NEWS

Սարկոմա. ճշմարտությունը հազվադեպ և վտանգավոր հիվանդության մասին

Ի՞նչ է սարկոման


Սարկոման չարորակ նորագոյացությունների բավականին մեծ խումբ է, որոնք ձևավորվում են շարակցական հյուսվածքի բջիջներից: Սարկոման կարող է առաջանալ ոսկրային հյուսվածքում (օստեոսարկոմա), աճառային հյուսվածքում (խոնդրոսարկոմա), ճարպային հյուսվածքում(լիպոսարկոմա), մկանային հյուսվածքում(միոսարկոմա), ինչպես նաև արյունատար և ավշային անոթների պատում:

Սարկոմայի որոշ տեսակներ ունեն էպիթելային կամ էկտոդերմալ ծագում, ինչը բնորոշ է քաղցկեղին: Սարկոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ սարկոմայով հիվանդացությունը կազմում է բոլոր չարորակ ուռուցքների մոտավորապես 1%-ը: Միևնույն ժամանակ, սարկոման բնորոշվում է արագ ինվազիվ աճով և հաճախակի հետվիրահատական բարդություններով, որոնք հաճախ բերում են մահացու ելքի: Սարկոմայից մահացությունը գերազանցում է  50%-ը: Բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ սարկոմաներն ըստ մահացության երկրորդ տեղն են զբաղեցնում՝ դասական քաղցկեղից հետո:  Հաճախ սարկոման տեղակայվում է ստորին վերջույթների վրա (սարկոմայի բոլոր դեպքերի գրեթե 40%-ը): Պարանոցի կամ գլխի սարկոմայի զարգացման հավանականությունը կազմում է մոտավորապես 5%:


Ինչո՞վ է  սարկոման  տարբերվում  քաղցկեղից


Չարորակ նորագոյացություններն առաջանում են էպիթելային կամ մեզենքիմալ ծագման հյուսվածքներից: Մեզենքիման սաղմնային հյուսվածք է, որից հետագայում դիֆերենցվում են շարակցական հյուսվածքը, արյունատար անոթները, մկանները, աճառային և ճարպային հյուսվածքները:

Քաղցկեղը զարգանում է էպիթելային հյուսվածքից, իսկ սարկոման հիմնականում առաջանում է մեզենքիմալ հյուսվածքներից: Այս նորագոյացությունն ախտահարում է մասնագիտացված հյուսվածքները, արդյունքում վերջիններս կորցնում են իրենց ֆունկցիաները կատարելու ունակությունը:

Սարկոման կարող է առաջանալ ամենուրեք, որտեղ կա շարակցական հյուսվածք: Դա փափուկ հյուսվածքներն են, ոսկրերը, ներքին օրգանները, նյարդային համակարգը, անոթների պատերը: Սարկոմայի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն տարածվում է արյունատար համակարգի միջոցով, մինչդեռ քաղցկեղը հիմնականում մետաստազներ է տալիս ավշային համակարգի միջոցով:


Ինչո՞վ է վտանգավոր սարկոման


Սարկոման վտանգավոր է նրանով, որ սկզբնական փուլերում ընթանում է գրեթե անախտանիշ: Ցավային ախտանիշներն առաջանում են ավելի ուշ շրջաններում, երբ արդյունավետ բուժման հավանականությունը նվազագույն է: Սարկոմաներն առանձնանում են արագ աճով, այդ պատճառով բուժումը հաճախ ուղղված է հիվանդի կյանքը երկարացնելուն և տառապանքը նվազեցնելուն: Սակայն, հարկ է նշել, որ սարկոմայի որոշ տեսակներ (ոսկրային, հարոսկրային) բնորոշվում են շատ դանդաղ աճով, և մի քանի տարիների ընթացքում կարող են չդրսևորվել:


Հաճախ սարկոմաները տարածվում են դեպի թոքեր, հազվադեպ կարող են մետաստազներ տալ տեղաշրջանային ավշային հանգույցներում:

Ինչպե՞ս  ճանաչել  սարկոման


Սարկոմայի տեսակով և տեղակայմամբ պայմանավորված՝ հիվանդին կարող են անհանգստացնել ներքոնշյալ ախտանիշները.

    Օստեոսարկոմայի ժամանակ ախտահարման շրջանում առաջանում են ցավեր: Որպես կանոն, ցավերն ուժեղանում են գիշերը և սովորական ցավազրկողներից չեն անցնում: Օստեոսարկոմայի ժամանակ նաև նկատվում է այտուցվածություն, մաշկային ծածկույթների գերարյունություն, թուլություն և ախտաբանական կոտրվածքներ: Ուղեղի սարկոմայի ժամանակ հիվանդին անհանգստացնում են գլխացավերը և գլխապտույտները, հոգեկան խանգարումները, էպիլեպտիկ ցնցումները, տեսողության խանգարումները և փսխումը: Թոքերի սարկոման բնութագրվում է կլման դժվարացմամբ, հևոցով, պլևրիտով, դյուրհոգնելիությամբ և անբուժելի թոքաբորբով: Արգանդի սարկոմայի ժամանակ որովայնի շրջանում առաջանում են ցավեր, ճնշման զգացողություն, հեշտոցից արյունային արտադրություն, որոնք կապված չեն դաշտանային ցիկլի հետ:


Վերոնշյալ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են և հաճախ նկատվում են այլ հիվանդությունների ժամանակ: Այնուամենայնիվ, պետք չէ դրանց անուշադրության մատնել, և, որքան հնարավոր է պետք է արագ դիմել բժշկի:


Սարկոմայի բուժումը

Սարկոմայի բուժումը պայմանավորված է նրա տեղակայմամբ, տեսակով և հիվանդության փուլով: Բուժման հիմնական եղանակը վիրահատությունն է: Բուժման լրացուցիչ եղանակներն են ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան: Ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի արդյունավետությունը ցածր է: Մետաստազների հայտնաբերման դեպքում ապաքինման հավանականությունը նվազագույն է:


Հիվանդության բարենպաստ կանխատեսման գործոններն են. 20 և ավելի օրերի ընթացքում ուռուցքի չափսերի կրկնապատկումը, մեկ և ավելի տարիների ընթացքում կրկնության բացակայությունը, չորսից քիչ հանգույցների առկայությունը:

Ամենամեծ խնդիրներից մեկը հիվանդության կրկնությունն է: Ստորին վերջույթների ուռուցքի դեպքում կրկնության հավանականությունը 25% է, իսկ հետորովայնամզային տարածության ուռուցքների դեպքում՝ մոտավորապես 75%:


Սարկոմայի արդյունավետ բուժման հավանականությունը մեծանում է հիվանդության վաղ փուլում դիմելու դեպքում:


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×