News

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման փոփոխությունները Հայաստանում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում, առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնաթերապիան, ճառագայթային բուժումը և այլն:

Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների, բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալներն՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի, անկախ ուռուցքի չափերից, որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի արդյունավետ կլինեն:

Վիրահատության ծավալը որոշելիս պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե՛, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը:

Մինչև 2.5 - 3 սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե՛, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնաթերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:

Իհարկե՛, նախքան դեղորայքային բուժումը պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժում իրականացնել: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանապահպան (այսինքն` կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը:

Նշեմ նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարքերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս դեղորայքային բուժման ընթացքում հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն:

Նույնիսկ, եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարքերների շնորհիվ մեզ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանապահպան վիրահատության համար: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել Ավստրիայում և Շվեյցարիայում վերապատրաստվելուց հետո: Ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայնորեն կիրառվում է: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելն ուղեկցվում է հյուսվածքաբանական հետազոտության իրականացմանը՝ պարզելու, արդյո՞ք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զե՞րծ են ուռուցքային բջիջներից: Բացի այդ, վերջերս մեզ մոտ լրացուցիչ ևս մեկ մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական կլիպսեր, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը:

Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար: Կրծքագեղձը պահպանելուց զատ, կարևոր եմ համարում նաև արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և, պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով, կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:

Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն, շատանում են այն դեպքերը, երբ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30 տոկոսը հանդիպում է վերարտադրողական, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար, երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ եմ կարևորում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:

Արթուր Արմենակի Ավետիսյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բ.գ.թ.


17-09-2025

ՈՒԱԿ գիտական ներուժը․ կենտրոնի մասնագետները մասնակցել են միջազգային գիտաժողովին

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները հեռավար մասնակցել են «Ադիոր» (Ассоциация директоров и организаторов онкологической радиологии) միջազգային ասոցիացիայի կազմակերպած

13-09-2025

ՈՒԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահավատարմագրվել է ANAB-ի կողմից

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2025թ․ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից՝ ստանալով

13-09-2025

«Առողջապահությունն ու արհեստական ինտելեկտի հեղափոխությունը․ օգուտներ, ռիսկեր, ապագա». Դասախոսություն ՈՒԱԿ-ում

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվեց հանրային դասախոսություն՝ նվիրված առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի (AI) կիրառության արդիական թեմային։ Դասախոսությունը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×