Новости

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման փոփոխությունները Հայաստանում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում, առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնաթերապիան, ճառագայթային բուժումը և այլն:

Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների, բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալներն՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի, անկախ ուռուցքի չափերից, որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի արդյունավետ կլինեն:

Վիրահատության ծավալը որոշելիս պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե՛, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը:

Մինչև 2.5 - 3 սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե՛, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնաթերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:

Իհարկե՛, նախքան դեղորայքային բուժումը պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժում իրականացնել: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանապահպան (այսինքն` կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը:

Նշեմ նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարքերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս դեղորայքային բուժման ընթացքում հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն:

Նույնիսկ, եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարքերների շնորհիվ մեզ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանապահպան վիրահատության համար: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել Ավստրիայում և Շվեյցարիայում վերապատրաստվելուց հետո: Ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայնորեն կիրառվում է: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելն ուղեկցվում է հյուսվածքաբանական հետազոտության իրականացմանը՝ պարզելու, արդյո՞ք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զե՞րծ են ուռուցքային բջիջներից: Բացի այդ, վերջերս մեզ մոտ լրացուցիչ ևս մեկ մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական կլիպսեր, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը:

Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար: Կրծքագեղձը պահպանելուց զատ, կարևոր եմ համարում նաև արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և, պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով, կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:

Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն, շատանում են այն դեպքերը, երբ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30 տոկոսը հանդիպում է վերարտադրողական, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար, երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ եմ կարևորում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:

Արթուր Արմենակի Ավետիսյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բ.գ.թ.


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×