ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Սակայն ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում և բուռն զարգացում ապրել: Հայաստանում որպես մասնագիտացված  կենտրոն` արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

Ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա զարգացումներին տեղեկանալու նպատակով այցելեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոն և զրուցեցինք կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի և կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Մինասյանցի հետ:


Ինչպես ներկայացրեց պարոն Տանանյանը, տարեկան 30 — 35 հազար քաղաքացի է դիմում Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտ 11 հազար մարդ, կատարվում է 3500 – 4000 վիրահատություն, 4500 – 5000 քիմիաթերապիա, 1200 – 1500 ճառագայթային բուժում. «Մեզ մոտ տարեկան 20-25 հազար ռենտգեն հետազոտություն է կատարվում, միայն 60 — 80 թոքերի և այլ օրգանների ռենտգեն` օրական», — ասաց տնօրենը:


Ինչ վերաբերում է նրան, թե քաղցկեղի որ տեսակն է գերակշտում, կենտրոնի փոխտնօրեն Մինասյանցը տեղեկացրեց, որ ինչպես արդեն երկար տարիներ, այժմ էլ առաջին տեղում և հիվանդության, և մահացության ցուցանիշով, թոքերի քաղցկեղն է: Պարոն Մինասյանցը դա պայմանավորում է հիվանդների` հիմնականում հիվանդության ոչ վաղ փուլում դիմելով. «Բացի դրանից, որ շատ բարդ է թոքի քաղցկեղը բուժելը, այն նաև շատ ագրեսիվ ուռուցք է: Ցավոք, դիմողները հիմնականում առաջին փուլում չեն դիմում» — ասում է նա:


Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ, ինչի մասնագետն է պարոն Մինասյանցը, բժիշկը հավաստիացրեց, որ թեպետ հիվանդացության առումով այն 2-րդ կամ 3-րդ տեղում է, սակայն կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է` իջնելով 5-րդ կամ 6-րդ տեղ: Դա արդյունք է բուժման եղանակների ավելացման և վիրահատությունների որակի բարձրացման. «Սակայն վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոչ մասնագիտական կենտրոնների գործունեության արդյունքում մահացության ցուցանիշը որոշ չափով բարձրացել է», — ասաց պարոն Մինասյանցը, — «Եթե մենք խոսում ենք չարորակ ուռուցքը բուժելու մասին, ապա դա միայն վիրահատությունը չէ. պետք է ապահովել որակյալ հետազոտություն, վիրաբուժական միջամտություն, թիրախային թերապիա, ճառագայթային բուժում, որից հետո` նաև հիվանդի հսկողություն»:

Ինչպես նշում է ուռուցքաբանը, յուրաքանչյուր հիվանդին համալիր հետազոտություն է կատարվում, ու նրա խնդրին տեղյակ են լինում և ֆիզիոթերապևտը, և ճառագայթային բուժում իրականացնող մասնագետը, և այլ ուղղվածության բժիշկներ: Սակայն որպես օրինակ, պարոն Մինասյանցը ներկայացնում է, որ ճառագայթային բուժման ժամանակակից սարքավորում միայն իրենց կենտրոնում կա: Արդյունքում տարբեր բժշկական կենտրոններում իրականացված բուժումը, հնարավոր է չտա այն արդյունքը, ինչը` մեկ բուժհաստատությունում: Բացի այդ, գործում են ուղեցույցներ յուրաքանչյուր չարորակ ուռուցքի բուժման համար. «Ուղեցույցներով չշարժվելը տանում է բուժման որակի վատացման: Սակայն այսօր կան բուժհաստատություններ, որտեղ այդ ուղեցույցներին այդքան էլ ուշադրություն չի դարձվում» — նշում է պարոն Մինասյանցը:


Այն նկատառմանը, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բժշկական այդ ոլորտում մասնագիտացված կլինիկա է, սակայն հաճախ քաղցկեղով հիվանդների հարազատները հիվանդին չեն բերում այստեղ` դրանով հիվանդից թաքցնելով հիվանդության պատճառը, և ի վերջո, պե՞տք է ասել հիվանդին իր ախտորոշումը, թե` ոչ, պարոն Մինասյանցը բավական լուրջ խնդիր համարեց այն առումով, որ իրենք շարժվում են հիմնականում խորհրդային դպրոցով, երբ հիվանդին ախտորոշումը չէին ասում: Սակայն մասնավորեց. «Հիմա մի քիչ մոտեցումները փոխել ենք և հարցնում ենք հիվանդի հարազատին` նա ցանկանո՞ւմ է, որ հիվանդն իմանա իր ախտորոշման մասին, թե ոչ: Եթե հարազատը համաձայնվում է, ապա հիվանդը տեղեկացվում է: Մենք ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, ովքեր երբ տեղեկացվել են ախտորոշման մասին, այլևս չեն ցանկացել բուժվել: Մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանելը, թե որն է ճիշտ: Օրինակ Եվրոպայում և Ամերիկայում ընդունված է սկզբունք, ըստ որի նրանք պարտավոր են հիվցանդին ասել ախտորոշումը, թե ինչքան է նրան մնացել ապրելու և որքան է բուժման հավանականությունը, որ մարդը կարողանա պլանավորել իր կյանքը … Հայաստանում կան կենտրոններ, որոնք տեղեկացնում են հիվանդին, մենք տեղեկացնում ենք նրա հարազատին: Եվ հիմնականում 10-ից 1-2-ն են համաձայնվում հիվանդին տեղեկացնել»:


