ-ում առաջին անգամ կատարվել է աորտայի պրոթեզավորում. վիրահատությունը տևել է 6 ժամ
ՈՒԱԿ-ում առաջին անգամ կատարվել է աորտայի պրոթեզավորում. վիրահատությունը տևել է 6 ժամ 
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 
56-ամյա տղամարդը դիմել է ՈՒԱԿ անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմուք գանգատվելով քայլքի դժվարացումից, ընդմիջվող կաղությունից՝ 30-50մ, ստորին վերջույթների ցավերից, ջղաձգումներից, սառնության զգացողությունից։ Կատարվել են լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ ԿՏ անգիոգրաֆիկ հետազոտությամբ պացիենտի մոտ հայտնաբերվել է աորտայի որովայնային հատվածի 50-60 % նեղացում, ընդանուր զստային զարկերակների խցանում (Լերիշի հիվանդություն), ինչի արդյունքում տուժել էր ստորին վերջույթների և փոքր կոնքի օրգանների սնուցումը։ Տղամարդը մոլի ծխող է, առկա են ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և զարկերակային հիպերտոնիա։ 
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ 
Հուլիսի 25-ին կատարվել է վիրահատություն․ տեղադրվել է անոթային պրոթեզ և ամբողջովին վերականգնվել է ստորին վերջույթների արյունամատակարարումը և կոնքի խոռոչի օրգանների սնուցում։ 
Վիրահատությունը կատարել է ՈՒԱԿ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը, օգնականներ՝ Նարեկ Բարսեղյանը, Հակոբ Շահվերդյանը։ Վիրահատության ամբողջ ընթացքում թիմի կողքին է եղել Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հմայակ Եփրեմյանը։ 
  
ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ 
Վիրահատությունն ընթացել է բարեհաջող․ վիրահատական այս միջամտությունն անոթային վիրաբուժության ամենաբարդ տեսակներից է, ներվիրահատական ռիսկերից են պրոթեզավորման անհնարինությունը, մագիստրալ անոթների հնարավոր վնասվածքները՝ ինչը կարող է հանգեցնել սուր արյունահոսության,անատոմիական այլ ստրուկտուրաների հնարավոր վնասումների։ Հետվիրահատական շրջանում բարդություն կարող է հանդիսանալ տեղադրված պրոթեզի խցանումը տրոմբով և/կամ արյունահոսությունը։ 
ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ 
Վիրահատությունից 5 օր անց պացիենտը լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է հետագա հսկողություն։

 
 
 
 
 