Ինչպես ցավով նշում է պարոն Մինասյանցը, օնկոլոգիան ամենաթանկ ոլորտն է բժշկության մեջ, որը պայմանավորված է հիմնականում դեղամիջոցներով: Տարեց տարի նոր դեղամիջոցներ են ի հայտ գալիս` նշանակետային քիմիոթերապիայով բուժման համար, և օրինակ, կան թիրախային դեղեր, որոնց մեկ սրսկման գինը սկսվում է միլիոններից, և պարզ չէ, թե հիվանդն ինչքան պետք է ստանա այդ դեղը, գուցե անհրաժեշտ լինի յուրաքանչյուր 21 օրը մեկ անգամ` մեկ տարվա ընթացքում. «Ցավոք, մեզ մոտ պետպատվերը չի նախատեսում թանկարժեք դեղամիջոցների համար գումար, և այն մնում է հիվանդի ուսերին: Լինում են դեպքեր, երբ հիվանդի հարազատն անկեղծանում է, որ կարող է տունն էլ վաճառել, բայց անգամ դա չի բավականացնի, և որոշում է կայացվում հիվանդին չասել ախտորոշման մասին:
Փոխտնօրենը համաձայն է նաև, որ հաստատության անունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոն, հաճախ ազդում է, և մարդկանց մոտ այն մտայնությունը կա, որ ով եկավ այստեղ, ապա նա պետք է չարորակ ուռուցք ունենա: Դա հոգեբանություն է, որը պետք է փոխել:


ԱՊՀ երկրների շրջանակում գործող ուռուցքաբանական ազգային կենտրոնները մշտապես տարեկան համաժողով են անցկացնում, որտեղ ներկայացվում են նաև յուրաքանչյուր երկրում ոլորտի վիճակագրական տվյալները: Պարոն Մինասյանցը հավաստում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդության բուժման ցուցանիշները համահունչ են ԱՊՀ երկրների առաջատար կենտրոնների ցուցանիշներին: Սակայն հավելում է. «Այլ բան է, որ մեզ մոտ, ցավոք, դիմելիության ցուցանիշներն են խնդիր. Մեզ դիմում են, երբ հիվանդությունն արդեն 3-րդ, 4-րդ փուլում է, երբ բուժման հավանականությունն այդքան բարձր չէ: Չարորակ ուռուցքը որքան վաղ փուլում հայտնաբերվի, այդքան բարձր է բուժման հավանականությունը: Եվ խոսքը գնում է ոչ թե կյանքը երկարացնելու, ժամանակ շահելու, այլ լիարժեք բուժման մասին», — շեշտում է պարոն Մինասյանցը:


Կենտրոնում բուժվում են ոչ միայն չարորակ հիվանդությունները: Պարոն Մինասյանցի խոսքերով` վիրահատությունների 20 — 30 տոկոսը բարորակ ուռուցքներն են. «Կան խոսակցություններ, որ որևէ միջամտությունը բերում է ուռուցքի զարգացման արագացման: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ նման հասկացողություն չկա, և վիրահատությունը ոչ մի վտանգավոր ազդեցություն չունի:
Խոսելով ուռուցքների առաջացման պատճառների մասին, պարոն Մինասյանցը նշում է, որ սովորաբար ուռուցքների 70 տոկոսի պատճառները պարզ են. 35 տոկոսն առաջանում է ծխելու, 35 տոկոսը` սննդի պատճառով. «Կարող եմ կոչ անել` վարել առողջ ապրելակերպ, չծխել, ճիշտ սնվել: Բայց կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես 35 – 40 տարեկանից հետո, հետազոտվի և ավելի հաճախ դիմի սքրինինգային հետազոտությունների` եթե անգամ գանգատ չունի, որովհետև ինչքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի բարձր է բուժման հավանականությունը»:


Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատում են փորձառու և հանրապետությունում ու դրանից դուրս հեղինակություն վայելող բժիշկներ, և մեր բանախոսները փաստում են, որ շատ հիվանդներ իրենց են դիմում հենց որակյալ մասնագետի համար: Կենտրոնը պարբերաբար համալրվում է նաև նոր, ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել հիվանդների բուժումն ու սպասարկումը: Ասվածի ապացույցն է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության հետ համագործակցությունը, որի հովանավորությամբ հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել նորագույն շարժական ռենտգեն սարք, անեսթեզիայի ապարատ, տարբեր բժշկական մոնիտորներ, նորագույն էնդոսկոպներ:


Եվ վերջերս ստացել են նոր` Toshiba ֆիրմայի հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրեն պարոն Տանանյանը, սարքի առավելությունը նրանում է, որ քիչ են ճառագայթվում և հիվանդները, և բժիշկը: Սարքավորումը նաև որակի առումով ունի առավելություններ. շատ ավելի բարձր է տեսանելիությունը, որը թույլ է տալիս անգամ փոքր չափի մետաստազները, որոնք որ կարող են լինել տարբեր օրգանների վրա, հայտնաբերել. «Հուսանք, որ բարեգործությունը կլինի շարունակական»,- հավելում է պարոն Տանանյանը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի նաև խնդիրներ. շենքային պայմանները լավը չեն, և վերջին 35 տարիներին կենտրոնում հիմնանորոգում չի կատարվել: Թեպետ վերջին 6 ամիսների ընթացքում վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, սակայն կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հուսով է, որ այս տարվանից սկսած իրենց տնտեսած միջոցներով և ՀՀ առողջապահության նախարարության օգնությամբ աստիճանաբար կսկսենք վերանորոգումներ կատարել:


Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×